Հայաստանում դոլարի վաճառքի հետ կապված, սկսած նախորդ տարվա սեպտեմբերից, մինչեւ այժմ փոխարժեքի լողացող քաղաքականության անցնելը, տեղի է ունեցել սպեկուլյացիա, որոշ մարդիկ մեծ քանակությամբ էժան դոլար են գնել ու տարել դուրս: Այս հայտարարության հեղինակը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն է, որը երեկ մամուլի ասուլիս էր տալիս լրագրողների համար: Նրա խոսքով, մոտ 4-5 ամիս տեղի է ունեցել այդ սպեկուլյացիան:
«Դոլարը չեն բարձրացրել, ֆիքսված քաղաքականություն վարելով պահել ենք դոլարը, որպեսզի կարողանանք հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետեւանքները», հայտարարեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա Կենտրոնական բանկի նախօրեի որոշումը` արտարժույթի փոխարժեքի լողացող քաղաքականության անցնելու վերաբերյալ, ճիշտ համարեց:
Ըստ բանախոսի, եթե առեւտրային բանկերն ու փոխանակման կետերը տեսնեն, որ բնակչությունն օրվա սահմանված գներով դոլար չի գնում, ապա առաջիկա օրերին այդ գները կիջեցվեն:
Լրագրողները փորձեցին պարզել, թե իմանալով այդ մասին, Աշոտ Շահնազարյանը փորձե՞լ է իշխանությանը տեղեկացնել, որ տեղի է ունենում այդօրինակ սպեկուլյացիա եւ այդ պարագայում դոլարը պահելով էժան, իշխանությունը փաստացի 4-5 ամիս սպասարկել է սպեկուլյանտների շահը, դրա համար վատնելով պետական պահուստները: Աշոտ Շահնազարյանն այդ հարցին ի պատասխան ասաց, որ իշխանությունը սպեկուլյանտների շահը չի սպասարկել, այլ լուծել է սոցիալական կայունության խնդիր:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները վարույթ հարուցելու հիմք չեն տվել: Գները բարձրացվել են հիմնավոր կերպով` 10-12 տոկոսի սահմաններում, չարաշահումներ չկան», լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Ըստ նրա, առայժմ ոչ բոլոր ապրանքներն են թանկացել, որոնք էլ բարձրացել են, ապա թանկացումն էական չէ: Եթե օրվա ընթացքում խախտումներ նկատվեն, ապա հանձնաժողովը կփոխի քաղաքականությունը եւ նախազգուշացումից կանցնի վարույթներ հարուցելու փուլին:
Մոնիտորինգի ենթարկված առաջին անհրաժեշտության 30 ապրանքներից հիմնականում թանկացել են 4-ը` ձեթը, կարագի որոշ տեսակներ, «պրեմիում» տեսակի բենզինը` 50 դրամով եւ շաքարավազը 30 դրամով` հասնելով 250 դրամի: Նշենք, որ երեկ որոշ խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառվում էին սահմանվածից բարձր գներով. շաքարավազն, օրինակ, վաճառվում էր 320 դրամով:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով, գնաճի հիմնական մեղավորներից մեկը բնակչությունն է, «աննախադեպ պահանջարկ առաջացավ որոշ ապրանքների նկատմամբ. վախենալով գների բարձրացումիցՙ բնակչությունը նետվել է սուպերմարկետներ եւ մթերային խանութներ գնելու առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդպիսով ստեղծելով այս ապրանքների չարդարացված իրարանցումային, սպեկուլյատիվ պահանջարկ»:
Ինչպես հիշեցրեց հանձնաժողովի ղեկավարը, երկրիՙ լողացող փոխարժեքին վերադառնալու արդյունքում Հայաստանի ապրանքային շուկայում մի քանի ժամով սթրեսային տրամադրություն է տիրել, եւ ապրանքների որոշ տեսակների աննախադեպ պահանջարկ է գրանցվել:
«Արհեստական դեֆիցիտ առաջացնելու փորձեր են եղել, սակայն հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել, բանակցություններ են վարել խոշոր ներկրողների հետ, զգուշացումներ արել, «եւ որոշակի ապրանքների դեպքում մի քանի ժամից հետո նույնիսկ գնանկում եղավ»:
«Ազգ» -ի այն հարցին, թե ի՞նչ խախտումներ է հայտնաբերել հանձնաժողովը դեղորայքի շուկայում, Շահնազարյանը խորհուրդ տվեց չանհանգստանալ, քանի որ շուկայում գործող 18 ընկերությունից ինը գերիշխող դիրք ունեն, այսինքնՙ կառավարելի շուկա է: Ըստ հանձնաժողովի ստացած տեղեկությունների, հիմնական թանկացումները փոքր դեղատներում են, մեծերում դրանք էական չեն: Հանձնաժողովի նախագահն այս շուկայում եւս կանխատեսում է 15 տոկոս գնաճ:
«Այսօր կանխարգելիչ միջոցառումներ ենք ուզում անել. ժողովրդին ուզում ենք ասել, որ աժիոտաժ չկա, պետք չէ այդքան ապրանք գնել, պետք չէ շտապել, ոչինչ չի փոխվելու. ապրանքները ՀՀ-ում պահանջարկից տասնապատիկ ավելի պահեստավորված են. դեֆիցիտ չի լինելու եւ չկա էլ», նշեց Շահնազարյանը:
Ա. Շահնազարյանի կարծիքով, արտարժույթի փոխարժեքի հետ կապված հարցերը եւս շուտով կկարգավորվեն:
Ն. Մ.