«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2009-02-27 | #35, 2009-02-28 | #36, 2009-03-03


«ԵԹԵ ԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐՃԱՏՎԱԾ ԼԻՆԵԻ, ԽՆԴԻՐ ՉԷԻ ՈՒՆԵՆԱ ԽՈՍԵԼՈՒ, ԲԱՅՑ ԴԵՌ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ»

Կապանում լեռնագործների գործազրկությունը կարող է սկիզբ դնել արտագաղթի նոր ալիքի

Սյունիքի մարզը լեռնային է, ճանապարհների բազմաթիվ ոլորաններով ու սփռված բնակավայրերի սակավաթիվ բնակչությամբ: Հայաստանի հարավային այս հատվածի համար խնդիրների ուրույն շրջանակն է դարձել առաջնահերթ, բայց եւ կան ընդհանրական հարցեր, որ, սակայն, լեռնային ռելիեֆի պարագայում առանձնացած այս մարզում ավելի մեծ սրություն են ձեռք բերում:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հայկական մի շարք լրատվամիջոցների համար Սյունիք լրագրողական այցելության շրջանակներում հնարավոր չէ անդրադառնալ մարզի բոլոր խնդիրներին: Սակայն առաջնահերթ են լեռնագործների, մարզում գործող հանքային արդյունաբերության խոշոր ընկերությունների աշխատակիցների կրճատումների, հարկադիր պարապուրդի մատնված ու կրճատման հեռանկարով մտահոգ մարդկանց խնդիրները:

Լրագրողական այցելության շրջանակներում ընտրված Կապան, Մեղրի եւ Ագարակ քաղաքներում հիմնական աշխատատեղերին առնչվող խնդիրներից բացի այլ կարեւոր հարցեր են առողջապահությանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, թմրամոլությանը, մարմնավաճառությանը վերաբերող խնդիրները: «Ազգը» հնարավորինս կանդրադառնա դրանցից յուրաքանչյուրին հետագա հոդվածներում:

Լռեցնող հույս, որ շարունակեն աշխատել Կապանի կոմբինատում

Այցելության առաջին քաղաքը Կապանն էր, մարզկենտրոնը, որտեղ ամենասուր խնդիրը լեռնագործներինն է: «Դենո գոլդ մայնինգ քամփնի»-ի Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատում աշխատողների զգալի մասն արդեն գործազուրկ է կամ հարկադիր պարապուրդում, որ սպառնում է դառնալ քաղաքի համար մի մեծ ու անլուծելի խնդիր:

«Եթե ես հիմնական կրճատված լինեի, խնդիր չէի ունենա խոսելու, բայց դեռ աշխատում եմ», անուն-ազգանուն նշելու ու լուսանկարելու խնդրանքը մերժելու բացատրությունն այսպիսին էր, երբ Կապանի զբաղվածության կենտրոնի տվյալների հիման վրա այցելությունը մի բնակարան վկա դարձրեց կոմբինատի երկրաբաններից մեկի ընտանիքի խաշի սեղանին: Եվ սա միայն մեկ դեպքում չէր, այլ Կապանի կոմբինատի կողմից հարկադիր պարապուրդի ուղարկված ու աշխատավարձի 2/3-ը ստացող աշխատակիցների մեծ մասի պարագայում:

2006 թվականից Կապանի լեռնահարստացուցիչ, ներկայիս «Դենո գոլդ մայնինգ քամփնի»-ում աշխատող երկրաբանը չցանկացավ ներկայանալ, չհամաձայնեց լուսանկարվել այն պարզաբանմամբ, թե կոմբինատի աշխատակիցներից նախկինում բողոքողներն այնուհետեւ անաշխատանք են մնացել:

Ծնողների, կնոջ եւ եղբոր խնամքն իրականացնող երկրաբանը 110 հզ. դրամ աշխատավարձ է ստանում, տանը եւս մեկը որոշակի աշխատավարձ ունի, որ համատեղ ապահովում է ընտանիքի ծախսերը: Ըստ զրուցակցիս, կոմբինատը թերեւս չի փակվի ամբողջությամբ, բայց նախկին մասշտաբներն էլ չի ունենա, ուստի անգամ հարկադիր պարապուրդի ուղարկվածների զգալի մասը կմնա առանց աշխատանքի: Հարցին, թե անուն չնշելու պատճառն իսկապե՞ս վախն է կոմբինատի ղեկավարության հաշվեհարդարից, երկրաբանը պատասխանեց, թե դրա համար աշխատանքից կհեռացնեն:

Մեկ այլ բնակարան այցելությունն ավելի ազատ լինելու հավանականություն ուներ, քանի որ կապանցի Էդգարը իրականացրել է հանքային հետախուզական աշխատանքներ եւ հետախույզների պարագայում ոչ թե կրճատումներ են տեղի ունեցել, այլ չեն նորոգվել որոշակի ժամկետով կնքված պայմանագրերը: Ամեն դեպքում, հետախույզի հայրը թոշակառու է, մայրը` մանկավարժ, ու թերեւս այդ միջոցները կարող են ապահովել ընտանիքի գոյությունը, մինչդեռ երիտասարդ հետախույզին, ծնողի խոսքերով, կմնա հեռանալը Կապանից ու այլ երկրում աշխատանք գտնելու հեռանկարը:

2002 թվականից կոմբինատում աշխատող Մարինեի համար պայթուցիկ նյութերի արտադրամասում աշխատանքը կրճատումով է ավարտվել 2008-ի մայիսին, քանի որ փակվել է գմանիտ պայթուցիկ նյութերի պատրաստման արտադրամասը, որ որոշ ժամանակ պայթուցիկներ է մատակարարել անգամ Ագարակում, Դրմբոնում եւ այլ հանքերում աշխատանքներ իրականացնող ընկերություններին: Երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկ ամուսին ունեցող Մարինեի համար վիրավորանքը կառավարությունից է, այլ ոչ կոմբինատից, ու թեեւ ամուսինը ստանում է թոշակ փոխհատուցմամբ, որ կազմում է 60 հզ. դրամ, բայց դա հաստատապես բավարար չէ ապրելու համար:

Կապանի քաղաքապետարանը եւս հետաքրքրված է խնդրով, հատկապես որ գործազուրկների թիվը զգալի է քաղաքում: Կապանի զբաղվածության կենտրոնի տվյալներով, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4195 մարդ, չզբաղվածների թիվը` 3630, գործազուրկներինը` 3570: Կոմբինատի ղեկավարության հետ հանդիպումներում Կապանի քաղաքապետին պարզաբանվել է, թե գործադիր տնօրենը համաձայնել է, թե այս պայմաններում դեռ կարող են աշխատել, բայց դեռ չկա սեփականատիրոջ կարծիքը, ու նրանց են ներկայացվել խնդիրները, եւ միայն պատասխանի դեպքում կոմբինատը կներկայացնի իր անելիքները: Կապանի կոմբինատն ավելի վատ գների պայմաններում էլ է աշխատել, ուստի թերեւս հնարավորություն կա աշխատատեղերը պահպանելու: Հստակ է միայն, որ կոմբինատի աշխատողներն էլ հնարավորություն չունեն վճարելու իրենց երեխաների ուսման վարձերն ու գրավով սպառողական վարկերը, վարկային գծերը, որ բացվել են բանկերում, եւ այլն:

1526 աշխատակցից մնացել է միայն 700 աշխատո՞ղ

Կոմբինատի արհմիության նախագահ Սուրեն Թումանյանի խոսքով, տնօրենի հետ փետրվարի 12-ին վերջին հանդիպմանը իրեն տրվել է հավաստիացում. «Սպասեք, մինչեւ ինձնից կլսեք ինչ է լինելու, եւ պետք չէ հրապարակային բաներ ասել, ինձանից կլսեք, հետո նոր միայն հիմնարկի աշխատել-չաշխատելու մասին կխոսեք»:

Դեռեւս նոյեմբերին տնօրենը տեղեկացրել էր աշխատողների 60 տոկոսին կրճատելու մասին, որին հետեւեցին գործադուլն ու երկրի կառավարության միջամտությունը: 1526 աշխատողից 200 մարդ հետախուզական արշավախումբն էր, որոնց հետ պայմանագիր նորից չկապեցին: «Այս պահի դրությամբ մոտ 300 մարդ ազատվել է աշխատանքից, բայց դեռ քանի՞սն են աշխատում, չեմ կարող ասել: Հստակ չեմ կարող ասել նաեւ, թե քանիսն են միջին աշխատավարձի 2/3-ով հարկադիր պարապուրդում, բայց կարծես մոտ 700 մարդ է գնում աշխատանքի: Նախապատրաստական աշխատանքներ են անում, պայթեցումներ, բայց հանքաքարը չի մշակվում, ֆաբրիկան չի աշխատում»: Ըստ Թումանյանի, «Մարդիկ այսօր պարտքերի մեջ են, անգամ 2/3 ստացողը բանկից գումար չի հանում, քանի որ ապառիկներն ու վարկերը պետք է վերադարձվեն»:

Հանքի տեխնիկական բաժնի օդափոխության ինժեներ Արմեն Խաչատրյանը հարկադիր պարապուրդում է ու կոմբինատի հիմնական անհաջողությունը կապում է աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման հետ: «Այս 5 տարվա մեջ իրենք բազմիցս տարբեր երկրներից մասնագետներ են հրավիրել, ներկա տնօրենը 6-րդն է, թե 7-րդը, սրան էլ գումարվել է ճգնաժամը: Նախկինում բավականին ծախսեր են արել, մեքենաներ ու այլ պարագաներ գնել: Արտադրության առումով հազարավոր մետրեր սխալ փորվածքներ են արել, հետո թողել: Բացի փորվածքներից, տեղադրել են բունկերներ, քանդել, այդ նյութերը չկան այսօր: Ամեն եկողը իր մոտեցումն է բերել, փոխել են տեխնոլոգիաները, եւ այդպես շարունակ: Այսօրվա տնօրենն էլ իր նորույթն է մտցնել ուզում, փոքր կարիերներ է ուզում բացել, մինչդեռ դա էլ մեծ ծախս է, որ աստված գիտի երբ կբերի շահույթ»:

Խաչատրյանի տեղեկացմամբ, որոշ բաժիններ փակվել են, մինչդեռ հանքերը առանց դրանց չեն կարող աշխատել, օրինակ, իրենց քմահաճույքով փակվել է հանքի օդափոխության բաժինը, մինչդեռ հանքերը մասամբ գործում են: «Չկա գլխավոր ինժեներ, հանքի ինժեներ, հանքի տեխնիկական բաժին եւ այլն: Երեք ամսով մեկը գալիս է, ձեռ չի տալիս, թողնում գնում է, ու գոնե տեղակալ չկա, որ մի տնօրենից մյուսը խնդիրներ չառաջանան: Արտադրատեխնիկական բաժին չկա, կա միայն կոմբինատի, ոչ հանքի համար», սա օդափոխության ինժեների գնահատականն է: Ավելին, ըստ նրա, չկա վերահսկողություն, հանքաքարը չի կշռվում, մոտավոր են կշռում, չկա կշեռք եւ այլն:

Տեխնոլոգիական եւ այլ սխալների ծախսատար հետեւանքները

Սամվել Գասպարյանը խորհրդային տարիներին հանքի վարիչ, պղնձահանքային կոմբինատի նախկին գլխավոր ինժեներ է աշխատել, բնապահպանության նախարարության համար փորձագիտական ուսումնասիրություն է կատարել, լեռնային գծով տեխնիկական գիտությունների թեկնածու է: Երկու ամիս առաջ է դիտարկում արել, թե տեխնիկական ինչ վիճակում են հանքերը: Ստեղծված վիճակը համաշխարհային ճգնաժամով ու մետաղի գների անկմամբ բացատրելու առումով Գասպարյանը հիշեցնում է, որ հետխորհրդային ժամանակներում այդ գներն ավելի ցածր էին. պղնձի խտանյութն արժեր 1700 դոլար/1տ, այսօր արժե 3207 դոլար, ոսկու մեկ տրոյական ունցիան այսօր արժե 997,5 դոլար, եւ այդ գինն աճում է լոնդոնյան բորսայում, նույնը արծաթը` 14,5 դոլար/1գրամ:

«Մեր հանքային մարմիններում պայմանական ոսկու (բոլոր օգտակար հանածոները ոսկով արտահայտելու դեպքում) միջին պարունակությունը կազմում է 4-5 գրամ: Խորանալու, լեռնային աշխատանքների իջեցման դեպքում այդ տոկոսը բարձրանում է: Ամեն դեպքում, ըստ Գասպարյանի, կոմբինատը շահույթ չէր ունենա, քանի որ ծախսերը, ոչ միայն արտադրական, այլեւ դրսից եկած մասնագետների հաշվով, միշտ գերազանցել են ընդերքից կորզվածի ցույց տրված արժեքը: «Ծախսերը իջեցնելու ռեզերվներ շատ կան, ասենք` տեխնիկական, բանվորական ուժի ճիշտ տեղադրում, ճիշտ շահագործում, որ մեծ սխալներով է արվում, ներկա աշխատողները կարող են հաստատել, որ տեխնոլոգիական սխալները բերում են մեծ ծախսերի: Ճիշտ չեն կատարվում պաշարների մարումը ու դրանց կորզումը, թույլ են տրվում մեծ կորուստներ եւ աղքատացում»:

Գասպարյանը գտնում է. «Բացի պղնձից, ցինկից, ոսկուց, արծաթից, ընդերքում կան ուղեկցող ուրիշ մետաղներ էլ` հազվագյուտ մետաղներ, որոնցից երեքի միայն 70 տոկոս կորզումով դրանց վաճառքը տարեկան կարող է 6 մլն դոլար եկամուտ բերել, մինչդեռ դրանք չեն հաշվառվում»:

Սպասելով սեփականատերերի որոշմանը...

2008-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 1526 մարդ է աշխատել կոմբինատում, որից 148 աշխատակցի հետ չեն նորացվել հետախուզական աշխատանքներ կատարելու պայմանագրերը: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մոտ 60 տոկոսով կրճատվել են արտերկրից հրավիրված մասնագետները, սակայն բացարձակ թվով որքա՞ն է այդ տոկոսը` չի նշվում: Այս վիճակագրությունը Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի մատուցմամբ է, որ «Դենո գոլդ մայնինգ քամփնիի» համայնքների եւ հասարակության հետ կապերի պատասխանատուն է: Ներկա դրությամբ կոմբինատում աշխատում է մոտ 1200 մարդ, որից 40 տոկոսն էլ հարկադիր պարապուրդում է, ընդ որում, անորոշ է նրանց վերադարձի հարցը: Ըստ Տեր-Մարտիրոսյանի, հարկադիր պարապուրդի կամ պայմանագիրը չշարունակելու որոշում կայացվածներից մոտ 50 հոգի, հետ են կանչվել աշխատանքի` հաշվի առնելով նրանց ծանր սոցիալական վիճակը:

Ամեն դեպքում, տեղեկացման համաձայն, «Դենո գոլդ մայնինգի» սեփականատերերին ծրագրեր են ներկայացվել, հետագա անելիքները կախված են սեփականատերերի որոշումից, որ դեռ չի ընդունվել: Կապանի կոմբինատը, սակայն, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նման չի դիմել Հայաստանի կառավարությանը օգնության համար, իսկ մի քանի ամսով աշխատակիցների կրճատումների հետաձգումն ապահովելու հնարավորությունը ստեղծվել է կառավարության կողմից ընկերությանը ԱԱՀ մի մասը վերադարձնելու միջոցով:

Տեր-Մարտիրոսյանի խոսքերով, մինչեւ 2008-ը մի որոշ ժամանակ կոմբինատն աշխատել է առանց տնօրենի ու հնարավոր է եղել ոչ ճիշտ մենեջմենթ, նաեւ տեղ են գտել ոչ օպտիմալ գնումներ, որոշ ծախսերի դեպքում էլ կարելի էր խնայողություններ անել: Բայց այլ մեղադրանքների առնչությամբ Տեր-Մարտիրոսյանը ընդգծում է, որ հանքաքարը կշռվում է, ՕՏԿ բաժինն էլ տեղափոխվել է, պայթուցիկների արտադրամասի ծախսերի փոխարեն պայթուցիկներն ավելի էժան ներմուծվում են: Այնուամենայնիվ, փակվել է այդ արտադրամասը, աշխատողների մի մասը տեղափոխվել է: Քիչ աշխատողներ են մնացել հետախուզական աշխատանքների համար, կրճատվել է կարի արտադրամասը, վարչակազմն ու տնտեսական բաժինը մասնակի կրճատվել են:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կապան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4