«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ՊԱՎԼԻԿՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ ՄՐՑԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՅԺՄ ՉՈՒՆԻ

Միջին քաշային կարգում WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն Կելի Պավլիկը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսներըՙ ԱՄՆ-ում կայացած մենամարտում հաղթելով մեքսիկացի Մարկո Անտոնիո Ռուբիոյին: Ողջ մենամարտի ընթացքում Պավլիկն առավելություն ուներ, ուստի 9-րդ ռաունդից հետո մրցակցի մարտավկաները ստիպված էին դադարեցնել մենամարտը:

Կելի Պավլիկի մենեջեր Բոբ Արումը հայտարարել է, որ բռնցքամարտիկը հաջորդ անգամ ռինգ դուրս կգա մայիսին կամ հունիսին: Նախատեսվում է, որ նրա մրցակիցը կլինի իռլանդացի Ջոն Դադին: Սակայն չի բացառվում, որ վերջինիս հետ մենամարտը տեղափոխվի սեպտեմբեր, իսկ մայիսին Պավլիկը մրցի մեկ այլ բռնցքամարտիկի հետ: Թեկնածուների թվում են առաջին միջին քաշում աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորուն, առաջին միջին քաշային կարգի WBC-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Վեռնոն Ֆորեստը, երկրորդ միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Էնտոնի Մանդայնը: Ճիշտ է, առաջիկա մենամարտերում Պավլիկի հավանական թեկնածուների թվում նշվում են նաեւ Արթուր Աբրահամի եւ Ֆելիքս Շտուրմի անունները, սակայն Կելին ամեն մի պատրվակով խուսափում է նրանց հետ հանդիպելուց: Վերջերս էլ Բոբ Արումը հայտարարել էր, որ ֆինանսական տեսակետից ձեռնտու չէ Արթուր Աբրահամի հետ մենամարտելը, քանի որ ԱՄՆ-ում նրան դեռեւս լավ չեն ճանաչում:

Արթուր Աբրահամը բազմիցս նշել է, որ ցանկանում է միավորել տիտղոսները եւ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն: Դրա համար նա ցանկություն ունի մենամարտելու Կելի Պավլիկի հետ: Բայց ինչպես տեսնում ենք, այս անգամ էլ Պավլիկի ծրագրերի մեջ չի մտնում Արթուրի հետ մրցավեճի բռնվելը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4