Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Արդեն մարտի 17-ին ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներով կսկսվի մրցավեճը պատվավոր մրցանակի համար, իսկ չորս օր անց կտրվի նաեւ բարձրագույն խմբի 18-րդ առաջնության մեկնարկը:
Այս օրերին բարձրագույն խմբի 8 թիմերը շարունակում են նախապատրաստությունը նոր մրցաշրջանին: Բավական ակտիվ տրանսֆերային գործունեություն ծավալած «Միկան» մեկնել է Իսպանիաՙ 3-րդ ուսումնամարզական հավաքի: Նոր մրցաշրջանի շեմին թիմի կազմը զգալիորեն համալրվել է: «Միկայում» հանդես կգան ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Արա Հակոբյանը, Աղվան Մկտրչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը: Թիմի հետ պայմանագիր են կնքել նաեւ «Ռեալի» մարզադպրոցի սաներ Մոնտենեգրո Կանոն եւ Պեդրո Լոպեսը, ժամանակին «Միկայում» հանդես եկած Նիկիտա Ֆուրսինը, բրազիլացի կիսապաշտպան Էդնեյ Ֆեռեյրա դե Օլիվեյրան: «Միկայում» է մարզվում նաեւ Մաքսիմ Մորոզովը, որը եւս ժամանակին հանդես է եկել հայկական ակումբում: Կարծում ենք, որ այս համալրումները պետք է նպաստեն «Միկայի» կազմի ուժեղացմանը եւ թիմը Իվո Շուշակի գլխավորությամբ պետք է որ լուրջ պայքար մղի երկրի չեմպիոնի տիտղոսի համար:
Իսպանիայում «Միկան» ստուգողական առաջին խաղում ուժերը չափել է Շվեդիայի չեմպիոն «Կալմարի» հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքիՙ 1-1: 75-րդ րոպեին հաշիվը բացել է Աբիոլա Դաուդան, 90-րդ րոպեին Հրաչյա Միքայելյանը վերականգնել է հավասարակշռությունը: Իսպանիայում նախատեսված են ստուգողական հանդիպումներ նաեւ տեղի «Մալագայի», դանիական «Լյունգբերգի» եւ Վլադիկավկազի «Ալանիայի» հետ: Թիմը Երեւան կվերադառնա մարտի 13-ին:
Շատերին է մտահոգում Երեւանի «Արարատի» ճակատագիրը, որը կազմի զգալի կորուստներ է ունեցել: Թիմում չեն բրազիլացի լեգեոնականները: Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Ուլիս», իսկ Արթուր Պետրոսյանը 1,5 տարով պայմանագիր է կնքել Իրանի «Փայկանի» հետ: Փոխարենը իրանից վերադարձել եւ «Արարատում» է հանդես գալու Արթուրի ավագ եղբայրըՙ Գալուստ Պետրոսյանը: Առայժմ անհայտ է Վահագն Մինասյանի ճակատագիրը, որը հեռացել է «Արարատից» եւ դիմել դատարանՙ ակումբից իրեն հասանելիք պարգեւավճարները ստանալու համար: Տեղեկացնենք, որ «Արարատի» բրազիլացի լեգեոնական Ռենատոն երկամյա պայմանագիր է կնքել Սլովենիայի «Ռուդարի» հետ:
Ի տարբերություն մյուս ակումբների, «Արարատն» իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում: Թիմը հանգրվանել է Ուռեկիում, որտեղ արդեն ստուգողական երկու խաղ է անցկացրել: Առաջին խաղում արարատցիները 5-2 հաշվով հաղթել են Լանչխութիի «Գուրիային»: Երկու գոլի հեղինակ է դարձել Գալուստ Պետրոսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Սարգիս Մովսիսյանը, Սերգեյ եւ Նշան Էրզրումյանները: Հաջորդ խաղում «Արարատը» մրցել է Վրաստանի առաջին խմբի առաջնության առաջատար «Մարտվելիի» հետ: Այդ խաղում դարպասները մնացել են անառիկ: Թիմը նախատեսում է ուժերը փորձարկել նաեւ «Կոլխեթիի», Սամտրեդիայի «Լոկոմոտիվի» եւ Թբիլիսիի «Դինամոյի» հետ մրցախաղերում:
Փետրվարի 24-ից Ուռեկիում է նաեւ «Ուլիսը», որի կազմն էլ զգալի փոփոխության է ենթարկվել: Սակայն ի տարբերություն «Արարատի», «Ուլիսը» զգալի համալրում է ստացել: Բացի Մկոյանից, «Ուլիսում» այս տարի հանդես կգան Արմեն Տիգրանյանը, Կարեն Ալեքսանյանը, Դավիթ Գրիգորյանը, Գագա Թբիլաշվիլին, Արա Հովհաննիսյանը: Վերջերս «Ուլիսի» հետ պայմանագիր են կնքել «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Սեմյոն Մուրադյանը եւ Բելառուսից վերադարձած Կարեն Մուրադյանը:
Աջարիա է մեկնել նաեւ «Կիլիկիան», որի կազմում փորձաշրջան են անցնում «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստներ Վարդան Պետրոսյանը, Մխիթար Գրիգորյանը, Տիգրան Ոսկանյանն ու Գրիգոր Մովսիսյանը: Թիմում հանդես կգան Վլադիմիր Ստեփանյանը, Վահագն Գեւորգյանը, Ռաֆայել Հարությունյանը: «Կիլիկիայի» հետ մեկամյա պայմանագիր է կնքել «Բանանցի» սան Ավետիս Ղազարյանը: Աբրահամ Խաշմանյանի սաներն ուժերը կփորձարկեն ստուգողական խաղերում: Մրցակիցներից մեկը կլինի վրացական «Ամերին»:
Արտերկրում իր երկրորդ հավաքն ավարտեց երկրի չեմպիոն «Փյունիկը»ՙ վերադառնալով Արաբական Միացյալ Էմիրություններից: Հավաքի ընթացքում թիմի մարզիչները կրկին մի խումբ լեգեոնականների են փորձարկել: Մասնավորապես «Փյունիկում» փորձաշրջան անցավ Էկվադորի հավաքականի դարպասապահներից մեկը, սակայն նրա խաղը չգոհացրեց մարզիչներին եւ նա վերադարձավ հայրենիք: Նույն բախտին արժանացավ նաեւ Կոտ դ՛Իվուարից ժամանած ֆուտբոլիստը: «Փյունիկի» հետ Երեւան են ժամանել արգենտինացի երկու ֆուտբոլիստներ եւ նիգերիացի դարպասապահը, որոնց հետ դեռեւս պայմանագիր չեն կնքել:
Այսօր «Փյունիկը» մեկնում է Կիպրոս, որտեղ ուսումնամարզական 3-րդ հավաքը կանցկացնի: Նախատեսվում է ստուգողական 3 խաղ անցկացնել: Կիպրոսում է նաեւ «Բանանցը»: Թիմ է վերադարձել Սամվել Մելքոնյանը, կազմը համալրել են Արթուր Ոսկանյանը, Արտակ Օսեյանը, Հրանտ Գեւորգյանը: Թիմում փորձարկվում են մի շարք լեգեոնականներ, որոնցից առայժմ լավ տպավորություն է թողնում դարպասապահ Օլեգ Օստապենկոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ