«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2009-02-27 | #35, 2009-02-28 | #36, 2009-03-03


Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴՐԱՄ-ԴՈԼԱՐ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՀԵՏ

Եվ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել առաջիկայում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դժվար է բնորոշել ներկայիս իրավիճակը Հայաստանի արժութային շուկայում: Վերջին ամիսներին, չնայած աշխարհում դոլարի արժեւորմանը, հայաստանյան շուկայում դրամ-դոլար հարաբերակցությունը փոփոխություն չկրեց: Փոփոխություն չկրեց Կենտրոնական բանկիՙ Հայաստանի ֆոնդային բորսայում մեծածավալ դոլարային ներարկումների շնորհիվ: Սակայն եթե Հայաստանի ֆոնդային բորսայում դոլար-դրամ փոխարժեքը պահպանվում է 1 դոլարը 305 դրամ ցուցանիշի վրա, ապա նույնը չի կարելի ասել մանրածախ շուկայի, այսինքն, փոխանակման կետերում տիրող իրավիճակի մասին: Չնայած նախօրեին ֆոնդային բորսայում կատարվել էր 31 մլն դոլարի առուվաճառք 1 դոլարը 305 դրամ փոխարժեքով, փոխանակման կետերում երեկ հերթեր էին առաջացել եւ դոլարի վաճառքի գինը հասել էր 317 դրամի: Ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը եւ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել առաջիկայում:

Անընդհատ դոլարային ներարկումներ կատարելով արժութային շուկայում, Կենտրոնական բանկը ձգտում է ապահովել ֆինանսական կայունություն եւ թույլ չտալ գնաճ: Նույն ձեւով, դրամի կտրուկ արժեւորումը սահուն դարձնելու նպատակով, վերջին 4 տարիներին ԿԲ-ն, ընդհակառակը, դոլար էր հանում շուկայից: Այն ժամանակ դա արվում էր աշխարհում դոլարի արժեզրկման, մեր ազգային արժույթի արժեւորման բնական գործընթացների համընթաց, ինչը որոշ «տնտեսագետներ» որակում էին որպես դրամի արհեստական արժեւորում, որն անշուշտ լուրջ գնահատական չի կարող համարվել: Այժմ արդեն ԿԲ-ն, դրամ-դոլարի կայուն փոխարժեք պահպանելով, փաստորեն հակադրվում է աշխարհում ընթացող գործընթացներին: Դա իր պատճառաբանությունն ունի:

Հայաստանի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, նպատակ ունեն ապահովելու ֆինանսական կայունությունը երկրում, մինչ Համաշխարհային բանկից, Ռուսաստանի կառավարությունից եւ մյուս դոնոր երկրներից դոլարային վարկային միջոցներ կստացվեն, գարնանը թեկուզ ավելի քիչ ծավալով տրանսֆերները կսկսեն գալ, շինարարական աշխատանքները կվերսկսվեն եւ շուկայում դոլարային նոր հոսք կլինի: Ինչ խոսք, սա խութերով լի ճանապարհ է, որն անվտանգ անցնելը բավականին դժվար է: Կարծես թե մինչ վերջերս այդ կայունությունը հաջողվում էր պահպանել: Սակայն վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հրահրվեցին խուճապային տրամադրություններ: Դրանք պայմանավորված էին ՀՀՇ-ական մամուլի տարածած տեղեկություններով, թե կառավարությունում եւ Կենտրոնական բանկում պատրաստվում են «բաց թողնել» դոլարի փոխարժեքը: Այն իր նպատակին հասավ, շատերը սկսեցին իրենց դրամային միջոցները փոխակերպել դոլարայինի: Վերոնշյալ քաղաքական ուժը հերթական անգամ իր սեւ գործը կատարեց, այս անգամ ուղղակի նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի ապակայունացմանը: Դժվար է ասել, թե որքանով հնարավոր կլիներ պահպանել կայունությունը արժութային շուկայում, եթե չլիներ հրահրված խուճապը, բայց ակնհայտ է, որ այժմ արդեն ունենք իրողություն, երբ բնակչության մի մասի մեջ առկա են խուճապային տրամադրություններ եւ ցանկություն կա փոխանակելու եղած դրամը դոլարով:

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր այժմ: Քիչ հավանական է թվում, որ Կենտրոնական բանկը կվերադառնա «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը եւ կդադարեցնի ժամանակավորապես իրականացվող փոխարժեքի պահպանման քաղաքականությունը: Քիչ հավանական է այն պատճառով, որ ստեղծված իրավիճակում նման քայլը նշանակում է պարզապես խրախուսել խուճապը, փլուզել արժութային, ապա նաեւ ֆինանսական շուկան, դրանից բխող գնաճով եւ տնտեսական ցնցումներով: Այսինքն, մեզ մոտ առաջացնել այն ֆինանսական ճգնաժամը, որը տեղի ունեցավ ամբողջ աշխարհում եւ որից մեզ հաջողվեց խուսափել:

Այս իրավիճակում մասնագետները որպես ելք են դիտարկում փոխարժեքի, այսինքնՙ դրամի, աստիճանաբար եւ փոքր արժեզրկումը: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ դա եւս չի բերի զանգվածային խուճապի եւ դրամով դոլար գնելու զանգվածային երեւույթի մի կողմից եւ գնաճի մյուս կողմիցՙ առաջացնելով զանգվածային սոցիալական դժգոհություններ: Ուստի, հավանական է թվում, որ երկու տարբերակներիցՙ փոխարժեքի որոշ թուլացում եւ փոխարժեքի պահպանում, ԿԲ-ն կընտրի վերջինը: Եթե ԿԲ-ն թեկուզ փոքր չափով թողնի դրամին արժեզրկվել, դրանից, բացի մեր նշած հնարավոր բացասական երեւույթներից, չեն ստացվի նաեւ ակնկալվող դրական հետեւանքները: Այսինքն, դոլարի պահանջարկը չի նվազի եւ ԿԲ-ն ստիպված կլինի շարունակել մեծածավալ դոլարային ներարկումներ անել այն բավարարելու համարՙ արդեն ավելի արժեզրկված դրամի եւ դրա հետեւանք գնաճի պայմաններում:

Իսկ ի՞նչ անեն մեր այն քաղաքացիները, որոնք ունեն դրամային խնայողություններ եւ չգիտենՙ փոխեն դոլարի, թե՞ պահպանեն: Սովորաբար ռիսկերից խուսափելու ամենաճիշտ տարբերակը ունեցած խնայողությունները տարբեր արժույթներով պահպանելն է, տվյալ դեպքում ունեցած գումարը երեք հավասար չափով բաժանելը եւ դրամով, դոլարով եւ եվրոյով պահելը: Խոսքը ռիսկերը նվազեցնելու, այսինքնՙ փոխարժեքային տատանումների ժամանակ քիչ կորուստներ ունենալու մասին է: Բանն այն է, որ դոլարի ներկայիս արժեւորումը հետեւանք է ԱՄՆ-ում փչած «փուչիկի» պայթելունՙ ի դեմս հիպոթեկային շուկայի փլուզման, կապիտալի շուկայում արժեթղթերի գնի կտրուկ անկման: Այսինքն, այն մոտեցել է իր իրական արժեքին (ապահովվածությանը), ինչը խաթարվել էր վերջին տարիներին ԱՄՆ իշխանությունների դոլարի գերարժեզրկման քաղաքականության հետեւանքով: Սակայն, մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նույն Միացյալ Նահանգներում շուտով սկսելու է իրագործվել նախագահ Բարաք Օբամայի հակաճգնաժամային ծրագիրը: Այդ նպատակով ԱՄՆ Կոնգրեսը 850 մլրդ դոլար է հատկացրել: Ի՞նչ միջոցներ են դրանք: Պարզ է, որ դրանք ոչ թե համապատասխան ռեսուրսներով ապահովված փողեր են, այլ պարզապես տպագրված թղթադրամներ: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ում այս ծրագրի իրագործումը կարող է որոշակիորեն արժեզրկել դոլարը: Այնպես որ, այսօր դոլար գնողները, վաղը, երբ հերթական անգամ արժեզրկվի դոլարը, դարձյալ կորուստներ կկրեն (ինչպես եղավ վերջին 4 տարվա ընթացքում) եւ իրենցից բացի, բոլորին մեղավոր կհամարեն դրանում: Ուստի հարկավոր է մտածել, իսկ արժե՞ շտապել դոլար գնել, թե՞, այնուամենայնիվ, կուտակված խնայողությունները պահելու ավելի հուսալի տարբերակներ ընտրել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4