«Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին` անկախ իր գաղափարներից: Յուրաքանչյուր գաղափար կրող կարող է մի օր հայտնվել փողոցում` խաղաղ բողոք արտահայտելու համար եւ նրա նկատմամբ նույնպես կկիրառվի զենք», երեկ Աժ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը :
«Ժառանգությունը» թե՛ կուսակցության խորհրդի նախագահի, թե՛ խմբակցության ղեկավարի եւ թե՛ պատգամավորների մակարդակով մասնակցելու է այդ հանրահավաքին, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, որ կրկին գտնվում է հանրապետությունից դուրս:
Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին հրավիրված ՀԱԿ-ի հանրահավաքը օրենքի շրջանակներում են համարում նաեւ ԱԺ իշխանամետ բոլոր ուժերը, սակայն մասնակցել չեն պատրաստվում:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում նշել մարտի 1-ի զոհերի հիշատակը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ կմասնակցեն միայն սգո արարողություններին, «իսկ այն մարդիկ, ովքեր հանրահավաքին մասնակցելով ու այնտեղ իրենց տեսակետներն ու մտքերը արտահայտելով են ուզում նշել այդ օրը` թող այդպես վարվեն... Ես չեմ կարծում, որ հանրահավաքին մասնակցելը զոհերի հիշատակը հարգել է նշանակում»:
Նույն հարցին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք այդ օրը նշելու են ինչպես բոլոր հայերը, ապա հավելեց. «Միտինգը համարում եմ շահարկում: Հայկական տոնացույցերում զոհերի հիշատակին միտինգ չեն անում: Անում են առնվազն հուշ-երեկո»:
Հիշեցմանը, թե ադրբեջանցու կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանության հիշատակին միտինգ, այնուամենայնիվ, կազմակերպել են իշխանամետ ուժերը, Գ. Սահակյանն արձագանքեց, որ այդ միտինգով փորձ է արվել ճնշում գործադրել այլ երկրում ընթացող դատավարության վրա:
«Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն նշելու մարտի 1-ի զոհերի հիշատակը» հարցին խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չտվեց, նշելով միայն, որ «ցուցադրական» միջոցառումների չեն մասնակցելու:
Ն. Մ.