ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «Օռլեոն» հյուրանոցի մարզադահլիճում անցկացված մենամարտային ձեւերի օլիմպիական մրցումներում մեծ հաջողության հասան դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկները: Մրցումներին մասնակցած հայ 12 կարատեիստներն էլ տուն վերադարձան մեդալներով: Նրանցից յոթը կանգնեցին պատվո պատվանդանի վերին աստիճանինՙ արժանանալով ոսկե մեդալների:
Մեծահասակների մրցումներում իրենց գերազանց դրսեւորեցին ու ոսկե մեդալներ նվաճեցին Կարեն Նահապետյանը, Էդիկ Ղազարյանն ու Հակոբ Թերջանյանը: Նրանցից հետ չմնացին կրտսեր տարիքային խմբերում հանդես եկած Էդուարդ Ջանազյանը (17 տ.), Վլադիմիր Նալջյանը (16 տ.), Դավիթ Աբգարյանը (14 տ.) եւ Գարիկ Հովհաննիսյանը (13 տ.), որոնք եւս հաղթող ճանաչվեցին ու արժանացան ոսկե մեդալների:
Մեր չորս մարզիկներ դարձան արծաթե մրցանակակիրներ: Մեծահասակների մրցավեճում նման պարգեւ ստացավ Հովհաննես Վարդանյանը: Կրտսեր տարիքային խմբերում 2-րդ մրցանակակիր դարձան Արաբո Թովմասյանը (15 տ.), Արամ Ղարիբյանը (14 տ.) եւ Արմեն Օհանյանը (12 տ.): Մեր հավաքականի ամենակրտսեր մասնակից, 10-ամյա Սերգեյ Չեռնիշեւը նվաճեց բրոնզե մեդալ:
Երեկ Հայաստանի հավաքականի անդամներին, դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի ղեկավարությանը (նախագահՙ Հայկ Վարդանյան, փոխնախագահՙ Էդմոնդ Մուրադյան) ընդունել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, որը շնորհավորեց մարզիկներին մրցումներում հաջող ելույթների կապակցությամբ եւ նորանոր հաջողություններ մաղթեց:
Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը նշեց, որ այս հաջողությունը մարզիչների եւ մարզիկների երկարատեւ, քրտնաջան աշխատանքի արդյունք է: Մինչ ԱՄՆ մեկնելը, անց էր կացվել Հայաստանի գավաթի խաղարկությունը, որի արդյունքներով էլ կազմավորվել էր Հայաստանի հավաքականը: Առջեւում մեր կարատեիստներին նոր փորձություններ են սպասում: Մայիսի 8-10-ը Օդեսայում անցկացվելու է միջազգային խոշոր մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացնելու են մոտ 70 մարզիկներ, իսկ հունիսին առաջին անգամ Ուկրաինայում տեղի է ունենալու աշխարհի առաջնությունը: Այդ պատասխանատու մրցաշարերին նախապատրաստվելու համար ուժերի լավ ստուգատես կլինի ապրիլի 25-ին «Դինամո» մարզադահլիճում անցկացվելիք Հայաստանի առաջնությունը: Հենց առաջնության արդյունքներով էլ կկազմավորվի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա միջազգային մրցումներին: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մարզիկով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ