«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԱՂԱՍԻ ԻՆԱՆՑԻՆ

Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին C եւ B խմբերում հանդես եկող շախմատիստները: C խմբում հիանալի հանդես եկավ Աղասի Ինանցը` 7 միավորով ճանաչվելով մրցաշարի հաղթող: Ավարտական տուրում նա ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վադիմ Կոզլովի հետ, որը եւս վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր իրենց օգտին գրանցեցին նաեւ Առնոլդ Մինասյանն ու Գլեբ Ապրիշկոն: Մինասյանը սեւերով հաղթեց Սարգիս Սարգսյանին, Ապրիշկոն պարտության մատնեց Սարգիս Մանուկյանին: Մրցաշարի հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցներով, որի շնորհիվ առաջին տեղը գրավեց Աղասի Ինանցը: 2192 վարկանիշ ունեցող հայ շախմատիստը մրցաշարն անցկացրեց առանց պարտության` տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Աղասի Ինանցը կպարգեւատրվի 3375 եվրոյով: 4-րդ տեղը զբաղեցրած Առնոլդ Մինասյանը կստանա 2700 եվրո:

Սարգիս Սարգսյանն ու Սարգիս Մանուկյանը վաստակեցին 6-ական միավոր եւ զբաղեցրին համապատասխանաբար 7-րդ եւ 9-րդ տեղերը: Մարկ Բասենչյանն ու Հայկ Խաչատրյանը 4-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 53-րդ եւ 54-րդ տեղերը:

B մրցաշարում լավագույն արդյունքը ցույց տվեցին Հայկ Վարդանյանը (6-րդ տեղ) եւ Յուրի Համբարձումյանը (14-րդ տեղ), որոնք վաստակեցին 6-ական միավոր: Ավարտական տուրում երկուսն էլ հաղթեցին: 5-ական միավոր վաստակեցին Վահե Բաղդասարյանը (21-րդ տեղ), Վարդան Խոջայանը (25-րդ), Ռոբերտ Աղասարյանը (26-րդ) եւ Վարդան Մելքոնյանը (31-րդ): 4,5-ական միավոր գրանցվեց Տիգրան Սիմոնյանի (41-րդ) եւ Սուրեն Պողոսյանի (44-րդ) օգտին: Նրանցից կես միավոր պակաս վաստակեցին Դմիտրի Հարությունյանը (50-րդ) եւ Դավիթ Գեւորգյանը (53-րդ): Հայ շախմատիստներից ամենացածր ցուցանիշը Վարդան Գրիգորյանինն էր, որը 3,5 միավորով գրավեց 62-րդ տեղը:

A1 մրցաշարում 8-րդ տուրում կենտրոնականն Արման Փաշիկյանի մրցավեճն էր աղյուսակը գլխավորող Իգոր Կուռնոսովի հետ: Հայաստանի չեմպիոնը սպիտակներով հաղթեց եւ 6 միավորով դարձավ միանձնյա առաջատար: 5,5-ական միավորով 8 շախմատիստներ հետապնդում են Փաշիկյանին: 5 միավոր ունի Գաբրիել Սարգսյանը, որը ոչ-ոքի խաղաց Իլդար Խայրուլինի հետ: 4,5 միավոր վաստակեց Զավեն Անդրեասյանը` հաղթելով Լի Չաոյին: Անհաջողության մատնվեց Արտաշես Մինասյանը` զիջելով Ալեքսեյ Ալեքսանդրովին: Արտաշեսը վաստակել է 4 միավոր: 3,5-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, 3-ական` Ռաֆայել Վահանյանն ու Ավետիք Գրիգորյանը:

A2 մրցաշարում հաղթելու հիանալի հնարավորություն ունի ԱՄՆ-ում բնակվող Մելիքսեթ Խաչիյանը, որն ավարտական տուրից առաջ 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը: 8-րդ տուրում նա սեւերով պարտության մատնեց առաջատարներից մեկին` Միխայիլ Կռիլովին: Առաջատարին կես միավոր են զիջում Դավիթ Պետրոսյանը, Ալեքսանդր Դանինը, Ալեքսանդր Ռահմանովն ու Ռոման Օվեչկինը: Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի Մարկոս Լիանեզայի հետ: 5 միավոր է վաստակել Արա Մինասյանը, 4,5 միավոր ունի Լեւոն Բաբուջյանը, 4` Դավիթ Քալաշյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4