Գազի նոր սակագինը 96 դրամ 1 խմ համար
Հաստատվեցին նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ նախ անդրադարձավ «Հայռուսգազարդի» ներկայացրած գազամատակարարման սակագների վերանայման հայտին, որը պայմանավորված է ապրիլի 1-ից Հայաստան մտնող գազի սակագնի բարձրացմամբ, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագներին եւ «Հայջրմուղկոյուղու» կողմից մատակարարվող խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման սակագներին:
«Հայռուսգազարդ» ընկերության կողմից ներկայացված հայտում առաջարկվել էր բնակչության համար մատակարարվող (մինչեւ 10 հազար խմ սպառողների) գազի 1 խմ սակագինը ներկայիս 84 դրամի փոխարեն բարձրացնել մինչեւ 99 դրամի: Հանձնաժողովն, ուսումնասիրելով ընկերության առաջարկը, հիմնավորված էր համարել գազի սակագինը 96 դրամ դարձնելը: Քննարկման ժամանակ, անդրադառնալով այն հարցին, որ սակագների բարձրացումը կվնասի հայկական ձեռնարկությունների մրցունակությանը եւ սոցիալական խնդիրներ կառաջացնի բնակչության համար, «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախ հերքեց այն տեսակետը, որ գազի գնի պատճառով հայկական ձեռնարկություններն անմրցունակ կդառնան: Նա նշեց, որ այդ գները ամենացածրն են տարածաշրջանում, եւ անգամ հաշվի առնելով տրանսպորտային ծախսերը, հայկական ընկերությունները շահեկան դիրքում են մնում: Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա Կարեն Կարապետյանը հայտնեց, որ գազի բարձրացման արդյունքում ընկերությունը մոտ 200-300 մլն դրամ ավելի գումարներ կվճարի պետական բյուջե եւ կառավարությունը կարող է դրանք ուղղել սոցիալապես անապահով խավին:
Քննարկումների արդյունքում, հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց, որ այս տարվա ապրիլի 1-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը կկազմի 96 դրամ, իսկ ձեռնարկությունների համար, որոնք սպառում են 10 հազար խմ-ից ավելի գազ, կգործի 1000 խմ համար 215 դոլարին համարժեք դրամ սակագինը:
Էլեկտրաէներգիայի սակագները նույնպես վերանայվեցին: Մասնավորապես, բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագին ապրիլի 1-ից սահմանվեց 30 դրամը 1 կվտ/ժ-ի դիմաց, ներկայիս 25 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը 20 դրամ 1 կվտ/ժ դիմաց, ներկայիս 15 դրամի փոխարեն: Սակագների նման բարձրացման հիմնավորումը հանձնաժողովի աշխատակազմը պայմանավորեց ոչ միայն գազի սակագնի բարձրացմամբ, այլ նաեւ մի շարք այլ գործոններովՙ էլեկտրաէներգետիկայի ոլորտում արված ներդրումներ, միջուկային վառելիքի թանկացում, KfW-ի տրամադրած վարկերի մարում եւ այլն: Խոսելով այս սակագնի մասին, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ երկար տարիներ հնարավոր է եղել պահպանել 25 դրամ սակագինը, բայց դա այլեւս հնարավոր չէ: Իրենց ելույթներում նոր սակագներին անդրադարձան նաեւ էլեկտրաէներգիա արտադրող 2 խոշոր կազմակերպություններիՙ Հայկական ԱԷԿ-ի եւ Հրազդանի ՋԷԿ-ի ղեկավարները, ասելով, որ նոր սակագներից իրենք դժգոհ են, քանզի աշխատում են 0,5 - 0,6 տոկոս շահույթով եւ շատ հարցեր մնում են չլուծված: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրեն Եվգենի Գլադունչիկն էլ սկսեց դժգոհել իր ղեկավարած ընկերության խնդիրներիցՙ չորային եղանակի պատճառով անցյալ տարի ավելի էլեկտրաէներգիա է արտադրվել եւ ընկերությունը 1,4 մլրդ դրամ կորուստ է կրել, 10 խոշոր էներգիա սպառող ընկերությունների եւ հատկապես «Նաիրիտի» հետ վճարումների խնդիրներ են լինում եւ այլն:
Ամփոփելով այս քննարկումը, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների այս բարձրացմամբ 1 բաժանորդը միջին տարեկան 23 հազար դրամ ավելի է վճարելու, ինչն իսկապես լուրջ խնդիր է: Նա հույս հայտնեց, որ կառավարությունը կգտնի տարբերակներ սոցիալապես անապահով խավի համար, հատկապես նկատի ունենալով, որ սակագների բարձրացման հետեւանքով ընկերությունները հավելյալ գումարներ են վճարելու պետական բյուջե:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ քննարկելով «Հայջրմուղկոյուղու» ներկայացրած հայտը, որոշեց նրա մատակարարած խմելու ջրի սակագինը դարձյալ ապրիլի 1-ից սահմանել 179,78 դրամը 1 խմ համար: Հիշեցնենք, որ «Հայջրմուղկոյուղին» խմելու ջուր է մատակարարում Երեւանից դուրսՙ մարզերի բնակիչներին, բացառությամբ Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերը: Ավելացնենք, որ հանձնաժողովին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սակագների բարձրացման հայտ է ներկայացրել նաեւ «Երեւան ջուրը»: