«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


ԳՆԵՐԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Նշեց ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը

Հայաստանում փոխարժեքի շուկային եւ ԿԲ իրականացրած քայլերին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը : Նա նախ ներկայացրեց այդ կապակցությամբ բանկիՙ նախօրեին կատարած հայտարարությունը որոշ լրացումներով: Բացի ԿԲ կողմից լողացող փոխարժեքին վերադառնալը ողջունելուց, Համաշխարհային բանկը այն տեսակետն է արտահայտում, որ ճկուն փոխարժեքի քաղաքականությունը կնպաստի Հայաստանի ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկաներում: Կարեւորվում է նաեւ սոցիալական ապահովության ցանցի հզորացումը, որը պետք է մեղմի ճգնաժամի եւ գնաճի ազդեցությունը անապահով խավի վրա: Արիստոմենե Վարուդակիսը հայտնեց նաեւ, որ բացի Հայաստանին տրամադրած 525 մլն դոլար վարկային միջոցներից, ՀԲ կառույց Միջազգային ֆինանսական կորպորացիան կվարկավորի հայկական բանկերին:

ՀԲ ներկայացուցչին ուղղված հարցերն առնչվում էին փոխարժեքին եւ գնաճին: Նա նշեց, որ իրական փոխարժեքը կորոշվի շուկայում, եւ հույս հայտնեց, որ ԿԲ-ն միջամտություններ կիրականացնի միայն կտրուկ տատանումների դեպքում: Գնահատելով իրավիճակը փոխարժեքի շուկայում, Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ այն «հիմա ավելի հանգիստ է»: Նրա համոզմամբ, վերջին ժամանակներս ԿԲ կողմից իրականացվողՙ շուկայում փոխարժեքի միջամտությունների քաղաքականությունը կայուն չէր, բայց Հայաստանում միշտ վարվել է լողացող քաղաքականություն: Փոխարժեքի ճշգրտումը կօգնի բարձրացնել հայկական ընկերությունների արդյունավետությունն ու շահութաբերությունը, ինչպես նաեւ կնպաստի մրցակցությանը ներմուծման ոլորտում, քանի որ ներմուծումը կթանկանա:

«Ազգի» հարցնՙ ուղղված Արիստոմենե Վարուդակիսին, հետեւյալն էր. «Դրամի փոխարժեքի անկման դեպքում սպասելի էին գնաճային երեւույթները, սակայն գների այդքան կտրուկ աճը որքանո՞վ է համարժեք փոխարժեքի փոփոխությանը»: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ մրցակցության պաշտպանությամբ զբաղվող մարմինը պետք է զգոն լինի, ուժեղ եւ անկախ, որպեսզի փոխարժեքի անկման պարագայում ներմուծվող ապրանքների գները չափից ավելիՙ սպեկուլյատիվ գներով չբարձրանան, ճիշտ այնպես, ինչպես պետք է նախկինում հետեւեր, որպեսզի դրամի արժեզրկման դեպքում համարժեք նվազեին նաեւ ներմուծվող ապրանքների գներըՙ «ինչը միշտ այդպես չի եղել»: Սակայն, Արիստոմենե Վարուդակիսի կարծիքով, դա միայն մրցակցության պաշտպանության մարմնի խնդիրը չէ: Հարկային եւ մաքսային մարմինները նույնպես պետք է ապահովեն հավասար պայմաններ, որպեսզի առաձին տնտեսվարողներին առանձնակի մոտեցում չցուցաբերվի եւ մենաշնորհները չխանգարեն մրցակցությանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4