«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ՄԻ «ԿՈՇՏ» ՍԵՐԻԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Որբերը» հեռուստասերիալը գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը: Անգամ հեռուստասերիալի նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեցող մարդիկ սկսեցին դիտել, բացատրելով, որ գրավիչը թեման է: Այն օտարների հույսին թողնված երեխաների մասին է, ովքեր մանկատանն են ապրում: Երեխաները նայում են իրենց տարեկիցների հետ սեփական կենսափորձը համեմատելու, մեծերի վարքագծին հետեւելու եւ եզրակացություններ անելու համար: Մեծերն էլ դիտում են ու սպասում հանգուցալուծումների, որ այնքան ուշ-ուշ են մատուցվում գովազդային բլոկների արանքներում: Ու հենց գալիս է գովազդի պահը, հասկանում ես, որ շահն է գլխավորը անգամ այդքան ակտուալ թեմային անդրադառնալիս: Կարծես գովազդներն ընդմիջվելիս լինեն ֆիլմով, եւ ոչ թե հակառակը:

«Սա նման է այն բանի, որ երեխաների (նրանց այնքան կոպիտ ձեւով կոչել են «որբեր») հոգսերի մասին խոսելիս բանախոսն ընթացքում փորձի կարգավորել իր ֆինանսական խնդիրները, ապա նորից վերադառնա բուն թեմային: Ասելիքը լրջորեն չի ընդունվում, ասում է մի հեռուստադիտող, չէ՞ որ ծնողազուրկ երեխաների ճակատագրի թեմայից շոու չէ, որ պիտի սարքեին, այլ բավականին աշխույժ սյուժեով զարգացող ֆիլմ, որի որակը շատ ավելի բարձր պիտի լիներ տխրահռչակ «Սանտա Բարբարայից»: Մատուցման որակը թեմային հարիր չէ, ափսոս», եզրահանգում է տիկինը: Մեկ ուրիշ հեռուստադիտող դժգոհում է ֆիլմի ձայնագրական որակից, դերասանների (մեծահասակների) հաճախ անմշակ, անբնական խաղից: «Ինձ նկարահանման տաղավարում փորձի ականատես, այլ ոչ թե պատրաստ ֆիլմի դիտող եմ զգում, դրա համար էլ բարկացած փոխում եմ ալիքը», ասում է նա:

Առավել ուշագրավ է տասներկուամյա մի տղայի գրավոր անդրադարձից հետեւյալ հատվածը. «Ես ամաչում եմ այդ երեխաների վիճակի համար»:

Մեր հարցումը սերիալի հերոսներին տարեկից երեխաների շրջանում ապացուցեց, որ ֆիլմը սթրեսի ալիք է բարձրացրել ինչպես թեմայի ընտրության, այնպես էլ առանձին, ինչպես իրենք արտահայտվեցին, «բաց» տեսարանների պատճառով: Բնականաբար, մեծ սթրես են ապրել հատկապես բռնաբարության, սպանության եւ սեփական մորը կախված գտած երեխայի ողբերգությունը ցուցադրող տեսարանների ականատես փոքրիկները: Տեսնես ի՞նչ էր մտածում ֆիլմի ռեժիսորը պատկերներն այդքան ռեալիստական ոճով ներկայացնելիս: Գուցե նա է՞լ շատ շոումենների նման արգելում է սեփական երեխաներին դիտել իր աշխատանքը: Բնականաբար, սա հարցի լուծում չէ, այլ թող ներվի ասել «ջայլամային պրոֆեսիոնալիզմ»: Դրա վտանգավորության աստիճանը երեւում է հետեւյալ դեպքի մասին իմանալուց հետո: Չորսամյա մի պստիկ հեռուստադիտող մորաքրոջը հյուր գնալով հարցրել է. «Մորքուր, որ մամաս, պապաս մեռնեն, դու ինձ մանկատուն չես տանի, չէ՞»:

Հոգեբան Սիրինա Առաքելյանը ֆիլմի թողած ազդեցությունը մեկնաբանում է մասնագիտական տեսանկյունից. «Ինչպես ամեն երեւույթ, ֆիլմն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Բացասականը բավական սթրեսահարույց, դաժան ու ագրեսիվ երեւույթներն ու տեսարաններն են: Պետք է հիշել, որ ագրեսիան կարող է վերափոխվել ու «շղթայական ռեակցիայի» նման տարածվել: Սակայն ֆիլմը կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ, քանի որ հենց մանկության ու դեռահասության շրջանում է ձեւավորվում այնպիսի կարեւոր ու մարդկային հատկություն, ինչպիսին ապրումակցումն է: Ընդհանրապես, որքան էլ զարմանալի է, նման ֆիլմերը մարդասիրական զգացողություններ են արթնացնում` հանդուրժողականություն, արդարամտություն (ապացուցված է, որ նույնիսկ հանցագործները, ֆիլմեր դիտելիս նույնականանում են դրական հերոսների հետ ու ցանկանում, որ սյուժեում իրադարձությունները նրանց օգտին ծավալվեն)»:

Այնուամենայնիվ, մեզ հանդիպած հեռուստադիտողների մեծ մասը խոսում է բացասական հույզերի ու զգացողությունների մասին, որը ոչ այնքան ցանկալի, որքան ենթադրելի է սերիալի զարգացմանը հետեւող յուրաքանչյուրի համար: Պակաս ուշագրավ չէ սերիալի PR-ն իրականացնող Հ1-ի կեցվածքը, որ բնականաբար ցուցադրվում է ոչ ավել, ոչ պակաս «Հայլուր» լրատվականով: Մեր հեռուստադիտող զրուցակիցների կարծիքով նյարդայնացնող է այն, որ սերիալից սիրելի դարձած փոքրիկ դերասաններին արդեն որերորդ անգամ տանում են մանկատուն եւ այնտեղ տեղի ունեցող ուրախ միջոցառումը, որպես հաջողության «շքանշան» «կախում սերիալի հեղինակների վզից»: Երեխաներն ամեն տեղ էլ սիրելի են, եթե անգամ մանկատներ չայցելեն, բայց արդյո՞ք սա մեղմացնում է կադրում չերեւացողների հոգու ցավը, որ ավելի է խորացրել կոշտ ու կոպիտ տեսարաններով մարդկանց երեկոն պարուրող սերիալը: (Եվ ոչ միայն այս մեկը ...)

«Որբերի» սյուժեն այնքան դանդաղ է զարգանում, որ կարելի էր այն սեղմելով եւ հեռուստատեսային էթիկետի տառը պահպանելով, ազդեցիկ ու ասելիք ունեցող մեկ-երկու սերիանոց ֆիլմ ստանալ, որ հիշողությունների ու կրկնությունների թողած դաղոցից կազատեր միայնակ կամ ընտանիք ունեցող շատ երեխաների: Ի վերջո, մանկատան երեխաների թեման միշտ էլ ակտուալ կլինի, բայց մանկատան հետ երբեւէ գործնական կապ չունեցող հեռուստադիտողն ինչո՞վ է մեղավոր, որ ցավալի պատմությունն իր անողորմությամբ անընդհատ պիտի սղոցի նրան ճիշտ այն պահին, երբ նա հեռուստացույցը միացնելով փորձում է երեկոն խաղաղ տրամադրությամբ անցկացնել:

Ու նորից հնչում է հարցը. դիտե՞լ եղածը, թե ապավինել ավելի հմուտ հեղինակների ստեղծագործություններին, որոնք կյանքի դաժան կողմերն անգամ գեղագիտորեն ներկայացնելու հմտություն ունեն: Միայն թե նրանց պետք է փնտրել տեսադարաններում եւ ոչ երբեք սփռվող հեռուստաեթերներում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4