Բուլղարացի շախմատիստ Վեսելին Թոփալովը ժամկետից շուտ շահեց մրցախաղը Գատա Կամսկու հետ Սոֆիայում ընթացող մրցավեճում: Մրցակիցների 7-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր Թոփալովը, 45-րդ քայլում ավարտվեց բուլղարացի գրոսմայստերի հաղթանակով: Հաշիվը դարձավ 4,5-2,5ՙ հօգուտ Թոփալովի:
Ինչպես եւ կանխագուշակում էին մասնագետները, Գատա Կամսկին չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարին: Այս մրցախաղից հետո Թոփալով-Կամսկի հանդիպումների հաշիվը դարձավ 10,5-4,5ՙ հօգուտ բուլղարացու: Թոփալովը տոնել է 7 հաղթանակ, 7 պարտիա ավարտել ոչ-ոքի, 1-ում պարտվել է: Այսպիսով, Թոփալովն իրավունք ստացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել Վիշվանաթան Անանդի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ