Ինչպես արդեն հայտնի է, Երեւանի ավագանու մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում, Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականում Ավանի համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանն է: Այս որոշումը կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի փետրվարի 28-ի նիստում, որը անցել է Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Որոշումը հաստատվել է նաեւ ՀՀԿ-ի խորհրդի նիստում: Հաղորդվում է, որ ՀՀԿ-ի ցուցակի մյուս «երջանիկների» անունները հայտնի կլինեն ավելի ուշ:
Հասկանալի է, որ այս գարնանը ամենաթեժ պայքարը ծավալվելու է մայրաքաղաքի ավագանիների խորհրդի կազմի շուրջ, քանի որ այն կուսակցությունը, որը հաղթի ընտրություններում, կկարողանա մոտակա 4 տարիների ընթացքում ղեկավարել մայրաքաղաքը նաեւ ի՛ր քաղաքապետի միջոցով: Թե Կենտրոնի բնակչության առաջ կատարած հատկապես ո՞ր ծառայությունների համար է Գագիկ Բեգլարյանը արժանացել ՀՀԿ-ի ցուցակը ղեկավարելու պատվին, դժվար է ասել, մանավանդ որ հետեւելով քաղաքի կենտրոնի սանիտարական վիճակին, առանձնապես հույս չկա, որ այն երբեւէ պատշաճ տեսքի կբերվի:
Սակայն այսօր էականը սա չէ: Երեկ երեկոյան տարածվել էին լուրեր, ըստ որոնց մոտ օրերս կհրապարակվի նախագահի հրամանագիրը Գագիկ Բեգլարյանին քաղաքապետի, իսկ Տարոն Մարգարյանին առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին: Ըստ շրջանառվող այդ լուրերի, երկուշաբթի օրը, քաղաքապետարանում տեղի ունեցած, այսպես կոչված, դիսպետչերականի ժամանակ Երվանդ Զախարյանը ներկայացրել է Գագիկ Բեգլարյանին, որպես իր հնարավոր փոխարինողի: Ինչեւէ, իշխանությունները քաղաքապետի պաշտոնը պահելու համար արդեն սկսել են քաղաքական փոփոխություններ կատարել, որոնք, անկեղծ լինենք, շատերի համար անհասկանալի են: Անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ իշխանություններին ձեռ չի տվել Երվանդ Զախարյանի թեկնածությունը, որը բանիմաց ղեկավարի համբավ ունի եւ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարել մայրաքաղաքը պատշաճ տեսքի բերելու համար:
Ինչեւէ, տարածվող լուրերը «Ազգը» փորձեց ճշտել ՀՀ նախագահի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերից, որտեղ դրանք չհաստատվեցին, վերջիններս հիշեցրին, որ նոր սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի քաղաքապետ նշանակելու: Փաստորեն դա արդեն ընտրովի կամ «կիսաընտրովի» պաշտոն է:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ