Բորիս Ելցինի օրոք Արեւմուտքը եւ առաջին հերթին ԱՄՆ-ը Ռուսաստանում «ազատության ու դեմոկրատիայի» արմատավորման քողի տակ` ներռուսաստանյան արեւմտամետ ուժերի հետ սերտ համագործակցությամբ, կարողացան մեծ արդյունավետությամբ քայքայել երկրի էկոնոմիկան, բանակը, բարոյապես դեգրադացիայի ենթարկել ժողովրդին: Հաջորդ փուլը պիտի լիներ, ԽՍՀՄ-ի օրինակով, երկրի մասնատումը տարբեր իշխանությունների թե պետությունների: Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսելը արդեն այն տարիներին առաջ էր քաշում Ուրալի Հանրապետություն ստեղծելու գաղափարը: Ռուսաստանից անկախանալու կարգախոս է առաջադրում Կալինինգրադի Բալթիական հանրապետական կուսակցությունը:
Սակայն գալով իշխանության գլուխ, Վլադիմիր Պուտինին հաջողվեց ոչ միայն հետեւողականորեն «ժողովրդավարացվող» Ռուսաստանը փրկել փլուզումից, այլեւ ոտքի կանգնեցնել ռուսական պետությունը (դեռ շուտ է ասել` կայսրությունը): Եվ թվում էր, որ այն պառակտելու արեւմտյան պլանները սկսում են զրկվել իրական հիմքից: Սակայն ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության «Գլոբալ միտումներ-2015» գաղտնազերծված զեկույցը, որ ուշադրությամբ քննարկվում է ռուսական լրատվամիջոցներում, ցույց է տալիս, որ Արեւմուտքը բնավ էլ չի հրաժարվել իր հեռագնա նպատակներից եւ, որ ուշագրավ է, իր որոգայթային նկրտումներում հույս է դնում նաեւ Ռուսաստանի ներքաղաքական ու ներտնտեսական ինքնաքայքայիչ որոշ գործընթացների վրա: Եվ այստեղ որպես նշանաբան է հնչում անուղղելի ռուսատյաց Զբիգնեւ Բժեզինսկու հրամայական կանխատեսումը` «Քսանմեկերորդ դարում ԱՄՆ-ը կզարգանա Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի հաշվին եւ նրա բեկորների վրա»:
Ըստ ԿՎՀ-ի հետեւության, առաջիկա պատմական ժամանակահատվածում Ռուսաստանի համար աղետալի հետեւանքներ կունենա ժողովրդագրական վիճակը: Այդ իմաստով, ելնելով նաեւ ներկա տնտեսական ճգնաժամից, տեղ չի թողնվում լավատեսությանը. ծննդաբերության ավելացման եւ ներգաղթողների հաշվին բնակչության աճն ապահովելու խնդիրը, արեւմտյան փորձագետների կարծիքով, իրատեսական չէ, եւ 2050 թվականին Ռուսաստանի բնակչությունը կկազմի սոսկ 100 միլիոն մարդ: Ընդ որում, եթե չլուծվի բուն ռուսների աճի հարցը, ապա երկրի բնակչության կեսը կկազմեն մուսուլմանները:
Անմխիթար է ներկայացված նաեւ էկոնոմիկայի զարգացումը: Չնայած Ռուսաստանի ռեսուրսային անհավատալի կարողությանը` 340-380 տրիլիոն դոլար, երկիրը դարձել է գրեթե ողջ աշխարհի սոսկ հումքային հավելվածը: Եվ այդ իրավիճակն էլ է դառնում հեղհեղուկ, քանզի շեշտակիորեն ընկնում են էներգակիրների գները: Ազգային էկոնոմիկան այդպես էլ որեւէ չափով մրցունակ չդարձավ արեւմտյանին: Իսկ երբ նրան չհաջողվեց գոնե մեկնարկել, երբ նավթադոլարները հոսում էին գետի պես, ապա ինչի՜ կարելի է հասնել ճգնաժամի ժամանակ:
Ռուբլու փոխարժեքի անկմանը զուգընթաց զգալիորեն կթանկանան պարենային ապրանքները: Երկու աշխարհամաս ընդգրկող երկիրն այդպես էլ անընդունակ եղավ ձերբազատվելու սննդամթերքների ներմուծումից եւ հասնելու ինքնաապահովման: Այդպես էլ չստեղծվեց միջին խավը, շարունակվում է բնակչության մեծ մասի աղքատացումը: Փաստորեն վերացել են անվճար բժշկությունը, անվճար կրթությունը, կենսաթոշակները չեն փակում նույնիսկ կոմունալ ծախսերը:
Չնայած մարդկային, գիտական եւ տեխնոլոգիական ժառանգված պատկառելի կարողությանը, Ռուսաստանը ոչ միայն չկարողացավ այն օգտագործել, այլեւ ի վիճակի չեղավ գոնե ապրանքներ արտադրել օտարերկրյա տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ հսկայական առաջընթաց ապրեցին, օրինակ, Չինաստանն ու ասիական մի շարք այլ երկրներ:
Անարդյունավետ է դիտվում առհասարակ Ռուսաստանի քաղաքական կառուցվածքը, Պուտին-Մեդվեդեւ երկյակի հետագա համագործակցությունը:
Զեկույցի մյուս փաստարկները եւս (անջատողականությունը, ազգամիջյան, սոցիալական լարվածությունը եւ այլն), ինչպես ասվեց, տալիս են Ռուսաստանի ապագայի հոռետեսական պատկերը: Իհարկե, ԱՄՆ-ին շատ ավելի ձեռնտու կլինի մոլորակի մեկ վեցերորդ ցամաքամասում գործ ունենալ 7-8 գաճաճ պետությունների, քան միջուկային հզոր զինանոց ունեցող միասնական Ռուսաստանի հետ: Եվ այս միտքը չի թաքցվում (հիշո՞ւմ եք Մադլեն Օլբրայթի հայտարարությունը, թե անարդար է, որ Ռուսաստանի անբավ հարստությունները չեն պատկանում աշխարհին):
Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանա՞կ է եւ Ռուսաստանին սպառնո՞ւմ է նման մռայլ ապագա: Զեկույցում, բնականաբար, չեն բացահայտվում այն քայքայիչ միջոցները, որ արեւմտյան տերությունները, նրանց հետախուզական մարմինները կօգտագործեն Մոսկվայի դեմ: Բայց այսօր արդեն նրանք լավ գիտեն, որ համենայն դեպս իրենց չի հաջողվի նույնքան դյուրությամբ քանդել Ռուսաստանը, ինչպես ստացվեց Խորհրդային Միության հետ: Արհեստականորեն ներարկված արեւմտյան «դեմոկրատիայի» երկդիմի էությունն ըմբռնած Պուտին-Մեդվեդեւ պրագմատիկ երկյակը նման չէ ծերությունից ու անգործունեությունից սպառված խորհրդային առաջնորդներին եւ ոչ էլ հիվանդություններից ու ալկոհոլից հյուծված Ելցինին: Եվ հետո, պատահական չեն Ռուսաստանը (ռուսական ոգին) անվանում հանելուկային, առեղծվածային, անկանխագուշակելի: Այդպիսին է նրա ողջ պատմությունը: Երեւի գիտեք ով էր «Ռուսաստանի անունը» մեկ տարի տեւած հեռուստահաղորդումների փաստացի հաղթողը: Ստալինը: Եվ չի էլ կարելի զարմանալ, եթե մի ծայրահեղ օր Ռուսաստանում իշխանության գլուխ գա նման մի դիկտատոր, թեկուզեւ պարուրված «դեմոկրատական» շղարշով:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա