Միաժամանակ, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի կանխատեսմամբ, 2009-ին տնտեսական աճ չենք ունենա
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել էր Հայաստանին վերաբերող 5 վարկային ծրագրեր: Դրանք ենՙ 50 մլն դոլար արժողությամբ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորման համար, 25 մլն դոլարՙ գյուղական ճանապարհների կառուցման համար, լրացուցիչ 8 մլն դոլարՙ սոցիալական ներդրումների եւ լրացուցիչ 2 մլն դոլարՙ գյուղական զարգացման ծրագրերին: Ընդհանուր առմամբ, այս գումարը կազմել է 85 մլն դոլար: Եվ վերջինը` 5-րդը, դրամաշնորհային ծրագիր է 1,5 մլն դոլար արժողությամբ, որն ուղղվելու է երկրաջերմային էներգիայի ուսումնասիրմանըՙ Գեղարքունիքի մարզի Գրիձոր եւ Սյունիքի մարզի Կառկառ վայրերում:
Ներկայացնելով հաստատված ծրագրերը, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ գյուղական ճանապարհների, գյուղական զարգացման եւ սոցներդրումների ծրագրերն ուղղված են ենթակառուցվածքների ստեղծմանը, աշխատատեղերի ավելացմանը, որը նաեւ կբարելավի գյուղատնտեսության արտադրողականությունը եւ բնակիչների կենսամակարդակը:
Գյուղական ճանապարհների նորոգման ծրագրով մինչեւ տարեվերջ Հայաստանի 9 մարզերում կնորոգվեն 100 կմ երկարության ճանապարհներ, որի շնորհիվ կստեղծվեն 800 աշխատատեղեր: Սոցիալական ներդրումների ծրագրով աջակցություն կստանան 55 ամենաաղքատ համայնքները, որտեղ կնորոգվեն դպրոցներ, համայնքային կենտրոններ, կանցկացվեն խմելու ջրագծեր: Գյուղական զարգացման ծրագրով ավարտին կհասցվեն 35 համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերը եւ դրանցում կընդգրկվեն եւս 5-7 համայնք:
Ինչ վերաբերում է ՓՄՁ ֆինանսավորման ծրագրին, ապա այն առաջին վարկն է, որ տրամադրում է ՀԲ կառույց Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը: Այս ծրագրով վարկերը կտրամադրվեն Հայաստանի Կենտրոնական բանկին, որն էլ` բանկերին: Վերջիններս վարկեր կտրամադրեն տնտեսվարողներին: ԿԲ-ի կողմից բանկերին տրամադրվող գումարը կկազմի մոտ 8 տոկոսի սահմաններում, իսկ բանկերը վարկերը պետք է տրամադրեն 500 մլն դրամ տարեկան շրջանառությունից ցածր շեմ ունեցող կազմակերպություններին, մեկ վարկի առավելագույն չափը չպետք է գերազանցի 150 հազար դոլարը: Վարկերը կտրամադրվեն դրամով եւ արտարժույթով, եթե տվյալ կազմակերպությունն ունի արտարժութային եկամուտներ: Ըստ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի, այս վարկի տրամադրումը 2 նպատակ ունիՙ հաշվի առնելով տնտեսական աճի դանդաղումն ու մասնավոր փոխանցումների նվազումը, ապահովել ՓՄՁ-ների ֆինանսավորումը եւ պահպանել ՓՄՁ-ների ֆինանսավորման մատչելիությունը:
ՀԲ ներկայացուցիչը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քայլերին եւ բարեփոխումների քաղաքականությանը: Ըստ Արիստոմենե Վարուդակիսի, ՀԲ-ն կարեւորում է Հայաստանում բարեփոխումների շարունակությունը անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Նա այն կարծիքին է, որ հարկային եկամուտները հավաքելիս հարկ է ընդլայնել հարկման բազան, որպեսզի բեռը չընկնի փոքր եւ միջին բիզնեսի վրա: Դրա համար անհրաժեշտ է ներդնել հարկահավաքման նոր ձեւերՙ ռիսկերի հիման վրա ստուգումների անցկացում, ինքնահայտարարագրում, շփումների նվազեցում պետական պաշտոնյայի եւ գործարարի միջեւ: Այս առնչությամբ «Ազգի» հարցին, թե որքանո՞վ է արդարացված մոտեցումը, որ փոքր ու միջին բիզնեսը եւ մասնավորապես մանրածախ առեւտուրը ստվերից դուրս բերելու քայլերը դիտարկվում են որպես նրանց զարգացման դեմ ուղղված քայլեր, Արիստոմենե Վարուդակիսն այս անգամ էլ պատասխանեց, որ պետք է մոբիլիզացնել ջանքերը Հայաստանում ստվերը հարկման դաշտ բերելու ուղղությամբ եւ որ այդ ստվերի մի մասն էլ գտնվում է փոքր եւ միջին բիզնեսում: Խնդիրն, ըստ նրա, այն է, որ եկամուտները հավաքվեն ավելի լավ միջոցներով:
Խոսելով Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականության մասին, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն այն կարծիքը հայտնեց, որ այդ քաղաքականությունը բավականին ճիշտ է, որը կօգնի մեղմել ճգնաժամի ազդեցությունները: Այս առումով նա մատնանշեց կառավարության կողմից ՓՄՁ-ների համար ֆինանսավորման մատչելիության ապահովումը, ենթակառուցվածքների կառուցման ծրագրերի իրականացումը եւ այդ միջոցով աշխատատեղերի ստեղծումը: Միաժամանակ, ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման առնչությամբ, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է տեղական արտադրությանը խրախուսելու նպատակով, ՀԲ-ն խորհուրդ է տալիս բոլոր երկրներին զերծ մնալ նման հովանավորչական քայլերից: Դա, ըստ Արիստոմենե Վարուդակիսի, նաեւ ներմուծվող ապրանքների գնաճ կառաջացնի եւ բացասաբար կանդրադառնա աղքատ բնակիչների վրա:
Ճգնաժամով պայմանավորված` Հայաստանի առջեւ այժմ 2 հիմնական խնդիր է ծառացելՙ տնտեսական աճի նվազում եւ արտաքին առեւտրի պակասուրդի ավելացում: Դրանցից առաջինը հաղթահարելու համար պետք է ավելացնել բյուջետային ծախսերը ենթակառուցվածքների ֆինանսավորման վրա, իսկ երկրորդի համար կիրառել փոխարժեքի քաղաքականությունը: Արիստոմենե Վարուդակիսի հավաստիացմամբ, Հայաստանի կառավարությունը վարում է փոխարժեքի առավել ճկուն քաղաքականություն, որը մաս է ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականության:
«Ինչպիսի՞ն կլինի տնտեսական աճի ցուցանիշը Հայաստանի համար 2009-ին» հարցին պատասխանելով, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ հաշվի առնելով համաշխարհային եւ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսության բացասական վիճակը, լավագույն դեպքում այս տարի Հայաստանը կպահպանի նախորդ տարվա ցուցանիշը: Սակայն 2010-ին իրականացվող միջոցառումների եւ համաշխարհային տնտեսության զարգացման շնորհիվ իրավիճակը կփոխվի: