«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


«ԹՈՂ ՄԱՀԴ ԸԼԼԱՅ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ՛ՆԸ...»

Զուլալ Գազանճյանի հիշատակին

«Այսպիսի պատկառանք, այսպիսի պարկեշտություն, այսքան առաքինի կեցվածք հայոց մեր ժամանակները, մանավանդ մեծագիր Բանի ժամանակները անանցյալ չեն, այլ` գալիք եւ կերպավորելու են ըստ մեր Բանի:

Դահլիճ չունենալ եւ խոսել, որպես թե ճեմարանականների ու գիմնազիստուհիների տաք հայացքների ներքո, տուն չունենալ եւ վիպերգել` որպես թե տան տիրական քո գերդաստանի մեծ ու փոքրով շրջապատված, խորան չունենալ աղերսի ծնկել` որպես թե խիղճ անվանյալ Աստծու լույսը քո ձայնով է ցողվելու` քո եւ քո հոտի տառապած գլխին-սա վարք է հիրավի հավատացյալ մարդու:

Այս Զուլալ Գազանճյանը` մարտիկը, ուսուցիչը, գիտնականը ապուպապով գողթնեցին, հետո շուշեցին, ապա կիլիկեցին, հետո հալեպցին, հիմա Փարիզ-վենետիկցին` իրեն Աստված է արել հայ եւ համաշխարհային պոետական ողջ գիտությունը եւ սրա կենդանի ներկայությամբ եւ այդքան առաքինի», Հրանտ Մաթեւոսյանի այս բնութագրումը սփյուռքահայ բանաստեղծ Զուլալ Գազանճյանին ճանաչելի կդարձնի ամենաանծանոթին անգամ իբրեւ հայ մարդու եւ իբրեւ բանաստեղծական նկարագիր: Արմատներով, էության ամեն բջիջով հայ էր: Հայրենիքի հետ իր կապն ավելի խորացրեց 88-ի համազգային շարժման տարիներին. ակտիվ մասնակցում եւ Եվրոպայում տարածում էր շարժման գաղափարախոսությունը: Սիրելի եւ ընդունված էր երեւանյան գրական միջավայրում, շատերի հետ էր մտերմացել, որոնց նաեւ հրավիրեց Փարիզ` իր բնակարան կեցության: Ջերմ հարաբերություններ է ունեցել Հրանտ Մաթեւոսյանի հետ. պատմում են, որ հաճախ էր լինում գրողների միության իր աշխատասենյակում, երկար լռում: Գրողի մահից հետո հաճախ են իրեն տեսել Հրանտի շիրիմին` մենակ այցելած:

Զուլալ Գազանճյանը ծնվել է Մուսատաղում, 1936 թ.: Ապրել է Հալեպում, Բեյրութում, ապա մեկնել Վենետիկ եւ ուսանել Մխիթարյան հայրերի մոտ, Ս. Ղազարի դպրեվանքում: Վերադարձել է Հալեպ, զբաղվել ուսուցչությամբ, ապա տեղափոխվել Փարիզ, մինչեւ կյանքի ավարտը ապրել Ֆրանսիայում: Պաշտոնավարել է Սեւրի Սամուել-Մուրատյան վարժարանում: Վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ ապրել է Երեւանում` Նորքի իր տանը:

Գիր-գրականության աշխարհի մարդ էր Զուլալ Գազանճյանը, բանաստեղծական խառնվածքի, խենթ ներշնչանքների ու քնարական զեղումների արվեստագետ:

Անդրանիկ ժողովածուն լույս տեսավ 1964-ին` «Կեանքը-քոյրս» («Յառաջ» մատենաշար), 1975-ին նույն մատենաշարով «Արեւածաղկի մը նման», հաջորդաբար` «Շարունակելի» (1988, Վենետիկ), Նորատուզ (1992, Վենետիկ): Վերջին ժողովածուներից մեկը` «Բանաստեղծությունները», տպագրվեց Երեւանում («Նաիրի» հրատ. 1996), 2 տարի անց Վենետիկում գրաբարից արեւմտահայերեն իր թարգմանությամբ եւ խմբագրմամբ լույս տեսան «Հատընտիր հայ հին բանաստեղծութեան» Ա եւ Բ հատորները, 2008-ին Հալեպում տպագրված «Քերթուածներ» ժողովածուն` ծաղկաքաղը, իր վերջին գիրքը եղավ:

...2003-ից կոկորդում բուն դրած հիվանդությունը տարեցտարի խորանում էր, վիրահատությունից հետո էլ պարբերաբար կրկնվում` բանաստեղծի ֆիզիկական հյուծումը անդառնալի դարձնելով: Անցած չորեքշաբթի Նիսի հիվանդանոցներից մեկում` կյանքին հրաժեշտ տվեց սփյուռքի մեր լավագույն քերթողներից մեկը: «Յառաջի» փետրվարի 26-ի համարի` Զուլալ Գազանճյանին նվիրված անդրադարձում մեջբերված է նրա բանաստեղծական արվեստն արժեւորող Մինաս Թեոլեոլյանի խոսքը`

«Արժանաւոր նորերու մէջ մէկն է այն քիչերէն որոնց քերթուածը կը շարունակէ մնալ ապրուած կեանքէն, երազուած սէրերէ, արեւէն ու լոյսէն, ցաւէն ու գեղեցկութենէն վկայութիւն մը, ըլլալով հանդերձ ժամանակին հետ վերանորոգ, արտայայտութեան իր միջոցներով հարուստ եւ ինքնաբաւ բանաստեղծի մը ինքնաբաւ ազատագրումը` ընկալեալ բոլոր ձեւերէն:...Անոր արձակ թէ քերթուած բանաստեղծութիւնները արուեստագէտ սերունդի աւանդութիւններէն, յաճախ նաեւ դասական ոգիէն վկայութիւններ կը բերեն: ...Անոնց ճարտարապետական հէնքը կու գայ մտածման հեղումէն եւ բիւրեղացումէն...

...Բանաստեղծէն անդին, պոհէմ բանաստեղծէն, Զուլալ լաւագոյն ընկերն էր, զոր կարելի էր ունենալ: Հաղորդական, այնքան ջերմութիւն կը դնէր սեղաններու շուրջ հաւաքուած ընկերներուն, երբ Մեծարենց կամ Վարուժան կ՛ատասանէր»...

Երեկ չէ առաջին օրը Փարիզում կատարվեց բանաստեղծի հուղարկավորությունը: Զուլալ Գազանճյանի հեռացումը սփյուռքահայ բանաստեղծական աշխարհի, մեր կյանքի աղքատացումն է: Ամենաանողոքը հրաժեշտի ցավն է, որքան էլ` կյանքը մեզ ստիպում է համակերպվել-հաշտվել ամենին:

Հիշատակի մեր այս անդրադարձը ավարտենք իր մի բանաստեղծության տխուր, բայց հրաշալի տողերով. «Գիտեմ, օր մը չէ օր մը, երբ հասուն ու լիացած` պետք է արձակել վերջին հրաժեշտը, պիտի մեկնիս տղաս, այլեւս ակամայ, այլեւս անվերադարձ: Թող մահդ ըլլայ արեւածաղկի՛նը:

... Վերջին անգամով արձանանալՙ եթէ կրնաս դարձեալ արեւը դիտելով, ապա յուշիկ կախել գլուխդ առյաւէտՙ արեւածաղկի, արեւածաղկի՜ մը. մահուան գեղեցկութեամբը խորունկ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4