«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ՊԱՇՏՊԱՆԵ՞Լ, Ո՞ՒՄԻՑ...

Արդեն մեկ շաբաթ է, որ ՀՀՇ-ական թերթերում տպագրվում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարությունը մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասինՙ միահամուռ մասնակցության կոչով: Անշուշտ, յուրաքանչյուր կազմակերպության, առավել եւս ընդդիմության, հանրահավաք կազմակերպելու իրավունքն անառարկելի է, նույնիսկ եթե, ինչպես տվյալ պարագայում, հանրահավաքի նպատակները դուրս են բերվում մարտիմեկյան ողբերգության տարելիցի սահմաններից: ՀԱԿ-ն ընդդիմություն է, հետեւաբար գործում է ընդդիմության կանոններով, տրամաբանությամբ: Եվ այստեղ օրիգինալ ոչ մի բան չկա: Բայց...

«Մենք ավարտելու ենք այն գործը» ... «մենք հասնելու ենք նրան» ... «մենք հասնելու ենք այն բանին» ... «մենք չենք ընկրկելու այն ապօրինությունների դեմ» ... Նման «մենքերի» շարքում Կոչը ունի նաեւ մի այլ «մենք», որն ապշեցուցիչ է պարզապես. «Մենք պաշտպանելու ենք հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին, ում դեմ վարչախումբը հայտարարել է հարկային ու տնտեսական պատերազմ»: (Չէ՛ հա՛, պիտի ասեի, եթե ծիծաղելի գոռոզամտությունը միահյուսված չլիներ անճարակ ողբերգականությանը): Այ սա՛ արդեն օրիգինալ է, քաղաքակիրթ ողջ աշխարհում անկրկնելի: Ընդդիմությունները, սովորաբար, պայքարում են իշխանության դեմ եւ իշխանության համար: Իսկ մեր երկրում ընդդիմությունը, ա՛յս ընդդիմությունը, պայքարում է ի՛ր պետության դեմ, այսինքնՙ ինքն իր դեմ:

Այո, ճիշտ հասկացաք. Կոչի կոչն ուղղված է ոչ միայն այս օրերին հարկահավաքության մարզում կարգուկանոն հաստատելու կառավարության ջանքերի դեմ, այլեւՙ ընդհանրապես հարկահավաքության դեմ: Դա կոչ է բոլոր հարկատուներին ուղղված, որոնք, ինչպես մեր նման շատ երկրներում, անգամ քաղաքակիրթ երկրներում, պիտի ուզեին ավելի քիչ վճարել կամ ընդհանրապես չվճարել հարկերը: ՀԱԿ-ը փաստորեն փորձում է պաշտպանության տակ վերցնել նրանց եւ հարկ վճարելը ցույց տալ իբրեւ լոյալ վերաբերմունք ներկա իշխանության նկատմամբ, «ով հարկ է վճարումՙ տականք է» չսկզբունքով: Մինչդեռ...

Անշուշտ կարելի է, անհրաժեշտ է անգամ, պայքարել ու պահանջել հարկային որոշ օրենքների բարեփոխումը կամ մեղմացումը, մանավանդ տնտեսական ճգնաժամի մեր օրերում: Սակայն ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու, ներքեւից վերեւ ճնշմամբ չինովնիկական եւ այլ տիպի օլիգարխիայի թուլացմանը ձգտող քայլերը խոչընդոտելը հանցագործություն է սեփական պետության դեմ: Նույնիսկՙ ի սկզբանե հայտարարված սեփական սկզբունքների դեմ: Անշուշտ, եթե այդ սկզբունքները վաղուց արդեն չեն ստորադասվել պետությունը «կազմաքանդելու» մոլուցքին:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4