«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2009-02-27 | #35, 2009-02-28 | #36, 2009-03-03


«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԶԲԱՂԵՑՐԵՑ 4-ՐԴ ՏԵՂԸ

«Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությունում Կապանի «Գանձասարին» չհաջողվեց մրցանակակիր դառնալ ու արժանանալ դրամական պարգեւի: Կիսաեզրափակիչում «Գանձասարը» մրցեց Ռիգայի «Սկոնտոյի» հետ: 19-րդ րոպեին Ֆերտովը առաջ մղեց «Սկոնտոյին»: 58-րդ րոպեին կապանցիներից Դավիթ Խանիշվիլին վերականգնեց հավասարակշռությունը: Հաղթողին որոշելու համար նշանակվեց 11 մ հարվածաշար: Թեեւ «Գանձասարի» դարպասապահ Վլադիմիր Լուկիչը հետ մղեց Իգոր Տարասովի եւ Վլադիմիր Դվալիշվիլու հարվածները, սակայն դա բավարար չէր հաջողության հասնելու համար, քանի որ նրա խաղընկերներն անհաջող իրացրին հարվածները: Դավիթ Խանիշվիլին ու Թեոֆիլո Լեանդրո դա Սիլվան վրիպեցին, իսկ Արսեն Ավետիսյանի հարվածը դիպավ ձողին: «Սկոնտոն» 11 մ հարվածաշարը շահեց 3-2 հաշվով եւ մտավ եզրափակիչ:

Իսկ «Գանձասարը» 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափեց «Աշգաբադի» հետ: 34-րդ րոպեին Չոնկաեւը բացեց հաշիվը: 56-րդ րոպեին Թեոֆիլո Լեանդրո դա Սիլվան վերականգնեց հավասարակշռությունը: Հանդիպման ելքը վճռվեց 80-րդ րոպեին, երբ Վյաչեսլավ Կրենդելեւը տուգանային հարվածով խփեց հաղթական գոլը: Հաղթելով 2-1 հաշվով, «Աշգաբադը» գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ 5 հազար դոլարի: Իսկ «Գանձասարը» զբաղեցրեց 4-րդ տեղը:

Իսկ գլխավոր մրցանակը 3-րդ տարին անընդմեջ նվաճեց ԹԹՄՀ-ն` եզրափակիչում 1-0 հաշվով հաղթելով «Սկոնտոյին»: Միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Գարաջաեւը: ԹԹՄՀ-ն արժանացավ 20 հազար դոլար պարգեւի, «Սկոնտոյին» բաժին հասավ 10 հազար դոլար պարգեւավճարը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4