«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՏՈՒԺԵԼՈՒ ԵՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԸ

Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումները ֆինանսատնտեսական ծանրագույն ճգնաժամի պայմաններում կարող են ունենալ սոցիալական լուրջ հետեւանքներ: Թանկացումներն անխուսափելիորեն կհանգեցնեն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների` սննդամթերքի թանկացումներին: ՀՀ-ում ավելի քան 1 միլիոն մարդ խոցելի վիճակում է եւ այդ թանկացումներից կտուժեն հատկապես բնակչության անապահով խավերը: Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նման մտահոգություն հայտնեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Վերջինիս այն հարցին, թե այդ պայմաններում կոնկրետ ՀՀ կառավարությունը ի՞նչ գործնական եւ հասցեագրված քայլեր է իրականացնում` մասնավորապես բնակչության անապահով խավերին առաջիկա ցնցումներից զերծ պահելու համար, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը փորձեց այսպես ձեւակերպել իր պատասխանը. կառավարությունը համապատասխան կանխատեսումներ արել է, որոնք արտացոլված են 2009-ի բյուջեում: Բարձրացումներ են տեղի ունեցել 2009-ի հունվարի մեկից` կենսաթոշակների, նպաստների, դրամական օգնությունների եւ վճարների գծով, հաշվի է առնվել մասնավորապես գազի սակագների հետ կապված հնարավոր բարձրացումը: Նախարարի բերած տվյալներով, սպառողի համար գազի սակագների բարձրացումը կբերի լրացուցիչ շուրջ 100-150 դրամ ավելի ծախս, որն ըստ նախարարի, այդքան էլ մեծ գումար չէ:

Ա. Համբարձումյանի մատուցմամբ` Հայաստանում 200 հազար նպաստառու ընտանիք կա, եւ մոտ 6-7 հազար ընտանիք միանվագ օգնություն է ստանում:

Դալլաքյանը «Մաքսային օրենսգրքում» փոփոխություններին անդրադառնալիս տեղեկացրեց, որ նախատեսում է պետական բյուջե բերել լրացուցիչ 12 միլիարդ դրամ:

«Դուք այդքան գումար առայժմ չունեք, եւ դա է հանգեցնելու լրացուցիչ թանկացումների: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 2009 լինելու է օլիգարխներին հարկային դաշտ բերելու տարի: Բերեք օլիգարխներին հարկային դաշտ եւ համապատասխան խնդիրները լուծեք: Այս հարցում որեւէ քայլ, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ես ունեմ մտահոգություն, որ սոցիալական լարվածությունը կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների», ընդգծեց Դալլաքյանը:

Պատգամավոր Արտյուշ Շահբազյանի հարցն էլ վերաբերում էր շրջանառվող լուրերին, որ գազը ներմուծվում է մեկ գնով, սակայն սպառողին է հասնում զգալիորեն բարձր գնով: «Արդարացվա՞ծ է արդյոք այս չափով բարձրացումը», պատգամավորի հարցին էլ պատասխանեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը :

«Գազի թանկացումը բավականին մեծ ազդեցություն կունենա սակագների վրա: Ապրիլի մեկից գազը Հայաստան կմտնի 154 դոլարով: Այդ հաշվարկները, որոնց մասին նշվեց, բավականին պարզ տեսք ունեն: Հաշվարկները դրվելու են ինտերնետային կայքում եւ ամեն ինչ բաց է լինելու», հայտնեց նախարարը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4