Ղարաբաղի տնտեսությունն ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, եւ ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ուղղակիորեն ազդում են ԼՂՀ-ի տնտեսական կացության վրա: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` վստահեցնելով, որ դրամի արժեզրկմանն առնչվող գործընթացները վերահսկում է կառավարությունը:
Վարչապետը տեղեկացրել է, որ նույն օրվա առավոտյան ինքը հանդիպում է ունեցել Ստեփանակերտում առեւտրային գործունեություն իրականացնող համեմատաբար խոշոր սուբյեկտների ներկայացուցիչների հետ եւ խիստ հանձնարարական տվել` զերծ մնալ ապրանքների չհիմնավորված գնաճից: Նրանք նախազգուշացվել են, որ կամայական գնաբարձրացման դեպքում կպատժվեն:
Երեկ ԼՂՀ մայրաքաղաքում մի շարք խանութներ ոչ միայն թանկացրել էին վաճառվող ապրանքները, այլեւ նույնիսկ մի շարք ապրանքատեսակներ շրջանառությունից հանվել էին, իսկ որոշ խանութներ էլ առհասարակ փակվել էին: Վարչապետը հավաստիացրեց, որ դրանք հաջորդ օրվանից կբացվեն: Ինչ մնում է ապրանքների անհետանալուն, ապա հարկային մարմինների ստուգումներ են անցկացվելու այդ խանութների պահեստներում` ճշտելու համար, թե իրո՞ք անհետացած ապրանքը սպառողները լրիվ գնեն, ինչպես վաճառողներն են պատճառաբանում:
Տեղական ապրանքների էական թանկացում չի լինի, իսկ ահա ներկրվող ապրանքների գները կգործեն հայաստանյան գների տրամաբանության շրջանակներում: Թանկացումը, ըստ վարչապետի, լինելու է 15-20 տոկոսի սահմաններում, այսինքն` դոլարի բարձրացմանը համարժեք չափով:
Լրագրողները մտահոգություն հնչեցրին, որ հիպոթեկային վարկ վերցրած անձինք ստիպված են լինելու վարկը դոլարի գործող կուրսով փոխհատուցել, ինչը նրանց վրա անհամեմատ թանկ կնստի:
Արա Հարությունյանը հարցի կապակցությամբ նշեց, որ հետխորհրդային տարածքի այն երկրներում, որտեղ հիպոթեկային ծրագրեր են իրականացվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արտոնյալության առումով առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Նրա խոսքով, դոլարի արժեւորման հետեւանքով կթանկանա նաեւ բնակարանաշինությունը, եւ եթե նախկին վարկառուների համար արտոնություններ սահմանվեն, ապա անհավասար վերաբերմունք կդրսեւորվի նրանց ու նոր վարկառուների նկատմամբ: Լավագույն դեպքում, կկատարվեն աշխատավարձերի սահմանների ուսումնասիրություններ, ու եթե պարզվի, որ մինչեւ դոլարի թանկացումը վարկ վերցրած քաղաքացին ի վիճակի չէ այն ժամանակին վճարելու, ապա վարկի մարման ժամկետները կերկարաձգվեն:
Նա միաժամանակ հիշեցրեց, որ 2009 թվականի պետբյուջեով ԼՂՀ-ում ինչպես թոշակներն ու նպաստները, այնպես էլ մի շարք բնագավառների աշխատողների աշխատավարձերը բարձրացվել են, եւ թանկացումները հասարակության վրա ծանր ազդեցություն չեն ունենա: Այս համատեքստում նա կոչ է արել բնակչությանը` չհամակվել արհեստական ֆորս-մաժորային տրամադրությամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ