«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ԴՐԱՄԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼԸ, ԸՍՏ ՀՅԴ-ԱԿԱՆԻ, ՈՐԵՎԷ ԴՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ

Մամուլի ազգային ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը անդրադարձավ Կենտրոնական բանկի որոշմանը` անցնելու լողացող կուրսի:

Կենտրոնական բանկի երեկվա որոշումը, ըստ որի պետք է ակնկալել, որ 2009-ին միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը տատանվելու է 360-380 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջակայքում, ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արա Նռանյանը որակեց «այլընտրանք չունեցող որոշում»: Ըստ նրա, այլեւս հնարավոր չէր պահել այն, ինչ ունեին, սակայն միաժամանակ նշեց, որ պետք էր աստիճանաբար դա անել, ոչ թե միանգամից:

Նա նաեւ նշեց, որ փոխարժեքը պահելը որեւէ դրական հետեւանք չէր ունենա: Ըստ ՀՅԴ-ականի, կան որոշումներ, որոնք պոպուլյար չեն, հասարակության դրական արձագանքը չեն ստանա, սակայն այս իրավիճակում դա էր ճիշտ, քանի որ այս կերպ շարունակել հնարավոր չէր. առաջանում էր դոլարային զանգվածի դեֆիցիտ` կապված մի շարք գործոններով եւ հիմնականում տրանսֆերների նվազման հետ:

Ըստ Արա Նռանյանի, դրամի բարձր փոխարժեքը վնասեց տեղական արտադրողներին, դա այսօր ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր կողմնակից են եղել բարձր փոխարժեքին: Փոխարժեքն, ըստ նրա, այս տեսքով պահելը որեւէ դրական հետեւանք չէր կարող ունենալ:

ՀՅԴ անդամն այս ամենը կապում է ԿԲ-ի` շուկայում կատարվող ներարկումների, ինչպես նաեւ դրամի բարձր փոխարժեքի արհեստականորեն պահելու հետ, որը տեղի ունեցավ առանց հաշվի առնելու առկա մի շարք խնդիրներ. «Մի կողմից, առաջացավ առեւտրային դեֆիցիտը ֆինանսավորելու պրոբլեմը, որը տեղի ունեցավ տրանսֆերների նվազման հետեւանքով, իսկ մյուս կողմից էլՙ բացասական սպասումների կուտակման հետեւանքով փոխանակման կետերը, քաղաքացիները, բանկերըՙ հասկանալով, որ դոլարը բարձրանալու է, ձգտում էին տարադրամը պահել իրենց ձեռքում, ինչն էլ ի վերջո առաջացրեց արհեստական դեֆիցիտ»:

Նռանյանի կանխատեսումների համաձայն, դրական ելքը կապված է կառավարության օպերատիվ եւ ճկուն գործելակերպի ու հասցեական տնտեսական քաղաքականություն իրականացնելու հետ:

Արա Նռանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօրվա պայմաններում Հայաստանում չի սպասվում գնաճային ճնշում դրսից, այլ գնաճային հիմնական խնդիրները առաջանալու են երկրի ներսում. «Երկրի ներսում ինչ կկատարվի, մեզանից է կախված, մեր գործունեությունից: Պետք է մշակել մեխանիզմներ, որպեսզի չբարձրանան տեղական արտադրության գները, վարել հակամենաշնորհային քաղաքականություն ու գնաճ չի լինի»:

Ինչ վերաբերում է բյուջեի կատարմանն ու բազմաթիվ հնչած կարծիքներին, թե 2009 թվականի պետական բյուջեն պետք է վերանայվի, Ա. Նռանյանը նշեց. «Պետք չէ կրճատել ծախսերը, ինչպես պնդում են շատերը: Պետք է նվազեցնել եկամտային մասը` թեթեւացնելով հարկային բեռը: Օգտվելով առիթից, որ բյուջեով դեֆիցիտը շատ ցածր է` 1 տոկոս, այն ավելացնելու հաշվին հենց պետք է նվազեցնել եկամտային մասը»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4