Նշեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը
Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը երեկ «Նովոստի» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բնական համարեց դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունների եւ դրամի շուրջ 20 տոկոս արժեզրկման պայմաններում ներկրվող ապրանքների գնային փոփոխությունները: Ըստ նրա, գնաճի չափը կախված է ինչպես համաշխարհային շուկայում գներից, այնպես էլ ներքին շուկայում մրցակցության վիճակից: «Հիմա մենք համաշխարհային տեսանկյունից ունենք գնանկումային միտումներ, միեւնույն ժամանակ մեր փոխարժեքի ճշգրտման հետեւանքով կան գնաճային ճնշումներ, որոնց դեմ մենք պայքարելու ենք հետեւողականորեն` սովորական դրամավարկային գործիքներով», ասաց ԿԲ փոխնախագահը, ավելացնելով, որ ինչպես 2008-ին, այնպես էլ այս պահին, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանն ունի բավականին ցածր գնաճ, եւ այս տարի էլ կարող է ունենալ ամենացածր գնաճը տարածաշրջանում: Վաչե Գաբրիելյանը հայաստանյան շուկայում գները համարեց «կոշտ», ինչը բացատրվում է շուկայի ոչ կատարյալ լինելով:
«Ավելի ճիշտ չէ՞ր լինի «լողացող» փոխարժեքի քաղաքականությանն անցնել աստիճանաբար» հարցին Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը երկարաժամկետ առումով փոփոխություն չի կրել եւ կառավարությունը կամ Կենտրոնական բանկը չեն հայտարարել, որ անցում են կատարում ամրագրված փոխարժեքի: Սակայն հայտարարվել է, որ ֆինանսական կայունության ապահովման նկատառումներով ժամանակավորապես կայունացվել է փոխարժեքը: Փոխարժեքի աստիճանական թուլացման կամ ուժեղացման քաղաքականությունը, որը կիրառվում է, մասնավորապես, Ռուսաստանում, ըստ ԿԲ փոխնախագահի, ունի մի շարք թերություններ: Դրանցից հիմնականն այն է, որ թեեւ ծախսվում են մեծաքանակ ռեսուրսներ, ինչը Ռուսաստանի նման հարուստ երկիրը կարող է իրեն թույլ տալ, սակայն չի նկատվում գնաճային ճնշումների եւ փոխարժեքի թուլացում: Ռուսաստանի, ինչպես նաեւ Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի փորձը ցույց է տալիս, որ աստիճանական փոփոխության դեպքում գնաճային եւ փոխարժեքի արժեզրկման սպասումները չեն վերանում: Իսկ փոխարժեքի քիչ թե շատ կտրուկ փոփոխություններ իրականացրած երկրներում այդ սպասումները վերանում են շատ արագ: Այդպիսով, տնտեսության մեջ ճշգրտումը լինում է ավելի արդյունավետ:
Ըստ Վաչե Գաբրիելյանի, վերջին շրջանում, կապված սպասումների հետ, բնակչության մեջ նկատվել է դրամը դոլարի փոխելու միտում: Այժմ վիճակը շատ ավելի հանգիստ է, եւ հետագա արժեզրկման սպասումներն էականորեն նվազել են: «Ի՞նչ ռիսկեր է պարունակում ԿԲ այս քայլը» հարցին ի պատասխան ԿԲ փոխնախագահը նշեց, որ որոշ խնդիրներ կարող են ունենալ ներկրողները, իսկ արտահանողների համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ