Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի ավարտից հետո A1 եւ A2 խմբերում հանդես եկած շախմատիստները 9 տուրից բաղկացած կայծակնային մրցախաղի մասնակցեցինՙ վիճարկելով աշխարհի առաջնության վեց ուղեգրերը: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կայանալու է նոյեմբերի 15-17-ին Մոսկվայում: Չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 20 շախմատիստներ, որոնցից 10-ը կլինեն Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները, 4-ն անհատապես կհրավիրվեն, 6-ն էլ հայտնի դարձան Մոսկվայում անցկացված կայծակնային մրցաշարում:
Ցավոք, մրցաշարին մասնակցած հայ շախմատիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց ուղեգիր նվաճել: Լավագույն արդյունքի հասավ Զավեն Անդրեասյանը, որը 18 հնարավորից (յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ հանդիպում էին երկու անգամ սեւ եւ սպիտակ խաղաքարերով) վաստակեց 12,5 միավոր: Այդ ցուցանիշով Զավենը բաժանեց 5-12-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցները հաշվելիս պարզ դարձավ, որ նա զբաղեցրել է 9-րդ տեղը:
Արման Փաշիկյանը 11,5 միավորով 19-րդն է: Գաբրիել Սարգսյանը 11 միավորով գրավեց 27-րդ տեղը: Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Ավետիք Գրիգորյանՙ 10,5 (34-րդ տեղ), Տիգրան Պետրոսյանՙ 10,5 (36-րդ), Հրանտ Մելքումյանՙ 10 (50-րդ), Արտաշես Մինասյանՙ 10 (51-րդ), Լեւոն Բաբուջյանՙ 9,5 (73-րդ), Տիգրան Քոթանջյանՙ 8,5 (93-րդ), Արա Մինասյանՙ 8 (117-րդ), Դավիթ Քալաշյանՙ 7 (132-րդ), Դավիթ Պետրոսյանՙ 7 (138-րդ), Առնոլդ Մինասյանՙ 6,5 (164-րդ), Աղասի Ինանցՙ 6 (150-րդ): Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեց 165 շախմատիստ:
Կայծակնային մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, որը վաստակեց 15 միավոր: Լավագույն վեցյակում տեղ զբաղեցրին եւ ուղեգրերի արժանացան նաեւ ադրբեջանցիներ Վուգար Հաշիմովը (14,5 միավոր) եւ Շահրիյար Մամեդյարովը (13), ռուսաստանցի Եվգենի Բարեեւը (13), Ֆրանսիան ներկայացնող Վլադիսլավ Տկաչովը (12,5) ու չին շախմատիստ Ջիանչահ Չհոն (12,5):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ