ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ նպատակ ուներ ԼՂՀ ղեկավարությանը ներկայացնել, թե ինչ նոր հնարավորություններ են տեսնում իրենք ղարաբաղյան կարգավորման հեռանկարում: Այս մասին հայտարարել են նրանք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ավելի քան երեք ժամ տեւած հանդիպումից հետո:
Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքով, հանդիպումը բովանդակալից էր, եղել են կոնկրետ հարցեր` կոնկրետ նախագծերի շուրջը: Կան օբյեկտիվ պայմաններ կարգավորման հասնելու համար, սակայն սուբյեկտիվ պայմաններն ըստ երեւույթին դեռեւս առկա չեն: Դա կողմերի քաղաքական կամքն է` երբեմն ընդունել դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ, հավելել է ռուս դիվանագետը:
Միջնորդները նաեւ հետաքրքրությամբ լսել են ԼՂՀ նախագահի տեղեկատվությունը Ղարաբաղի տնտեսական, սոցիալական իրավիճակի վերաբերյալ:
Միջնորդները հույս են հայտնել, որ Երեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Բաքու մեկնելու եւ Ադրբեջանի նախագահին ինչ-որ բան ասելու անհրաժեշտություն կլինի:
Լրագրողների այն հարցին, թե ինչու անցյալ տարվա աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն առանձին-առանձին են եկել տարածաշրջան, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պատասխանեց, որ եռանախագահները վստահում են իրար, եւ առանձին այցերը եղել են տեւական խորհրդատվությունների արդյունքում, փոխադարձ պայմանավորվածությամբ:
ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրում էր Մեթյու Բրայզայի մեկնաբանությունը ԱՄՆ պետդեպարտամենտի այն զեկույցի առնչությամբ, որում փաստեր են նշվում Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող խտրական վերաբերմունքի մասին: Ամերիկացի դիվանագետը դրանում ոչ մի տարօրինակ բան չտեսավ, քանզի, ըստ նրա, պետդեպարտամենտն ամեն տարի նմանատիպ զեկույցներ է պատրաստում տարբեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Առաջնագծում կրակոցների հաճախակիացման կապակցությամբ համանախագահներն ասացին, որ հրադադարի խախտման դեպքերը չեն ավելացել, պարզապես նախկինում պաշտոնական հայտարարություններ չէին արվում այդ մասին: Իսկ ահա շփման գծում հերթական դիտարկման ժամանակ հնչած կրակահերթերի առթիվ, որը պատճառ էր դարձել դիտարկումն ընդհատելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ասաց, որ այդ միջադեպը բավականին լուրջ էր: Իսկ թե ով է եղել կրակող կողմը, դեսպանը դժվարացավ ասել` նկատել տալով, որ եթե ոչ մեկի ձեռքը չեն բռնել եւ ուսումնասիրություն չի կատարվել, դժվար է որեւէ մեկին վերագրելը: Ընդ որում, շեշտեց Կասպրշիկը, դա առաջին դեպքը չէ, դիտարկումների ժամանակ կրակոցների դեպքեր էլի են եղել:
«Ազգի» թղթակիցը հարց ուղղեց ամերիկացի համանախագահին` հնարավո՞ր է, որ այս մի այցը տարածաշրջան Մեթյու Բրայզայի համար վերջինը լինի միջնորդի կարգավիճակով: «Հույս ունեմ, որ` չէ: Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը, որն արդեն չորս տարի կատարում եմ: Հաշվի առնելով, որ ես ԱՄՆ նոր ղեկավարության թիմի մեջ եմ, ակնկալում եմ, որ կմնամ համանախագահների կազմում: Համենայն դեպս, ես դա ուզում եմ», իրեն բնորոշ ժպիտով պատասխանեց Բրայզան:
Նկար 1. Մեթյու Բրայզան պատասխանում է «Ազգ»-ի թղթակից Կիմ Գաբրիելյանի հարցին