ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Սումգայիթյան ջարդերը երկրում հիշում են միայն այս օրերին, այնուհետեւՙ կրկին մոռանում: Ասուլիսից հետո երեւի ասեմ ցտեսություն, մինչեւ հաջորդ տարի այս օրերին, քանի որ արդեն 21 տարի է, ինչ նույնը կրկնվում է», երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը :
Ըստ նրա, այս անտարբերությունը կկրկնվի այնքան ժամանակ, մինչեւ իսկապես չհասկանանք, հարկավո՞ր է այս թեման դարձնել քննարկման առարկա, դրա կարիքը կա արդյոք, թե՞ՙ ո՛չ: Եվ որ շատ կարեւոր է, Ռ. Սահակյանը նշեց, թե պետք է հասկանալՙ թեմայի քննարկման պատվիրատուն իրականում հասարակությու՞նն է, թե՞ իշխանությունները: Ահա այս հարցերի պատասխանները գտնելուց հետո միայն, Ռ. Սահակյանի կարծիքով, հնարավոր կլինի 88 թվականին Սումգայիթյան ցեղասպանության մասին հիշել ոչ միայն փետրվարի 26-28-ին:
Իսկ որ դա ցեղասպանություն է եղել, նա համոզված է: Ասում է, որ փաստերն են ապացուցում: Բացի այդ, 88-ին տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանության կոնվենցիայի նորմերում նշված ձեւակերպումներին:
Նրա խոսքերով, հայկական կողմը այդ հարցում, ի տարբերություն Ադրբեջանի, որը անընդհատ թմբկահարում է Խոջալուի դեպքերի մասին, շատ պասսիվ է: «Մինչդեռ սումգայիթյան ջարդերը իրոք կարելի է ցեղասպանություն անվանել, քանի որ դրանք ուղղակի համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիայի համապատասխան նորմերի ձեւակերպումներին», ասաց Ռ. Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին սումգայիթյան գործը մասնատվել է եւ ուղարկվել ԽՍՀՄ-ի` ներկայիս ՌԴ-ի տարբեր դատական ատյաններ: Ըստ Ռ. Սահակյանի, չկա լիարժեք ինֆորմացիա դատական քննության գործընթացների վերաբերյալ: Նրա գնահատմամբ, այն ժամանակ ամեն ինչ արվեց, որ այդ ցեղասպանությունը կոծկվի եւ որպես մասսայական խուլիգանություն որակվի:
Ասուլիսի մյուս բանախոսը, փախստականների խնդիրներով զբաղվող, «Փախստականների եւ միջազգային իրավունքների քաղաքացիական հասարակության» ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը հավաստեց, որ այս հարցի քննարկման պատվիրատուն հասարակությունն է: Նա, փախստականների ու հասարակության անունից հույս հայտնեց, թե այսպիսով հնարավոր է իշխանությունների գիտությանը հասցնել, որ այսօր արդեն ժամանակն է ղարաբաղյան հակամարտության ամենամեծ զոհերիՙ ադրբեջանահայ փախստականների խնդիրը ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանին դնելու:
«Ես հասարակության անունից դիմում ու պահաջում եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների սեղանին դրվի հայ փախստականների խնդիրը: Այն հատկապես կարեւոր է այսօր, քանի որ վաղը Ղարաբաղում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ բանակցությունների շրջանակում շրջանառվող Մադրիդյան սկզբունքների մեջ ներառված են ադրբեջանցի փախստականների կամ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցը», նշեց Է. Ասատրյանը:
Ըստ նրա, բացարձակ չշահարկելով մարդու իրավունքների տեսանկյունից նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը, կազմակերպությունը հասարակության անունից պահանջում է, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը համարժեք կերպով դրվի բանակցությունների սեղանին:
Ինը հասարակական կազմակերպություններ ներառող քաղաքացիական ցանցը ԼՂՀ-ի իշխանություններին է փոխանցել 1000 դիմում` ազատագրված տարածքները մասնակի փոխհատուցման կարգով ադրբեջանահայ փախստականներին տրամադրելու խնդրանքով: Սակայն, ըստ Է. Ասատրյանի, մինչ օրս ոչ մի պաշտոնական պատասխան չի ստացվել:
«Ցանցը հիմնականում ստեղծվել է այն նպատակով, որ կարողանանք հնչեցնել ու ձեւակերպել այն իրադարձությունների համապատասխան սահմանումը, որն իրականացվել է Ադրբեջանում: Խոսքս էթնիկ զտումների ու ցեղասպանության գործողությունների մասին է: Եվ բնականաբար, նրանք իրենց գործողություններին ի պատասխան պետք է ներկայացնեն պետական, տարածքային ու նաեւ բարոյական փոխհատուցում», ասաց նա:
Այս նպատակով էլ ցանցն արդեն աշխատում է 3.5 տարի, իսկ այսօր այն աշխարհի տարբեր ծայրերիցՙ ներառյալ Ավստրալիայից ու Ամերիկայից, որտեղ կան մեծ թվով ադրբեջանահայ փախստականներ, 3 տասնյակ հազարից ավելի դիմումներ է ստացել, որոնք ուղղված են Ղարաբաղի իշխանություններին: Դիմումներում փախստականներն իշխանություններից խնդրում են մասնակի փոխհատուցման կարգով իրենց տրամադրել ազատագրված տարածքները որպես կորսված հայրենիքի փոխհատուցում:
Իսկ ցանցի համակարգողը հավաստեց, որ միջազգային իրավունքով մարդիկ իրավունք ունեն բնակեցվելու իրենց նախկին հայրենիքի այն տարածքներում, որտեղից նրանց բռնի կերպով էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելով դուրս են բերել: