Տնտեսական ճգնաժամը չի շրջանցել նաեւ Լոռու մարզը: Նախկինում լինելով խոշոր արդյունաբերական կենտրոն, այսօր չի աշխատում արդյունաբերական ձեռնարկությունների զգալի մասը: Սակայն մարզպետ Արամ Քոչարյանը լավատեսորեն է տրամադրված եւ երեկ մեծ հույսեր էր կապում քիմիական գործարանի հետագա աշխատանքների հետ: «Այս տարի ամենայն հավանականությամբ քիմ. գործարանում մենք վերջապես կունենանք պարարտանյութի 2 տեսակ, որը մեր գյուղատնտեսության համար կունենա կենսական նշանակություն, եւ ես համոզված եմ, որ կդառնա մեր մարզի բրենդը»: Ասուլիսի ժամանակ նա խոսեց ինչպես 2008 թ. կատարված աշխատանքների, այնպես էլ առաջիկայում լուծվելիք խնդիրների մասին: Նրա դիտարկմամբ, մարզի առաջնային խնդիրը աղետի գոտու վերականգնողական աշխատանքն է. «Քաղաքականությունն այսպիսին է. աղետի գոտու բնակարանների շինարարությունը սկսել բուն էպիկենտրոնից եւ նրա շրջակա գյուղերից: Մինչեւ 2012-ի ավարտը աղետի գոտու բոլոր անօթեւան մնացած ընտանիքները կապահովվեն բնակարաններով»:
Անդրադառնալով Ալավերդու գործարանի եւ տարածաշրջանի հանքարդյունաբերության խնդիրներին` մարզպետ Քոչարյանը հայտնեց, որ ճգնաժամի հետեւանքով որոշակի վնաս է կրել նաեւ «Էյ -Սի-Փի» ընկերությունը, որտեղ մինչեւ ճգնաժամը աշխատում էին 1040 աշխատակիցներ: Իսկ վերջին 3-4 ամիսների ընթացքում պղնձի համաշխարհային գների անկման եւ արտադրության ծավալների իրացման դժվարությունների հետեւանքով տնօրենությունը 75 աշխատողի տեղափոխել է Դրմբոն, իսկ 25 հոգու այլ աշխատանքների մեջ է ներգրավել: Մարզպետի խոսքերով` մոտավորապես 250 մարդ կորցրել է իր աշխատանքը:
Լոռու մարզպետը հայտնեց նաեւ, որ Թեղուտի շահագործման հետ էլ բազմաթիվ խնդիրներ կան: Այդ առումով ՎՏԲ բանկը խոստացել է 250 միլիոն դրամի վարկ տրամադրել Թեղուտի շահագործման համար, առաջիկա ժամանակահատվածում, ըստ Քոչարյանի, 50 միլիոն վարկն արդեն պետք է տրամադրվի: Ալավերդու ձուլարանի աշխատանքների դադարեցման դեպքում 500 աշխատողները նույնպես կարող են տեղափոխել Թեղուտ: Քոչարյանի մատուցմամբ` Թեղուտի ամբողջ հզորության գործարկման դեպքում հանքավայրը կունենա 1700-2000 աշխատատեղ:
Ն. Մ.