Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլին: Այս անգամ հավաքականը մրցումներին կմասնակցի մարտական կազմով: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը թիմում ընդգրկել է մեր փորձառու ձյուդոյիստներինՙ Հովհաննես Դավթյանին եւ Արմեն Նազարյանին: Դավթյանը Արթուր Սրապյանի հետ հանդես կգա մինչեւ 60 կգ քաշային կարգում, իսկ Արմեն Նազարյանը կմասնակցի 66 կգ քաշայինների մրցավեճին: Այս քաշային կարգում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչը Համբարձում Տոնոյանն է: Վերջինս Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում շատերի համար անսպասելի հաղթել էր Արմեն Նազարյանին: 73 կգ քաշային կարգում հանդես կգա ՀՀ գավաթակիր Արտյոմ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը կայացել էր Թբիլիսիում, որտեղ հայ ձյուդոյիստներին չէր հաջողվել մրցանակային տեղ գրավել: Կանանց աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը կկայանա Չեխիայում: Մրցաշարին պետք է մասնակցեր Անուշ Հակոբյանը, սակայն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով նա Չեխիա չի մեկնի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ