«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ԱՄՀ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԴՈԼԱՐ-ԴՐԱՄ ՓՈԽԱՐԺԵՔԻ 17-30 ՏՈԿՈՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Եվ Հայաստանին տրամադրում 540 մլն դոլար պահուստային վարկ

Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) Հայաստանին 540 մլն դոլար պահուստային վարկավորման տրամադրման առնչությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Նինկե Օմեսը : Նա նախ անդրադարձավ այն պատճառներին, որոնք նկատի ունենալով ԱՄՀ-ն որոշել է տրամադրել այս վարկը: Մասնավորապես, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանից արտահանումը նվազել է 44 տոկոսով: Մասնավոր փոխանցումները, եթե նախկինում տարեկան աճում էին 35 տոկոսով, ապա այս տարվա հունվարին անցյալ տարվա հունվարի համեմատ նվազել են 25 տոկոսով: Ակնկալվում է, որ կնվազեն նաեւ ներդրումները:

Ըստ Նինկե Օմեսի, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները եւ Ռուսաստանը նույնպես կորուստներ են կրում, որն ազդում է նաեւ Հայաստանի վրա: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն անցյալ տարի կազմել է 7 տոկոս, իսկ այս տարվա համար ԱՄՀ-ն կանխատեսում է 1,5 տոկոս անկում: Ուստի, ԱՄՀ կառավարիչ տնօրենի որոշմամբ, Հայաստանին կտրամադրվի վերոնշյալ գումարը, որը համարժեք է Հայաստանի քվոտայի 400 տոկոսին: Այսինքն, այդ գումարը բավականին մեծ օժանդակություն է մեր երկրի համար: Արդեն հաջորդ շաբաթ ակնկալվում է, որ Հայաստանը կստանա այդ գումարի 240 մլն դոլարը: Վարկն ունի արտոնյալ ժամկետՙ 3 տարի: Դրանից հետո 2 տարվա ընթացքում պետք է մարվի: Տոկոսադրույքը շուկայական է, բայց ցածրՙ 1,54 տոկոս:

Անդրադառնալով ԿԲ կողմից լողացող փոխարժեքին վերադառնալուն, Նինկե Օմեսն ասաց, որ բավականին ժամանակ ԱՄՀ-ն խորհուրդ էր տալիս այդ քայլին գնալ: Եթե փոխարժեքն ամրագրված է 305 դրամի վրա, ապա դա բացասաբար էր ազդում արտահանման վրաՙ այն դառնում է չափազանց թանկ: Մյուս կողմից, եթե ազգային արժույթը շատ թույլ է, դա նշանակում է, որ կարող է առաջանալ բարձր գնաճ: Այս տարվա համար ԱՄՀ ներկայացուցիչը կանխատեսեց 8 տոկոս գնաճ, որն, ըստ նրա, այնքան էլ վատ ցուցանիշ չէ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե դրամը մինչեւ ո՞ր նիշն է արժեզրկվելու, ապա Նինկե Օմեսն ասաց, որ դա կորոշվի շուկայում: Կան որոշ գնահատականներ այդ կապակցությամբ, համաձայն որոնց, դրամի արժեզրկումը մինչեւ տարեվերջ կգտնվի 17-30 տոկոս միջակայքում: ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ ճգնաժամի սկսվելու պահից մինչեւ այժմ Բելառուսի ազգային արժույթն արժեզրկվել է 20 տոկոսով, Ղազախստանինը նույնպես, Վրաստանինըՙ 11 տոկոսով, Ռուսաստանինըՙ 35 տոկոսով: ԱՄՀ գնահատմամբ, Հայաստանում դրամի արժեզրկումը մոտ կլինի Բելառուսի եւ Ղազախստանի ցուցանիշին: Նինկե Օմեսը նշեց, որ ԱՄՀ-ն խորհուրդ է տվել ԿԲ-ին միջամտել արտարժույթի շուկային, երբ լինեն կտրուկ տատանումներ: Նրա կարծիքով, եթե դոլարի արժեզրկումը շատ բարձր լինի, ապա մարդիկ կսկսեն դոլար վաճառել եւ դրամի փոխարժեքը դարձյալ կբարձրանա:

Նինկե Օմեսը մատնանշեց հայկական բանկերի բարձր իրացվելիությունը: Այն կազմում է բանկերի կարճաժամկետ պարտավորությունների 100 տոկոսը: Այսինքն, եթե բոլոր ավանդատուները որոշեն հետ վերցնել իրենց գումարները, ապա բանկերը դա կարող են վերադարձնել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4