«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


«ԷՍ ԿՈՄԲԻՆԱՏԸ ԱՇԽԱՏԵԼՈ՞Ւ Է, ԹԵ ԹՈՂՆԵՆՔ, ԱՐԱՔՍՆ ԱՆՑՆԵՆՔՙ ԷՆ ԿՈՂՄ»

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի չաշխատելը կնշանակի վերջ քաղաքի գոյությանը

«Էս կոմբինատը աշխատելո՞ւ է, թե թողնենք, Արաքսն անցնենքՙ էն կողմ», սա ագարակցի մի կնոջ խնդրանք էր, հարց, որ պիտի փոխանցվեր Հայաստանի կառավարությանը: Հայաստանի ամենահարավային բնակավայր Ագարակի հրապարակում հավաքվածները սպասում էին լրագրողների այցելությանը, որ կազմակերպվել էր Կապան, Մեղրի եւ Ագարակ` Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

«Նկարեք, միայն թոշակ եմ ստանում, կարող է դա էլ կտրեն», սա էլ առաջին արձագանքն էր զուտ լրագրողական մոտեցմանը, երբ փորձեցինք լուսանկարել Ագարակի հրապարակում հավաքվածներին ու նրանց, ում հետ արդեն սկսվել էր զրույցը:

2007-ի վերջին GeoProMining ընկերությունը ձեռք բերեց մոտ 5 հզ. բնակչություն ունեցող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 100 տոկոսը: Այս տարվա փետրվարի 9-ից սկսվել են զանգվածային կրճատումները, որոնց աշխատանքային վերջնաժամկետ է սահմանված մարտի 9: Նախորդ տարվա նոյեմբերի սկզբին կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա կազմակերպեցին:

Դեռ այն ժամանակ աշխատակիցները, իրենց իսկ խոսքով, գիտեին, որ որոշ չափով կրճատումներ, իսկ մյուսների համար էլ 30 տոկոսով աշխատավարձի իջեցումներ են սպասում: Բայց դեռեւս այն ժամանակ կոմբինատի աշխատողներին խոստացել էին, թե երեք ամիս կրճատումներ չեն լինի:

«1400-ից ավելի աշխատող կար, այս պահին 300-350 մարդ է գնում աշխատանքի: Առաջին խմբաքանակը դեկտեմբերի 1-ին ուղարկվել է հարկադիր պարապուրդի, ընդ որում, հարկադիր պարապուրդի ուղարկվել են առաջիններից հենց ակտիվիստները, որ դժգոհություն արտահայտեցին դեռեւս նոյեմբերին», պատմում է Ավետիսը: Ըստ նրա, հունվարի 10-15-ից պարապուրդի են ուղարկվել եւս 100-150 հոգի, փետրվարի 1-ից մնացած 500-ը անորոշ վիճակում են:

«Այսօր մնացել են 300-350 հոգի, հանքն էլ կանգնած է, փետրվարի 1-ից նաեւ էլեկտրաէներգիայի համար պարտքերի պատճառով: Փետրվարի 9-ից հրաման է եղել որոշ աշխատակիցների վերջնահաշվարկով ազատել աշխատանքից, բայց քանիսը` դժվար է ասել», տեղեկացնում է Ավետիսը:

Քաջարանի կոմբինատը` համեմատության ոչ հաջող օրինակ

«Ագարակը քաղաքային համայնք է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում: Մեղրի քաղաքից գտնվում է 7-8 կմ արեւմուտք, մարզկենտրոնից` 80 կմ հեռավորության վրա: Ագարակը հիմնադրվել է 1949-ին որպես բանվորական ավան, 1995-ից քաղաքային բնակավայր է... Քաղաքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը լեռնահանքային արդյունաբերությունն է: Այստեղ կազմակերպվում է պղնձամոլիբդենային հանքանյութի հանույթ եւ պղնձամոլիբդենային կոմբինատում ենթարկվում նախնական մշակման: Այնուհետեւ մոլիբդենի խտանյութը արտահանվում է Հայաստանից դուրս: Ունի նաեւ ասֆալտի գործարան, տեղական սարքավորումների արտադրություն: Զարգացած է սննդի արդյունաբերությունը»:

Այս մեջբերումը Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում Ագարակին վերաբերող տեղեկատվությունն է, որ հարավային սահման այցելությունից հետո միայն տխուր ժպիտ կարող է առաջացնել` խորհրդային «ուրախ ու երջանիկ» իրականություն հիշեցնելով:

Մինչդեռ ագարակցի Ավետիսը, որ երկար տարիներ աշխատել է հենց այդ կոմբինատում, գտնում է, որ մնում է սպասել արտագաղթի: «Խանութներում արդեն պարտքով ոչինչ չեն տալիս: Պարսկաստանից ապրանքը հասնում է Երեւան, նոր հետ գալիս Ագարակ, ըստ այդմ, թանկ է մեզ մոտ ամեն ինչ: 1996-ին մեծ շուքով բացեցին սահմանամերձ շուկան, արդեն մեկ տարի չի գործում: Անգամ մաքսատանը տեղացիների համար աշխատատեղ չի եղել, բոլորը դրսի աշխատողներ են»:

Արաքսի ձախ ափին գտնվող Ագարակը սահմանամերձ գոտի է, մայրաքաղաքից 400 կմ հեռու: «Արաքսից անգամ օգտվելու իրավունք չունենք, ձուկ բռնելու: Ոչ մի արտոնություն չունենք որպես սահմանամերձ գոտի», դժգոհում են ագարակցիները: Կոմբինատում աշխատանքի երկարաժամկետ հույս ունենալով ագարակցիները վարկեր են վերցրել տան գրավի դիմաց ու հիմա կոմբինատի աշխատակիցներից մի քանիսը տունը կորցնելու վտանգի առաջ են, մյուսներն էլ նման խնդիրները լուծելու զորու չեն:

58-ամյա Սվետլանան աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկական վերահսկողության բաժնում` 50 հազար դրամ աշխատավարձով: 10 տարի աշխատելուց հետո մեկ ամիս հարկադիր պարապուրդում է անցկացրել, ապա մնացել անորոշության մեջ ու առանց աշխատանքի: «Էդ ոնց է, որ Քաջարանը աշխատում է, մենք` ոչ: Ղեկավարությունը մեզ հետ չի հանդիպում: Ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ»:

Սվետլանան արդեն մոտ է թոշակային տարիքին, բայց իր ապագան ոչ մի կերպ չի պատկերացնում. «Պիտի թոշակի գնամ, բայց մոլորվել եմ... Ասում են` գերածախս է եղել: Մի բան կա, չեն ասում ժողովրդին: Թող այստեղ հարցը լուծեն: Ես էստեղ ծնվել, մեծացել եմ, ու հիմա ի՞նչ անեմ` չգիտեմ»: 58-ամյա Սվետլանայի որդին, ի ցավ մոր, արդեն իսկ հայտարարել է, որ հեռանալու է Ագարակից:

Շռայլություն, ծախսեր, խտրականություն

Ագարակցիներին վրդովեցնում են ոչ միայն անաշխատանք մնալն ու դրա հեռանկարը, այլեւ անորոշությունն ու կոմբինատի ղեկավարության եւ Հայաստանի կառավարության անտարբեր մոտեցումը: Իրենց վիճակն ու ապագան հասկանալու համար կոմբինատի աշխատակիցները բազմիցս առաջարկել են գոնե հրապարակային ներկայացնել ցուցակներ, թե ով եւ ինչ վիճակում է, սակայն կոմբինատի ղեկավարությունը ոչ մի նման բան չի արել:

Մելսը կոմբինատում աշխատելու տարիների փորձ ունի եւ փորձառու է ոչ միայն իր արհեստում, այլեւ կոմբինատի ղեկավարության որակների ճանաչման առումով: «Կար նախկինում ռուս տնօրեն, նա կարողացավ աշխատատեղ բացել, գոհ էինք, հսկվում էր, որ գողություն չլինի»:

Մելսի խոսքերով, ներկայումս վրացի տնօրեն է` Գեորգի Դեւաձեն: «Նա ինչ ուզում, անում է: Նա 42 հզ. դոլար այստեղ մի շենքում ապրելու վարձ էր տալիս, ուներ իր խոհարարը, մասաժիստը եւ այլն: Երբ ցանկանում, Ցխալտուբո էր գնում, երկու հաշվապահություն ունի, մեկը` իրենց, մյուսըՙ աշխատողների համար»:

Փորձառու աշխատակիցը գտնում է, որ ճգնաժամը հաղթահարելու համար կարելի էր պղնձի գնի համեմատ իջեցնել աշխատավարձը: «1500 բանվորի աշխատավարձը կազմում է ինչ-որ գումար, կարելի էր հայտարարել, որ աշխատավարձը կիջնի պղնձի գնի հետ ու համբերեք, երբ կշտկվի»:

Մելսի խոսքը այդուհետեւ օգնության խնդրանք է. «Ինչո՞ւ չեն օգնում Ագարակին: Ոչ մի բանի բացատրություն չեն տալիս: Մեզանում վերադառնում ենք տասնյակ տարիներ հետ, երբ տեղացիները երկաթ էին հանձնում: Հիմա անգամ էդ ուտիլը չենք կարողանում հանել»:

Ագարակը մոտ է Քաջարանին, որտեղ պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է գործել: Ու այս հանգամանքն էլ Ագարակի հրապարակում հավաքված հարկադիր պարապուրդում հայտնվածների ու գործազուրկների համար հասկացված չլինելու եւս մեկ հանգամանք է, գործոն: Հիմնական տրամաբանությունն այն է, որ եթե մետաղի գները միջազգային շուկայում բարձր էին, դա չէր ազդում աշխատավարձի վրա, իսկ երբ գները իջան, միեւնույն է, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աշխատել:

Վախը ստիպում է լռել, մինչեւ կդառնան գործազուրկ

«Ժողովուրդը ավելի շատ կհավաքվեր, բայց վախենում են, որ դրա համար հեռացվեն աշխատանքից», ավելին իմանալու ու ավելի շատ մարդկանց հետ խոսելու խնդրանքին տրված հիմնական պատասխանը դա էր, որ կրկնվեց ոչ միայն Ագարակում, այլեւ Կապանում:

«Սյունյաց երկիր» տասնօրյա թերթում դեռեւս դեկտեմբերի վերջին լույս տեսած Ագարակի կոմբինատի արհմիության ղեկավար Արկադի Սարգսյանը, որի արտահայտած դիրքորոշումներն այնքան էլ արհմիության ղեկավարին չեն համապատասխանում, այնուամենայնիվ չի կարողացել բացատրել, թե ինչու են հանկարծակի, հենց նոյեմբերյան գործադուլից հետո աշխատանքից հեռացվել, ասենք, կոմբինատի իրավաբանն ու վարչական տնօրենը:

Կոմբինատի իրավաբանը, մասնավորապես, արհմիության նախագահին տեղեկացրել է, որ իրեն կանչել են տնօրենություն, ասել, թե գործադուլի ժամանակ շատ ակտիվ է եղել: Ասվածը համեմվել է պարզաբանմամբ, թե իրավաբանական բաժնի այն հաստիքը, որ մինչ այդ նա զբաղեցնում էր, կրճատվում է: Վարչական տնօրենին երկար-բարակ բացատրություններ չեն տրվել, միայն, որ ֆինանսական վատ վիճակից ելնելով կրճատվում է նաեւ նրա հաստիքը:

Թերթի վկայությամբ, Սյունիքի մարզի լեռնահանքային ձեռնարկություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին խոսելիս, բացի օբյեկտիվ պատճառներից, նշվում են նաեւ սուբյեկտիվ գործոններ: Մասնավորապես, կոմբինատների աշխատակիցները հայտարարել են անտեղի, ուռճացված ծախսերի, շռայլման, սոցիալական անհավասարության, տեղացիների ու հրավիրված մասնագետների միջեւ խտրականության առկայության մասին: Ավելին, հենց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները պատմել են նաեւ, որ խայտառակ վիճակ է եղել նյութատեխնիկական մատակարարման ոլորտում, եւ գործադուլի պատճառներից մեկն էլ այն է եղել, որ հասել էին մի հանգրվան, երբ աշխատելու համար ոչինչ չի եղել:

Կոմբինատի ներկայիս նորանշանակ ղեկավարին տեսնելու անհաջող փորձերից հետո արդեն հեռանում էինք Ագարակի հրապարակից, երբ հերթական անանուն զրուցակիցը մոտեցավ: «Վրացիք թալանում են կոմբինատը», հայտարարեց նա ու պատմեց այն, ինչ խորապես զայրացրել էր իրեն:

Նորություն չէ, որ Ագարակի կոմբինատում աշխատում են ոչ միայն տեղացիներ, այլեւ Մեղրիի, հարակից գյուղերի բնակիչներ: Հարկադիր պարապուրդում հայտնված չներկայացած զրուցակիցը, որ «Բելազի» վարորդ է ու 6, 4 եւ 2 տարեկան երեխաների հայր, զայրույթով նշեց, որ վարձով Ագարակում ապրող երկու տղաներ կոմբինատից յուղ են գողացել ու նրանց դատում են, մինչդեռ նրանք 4 երեխա ունեն: «Իսկ որ մեր կոմբինատը վրացիք թալանում են, էդ ոչ ոք ոչ մեկին չի դատում»:

«Մինչեւ վրացիքի գալը լավ էինք ապրում, այգի էլ ունեինք, յոլա էինք գնում: Հիմա էլի էդ այգին կա, բայց դրանով երեխա կարո՞ղ ես պահել... Շուկան էլ փակեցին, ամեն ինչ թանկացավ, խանութներից պարտքով ոչինչ չեն տալիս... Բա էսպես ապրել կլինի՞», սա էլ Ագարակի հրապարակում լսած վերջին հարցն էր, որին հաստատ պատասխանել չենք կարող:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. Պարապուրդի մատնված կոմբինատի ներկա վիճակը:

Նկար 2. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցները քաղաքի հրապարակում (մարդիկ նախընտրում են մեջքով կանգնել տեսախցիկին):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4