Վարշավայում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում Հայաստանի հավաքականից բոլորից հաջող հանդես եկավ Հովհաննես Դավթյանը` արժանանալով արծաթե մեդալի: 60 կգ քաշային կարգում Հովհաննեսը վստահ ելույթներ ունեցավ: Հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, Դավթյանը քառորդ եզրափակիչում պարտության մատնեց վրացի ձյուդոյիստ Նեստոր Խերջիանիին, ապա կիսաեզրափակիչում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գեորգի Չանտարիային: Եզրափակիչում Դավթյանի մրցակիցն իտալացի Էլիո Վերդեն էր, որը հաղթելով հայ ձյուդոյիստին, արժանացավ ոսկե մեդալի:
60 կգ քաշային կարգում հանդես եկած Արթուր Սրապյանը քառորդ եզրափակիչում զիջեց հունգարացի Լազցո Բուրյանին եւ գրավեց 5-րդ տեղը: Իսկ ահա 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը շատ անհաջող հանդես եկան: Նրանք առաջին իսկ գոտեմարտում պարտվեցին ու դուրս մնացին հետագա պայքարից: Անհաջող էր նաեւ Արտյոմ Բաղդասարյանի (73 կգ) ելույթը, որը 1/8 եզրափակիչում պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Յոել Ռազվոզովին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ