ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մաքոքային այցերը Բաքու ու Երեւան
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բաքվի ու Երեւանի միջեւ հետ ու առաջ անող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ մոտ ժամանակներս կիրականացվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Երեկ Ֆրանսիայի դեսպանատանը առավոտյան ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ներկայացրեց, որ այս անգամ տարածաշրջան այցելությունն առանձնահատուկ շրջանակներում է` հաշվի առնելով վերջերս Ցյուրիխում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որն, ի դեպ, Ֆասիեի խոսքերով, երկու նախագահներն էլ գնահատել են դրական ու կառուցողական:
Միեւնույն ժամանակ, դրականի ու կառուցողականի կողքին համանախագահները կրկին հիշատակեցին այն, ինչ արտահայտել էին նաեւ իրենց վերջին հայտարարությամբ, որ վերաբերում էր ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից պատվիրակություններին բաժանվող հակահայկական փաստաթղթերի նախագծերին: Բեռնար Ֆասիեն նշեց Հայաստանի նկատմամբ «քննադատական բնույթի» այդ նախագծերի մասին, որոնք չեն նպաստում բանակցային գործընթացին:
Ամեն դեպքում, նախորդ ուրբաթ Բաքու այցելած, ապա հաջորդ օրը Երեւանով Ստեփանակերտ մեկնած համանախագահները Ադրբեջանում հանդիպել են երկրի նախագահին եւ արտգործնախարարին, իսկ Ստեփանակերտում բավականին երկար հանդիպել են ԼՂՀ նախագահին, առանձնազրույց ունեցել, խոսել նրա թիմի հետ: Բացի այդ, կիրակի համանախագահները, Մեթյու Բրայզայի բնութագրմամբ, «ուշադիր լսել են» նաեւ ղարաբաղյան շուրջ 20 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Երկուշաբթի, արդեն Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ֆասիեի բնութագրմամբ, մի քանի անգամ հանդիպել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, բավականին երկար զրուցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եվ երեկ արդեն, ըստ Ֆասիեի, «դրական զգացումով», իսկ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով` «աշխատանքային տրամադրությամբ», համանախագահները մեկնեցին Բաքուՙ կրկին հանդիպելու Ադրբեջանի նախագահին եւ ԱԳ նախարարին:
«Մեր ունեցած բոլոր հանդիպումները եղել են բավականին առարկայական, բանակցային գործընթացն էլ շարունակվում է: Հույս ենք հայտնում, որ երկու երկրների նախագահները մոտակա ամիսներին կհանդիպեն», ասաց Բեռնար Ֆասիեն, ավելացնելով, որ հանդիպման հնարավոր ամսաթվեր կան, որոնք պետք է համաձայնեցնեն ու ընտրեն երկու նախագահները:
ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների առնչությամբ զեկույցում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին տհաճ ձեւակերպումների` «անջատողականներ», «հայկական զինուժի օգնությամբ», մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշեց, որ դա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է ու, իր համոզվածությամբ, նաեւ Մինսկի խմբի բոլոր երկրներինը: Ամեն դեպքում, Բրայզայի բնութագրմամբ, մարդու իրավունքների զեկույցը հայտարարություն չէ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ մոտեցումների մասին:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին ու այդ առումով հնչող տարատեսակ հայտարարություններին, ապա Բրայզան կրկին հիշեցրեց, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է հելսինկյան երեք սկզբունքների հիման վրաՙ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք:
Թուրքիայի բանակցային գործընթացում միջնորդային դերակատարում ունենալու նկրտումների կապակցությամբ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ընդգծեց, որ թեեւ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ միշտ աջակցել է համանախագահների ջանքերին, բայց միջնորդ չէ:
Փետրվարի 26-ին ԵԱՀԿ առաքելության հերթական մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուժի շփման գծում Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտակայքում դադարեցվել էր, քանի որ մոնիտորինգի սկզբում ադրբեջանական կողմից հնչել է կրակոց ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտում իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների, նրանց ուղեկցող ԼՂՀ արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղղությամբ: Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը չի հասցրել իր առաջնային սահմանների ավելի վաղ պայմանավորված կետը: Համանախագահներն այս առնչությամբ տեղեկացրին, որ այդ միջադեպը կքննարկվի հինգշաբթի Վիեննայում` ԵԱՀԿ մշտական խորհրդի մոտակա նիստում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախագահի գրասենյակի հաղորդագրությամբ, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցյուրիխյան հանդիպմանը, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող հայտարարություններն ու ձեւակերպումները չեն նպաստում կարգավորման առաջընթացի ամրագրմանը:
Համանախագահները հանրապետության նախագահին տեղեկացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ավելի վաղ, կիրակի օրը, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: