«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ ԱԺ-ում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը բիզնես միջավայրի բարելավումն է: Մասնավորապես առաջարկվում է վերացնել կազմակերպությունների` կնիք ունենալու պարտադիր պահանջը եւ դրա համար պահանջվող պետական տուրքը: Կնիք ունենալը նախատեսվում է թողնել կազմակերպության հայեցողությանը:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը:

Ներսես Երիցյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` առաջին ընթերցման ընթացակարգով: Օրինագծով առաջարկվում է նվազեցնել հանգստի նպատակով Հայաստան այցելող զբոսաշրջիկների կողմից վճարվող պետական տուրքը: Նախատեսվում է նվազեցնել նաեւ 3 եւ դրանից ցածր աստղ ունեցող հյուրանոցների պետական տուրքը: Ըստ Ներսես Երիցյանի, այս փոփոխությունները կխթանեն զբոսաշրջության զարգացումը Հայաստանում եւ կնպաստեն դրա 3-5 տոկոս ավելացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը : Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց նաեւ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը : Նշվեց, որ խորհրդարանի քննարկմանն են ներկայացվել Շիրակի եւ Կոտայքի մարզերի վերաբերյալ վարչատարածքային նոր բաժանման տարբերակները:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյայում:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4