«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2009-02-27 | #35, 2009-02-28 | #36, 2009-03-03


ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՁԵՎԱՎՈՐՎԵՆ 2009-Ի ՀՈՒՆԻՍԻՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ հույս հայտնեց, որ կազմակերպության շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈւ) վերջնականապես կձեւավորվեն 2009-ի հունիսին: Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման որոշումն ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ:

Երեւանում Բորդյուժան կհանդիպի ՀՀ նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, ովքեր իրենց հերթին գլխավորում են ՀԱՊԿ համապատասխան կանոնադրական մարմինները: Բորդյուժան Հայաստանում իր զրուցակիցներին կտեղեկացնի այն աշխատանքի մասին, որն իրականացրել են ՀԱՊԿ պետությունների փորձագետները, քարտուղարությունն ու միասնական շտաբըՙ ԱԱՀՈւ-ի կիրառումն ու գործունեությունը կանոնակարգող իրավական-նորմատիվային անհրաժեշտ բազայի նախապատրաստման ուղղությամբ:

«Դրանք շատ բարդ փաստաթղթեր են, որոնք, առաջին հերթին, վերաբերում են ռազմական ուժերի կիրառման հարցերի կարգավորման իրավաբանական կողմերին: Մենք մշակել ենք դրանց նախագծերը, եւ երբ ես զեկուցեմ ՀՀ նախագահին, մենք կսկսենք բոլոր պետությունների հետ համաձայնեցման գործընթացը», ասաց Բորդյուժան:

Նրա խոսքերով, գործընթացը բարդ է լինելու. «Ենթադրում եմ, որ հունիսին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ մենք նախագահներին կներկայացնենք համաձայնեցված փաստաթղթերն ու այդ ժամանակ էլ տեղեկատվություն կստանանք հատուկ ստորաբաժանումների եւ զորամիավորների ուժերի մասին, որոնք կմտնեն ԱԱՀՈւ-ի կազմ, ինչպես նաեւ կհաստատենք այդ հավաքական ուժերի ցանկն ու կազմը», ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Բորդյուժայի մատուցմամբ` ԱԱՀՈւ-ն բաղկացած կլինի երկու մասից: Դրանցից առաջինը զորային բաղկացուցիչն է, որտեղ Ռուսաստանը կունենա մեկ օդադեսանտային դիվիզիա եւ մեկ դեսանտագրոհային բրիգադ:

«Սա այն բաղկացուցիչն է, որն ի վիճակի է միջոցներ ձեռնարկել ռազմական եւ սահմանային հակամարտությունների կարգավորման նպատակով», տեղեկացրեց Բորդյուժան:

ԱԱՀՈւ-ի երկրորդ մասը կկազմեն հատուկ նշանակության ուժերը, որոնք կհատկացվեն իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումների եւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության կանխմանն ուղղված միջոցառումների անցկացման հատուկ ծառայությունների թվից: Բացի այդ, Բորդյուժայի խոսքերով, հատուկ նշանակության ուժերը կկիրառվեն այնպիսի ահաբեկչական գրոհներին արձագանքելու ժամանակ, որոնք վերջերս տեղի են ունեցել, օրինակ, Մումբայում կամ Քաբուլում, երբ ահաբեկիչների զինված խմբավորումները փաստացի փորձում էին զավթել քաղաքի շրջաններ կամ կարեւոր պետական օբյեկտներ:

«Ենթադրվում է, որ յուրաքանչյուր պետության ԱԱՀՈւ-ի կազմում պետք է լինեն նմանատիպ զորամիավորումներ: Վերջիններս խաղաղ ժամանակ գտնվելու են ազգային հրամանատարությունների ենթակայության տակ, իսկ պատերազմի ժամանակ կվերաենթարկվեն նախագահի նշանակած հրամանատարին եւ կիրականացնեն այս կամ այն հակամարտության չեզոքացման խնդիրներ», ասաց Բորդյուժան:

«Մենք օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը չենք դիտարկում որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ: Մենք դրանք դիտում ենք որպես ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքում ծագող այս կամ այն ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ կազմակերպության ներուժ: Թե ինչպիսին կլինեն այդ իրավիճակները, ես այսօր կանխատեսել չեմ կարող», ընդգծեց Բորդյուժան:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4