«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴԵՌԵՎՍ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու շուրջ «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է բանակցությունները ընդդիմադիր մյուս ուժերի հետ, որոնց արդյունքները այս պահին հրապարակելի չեն: Այս մասին երեկ ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբկացության անդամ Անահիտ Բախշյանը հավելելով, որ այդ ընտրություններին «Ժառանգությունն» անպայման մասնակցելու է, սակայն բանակցություններ են տարվում, որպեսզի ընդդիմությունը միասնական մասնակցի:

ՕԵԿ-ը նույնպես ճիշտ է համարում Երեւանի քաղաքապետի ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելը: ՕԵԿ ներկայացուցիչներին զայրացրեց լրագրողների այն հարցը, թե ինչո՞ւ է այդ ընտրություններին ՕԵԿ-ը մասնակցում առանձին: Ձեր պահանջները չե՞ն բավարարել հարցին` խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Եթե միասնական թեկնածուով մասնակցեինք, այդ դեպքում էլ հարցնելու էիք` ինչո՞ւ այդպես որոշեցիք: Մենք այդպես ենք նպատակահարմար գտնում, եւ դա յուրաքանչյուր կուսակցության իրավունքն է»:

ՕԵԿ-ն այս օրերին խորհրդի նիստ է հրավիրելու, որից հետո միայն կարող է խոսել կուսակցության ընտրական ցուցակի եւ այդ ցուցակը գլխավորող անձի մասին:

Հիշեցնենք, որ եթե կուսակցությունը այդ ընտրություններում հավաքի 50 տոկոսից ավելի ձայն, ապա ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող անձը ավտոմատ կդառնա Երեւանի քաղաքապետ:

Հարցին, թե արդյո՞ք ՕԵԿ-ը մտավախություն չունի, որ այս ընտրությունները նախորդների նման նույնպես կկեղծվեն, Հ. Բիշարյանը պատասխանեց. «Ես միշտ ընտրությունների մասով մտավախություն ունեմ: Այո, նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել եւ մենք վերահաշվարկ ենք պահանջել: Եթե այս անգամ էլ լինեն կեղծիքներ, էլի կդիմենք վերահաշվարկի պահանջով»:

Ի հակադրություն Հ. Բիշարյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ կոալիցիայի որոշումը, ըստ որի պետք է ընտրություններին առանձին-առանձին մասնակցել, թեեւ դա չի բացառվում: «Մենք մասնակցելու ենք, սակայն ՀՅԴ-ի ընտրական ցուցակը դեռ որոշված չէ», ընդգծեց նա:

ԲՀԿ-ն նույնպես որոշել է առանձին մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանի խոսքով, իրենց կուսակցությունում նույնպես ընտրական ցուցակը դեռ ճշտվում է, սակայն 2 բան պարզ է: Մեկը, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի գլխավորի ցուցակը, քանի որ Երեւանի 3 տարվա գրանցում չունի, եւ երկրորդ, որ Արամ Սաֆարյանը նույնպես չի ցանկանում գլխավորել այդ ցուցակը:

ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ Երեւանի քաղաքապետի կյանքում ՀՀԿ-ն մեծ դերակատարություն կունենա, սակայն քարոզարշավի մասին խոսելը վաղ համարեց:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4