«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ԳԻՇԵՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐԻՑ ԴԵՌԵՎՍ ԲՈԼՈՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏՎԵԼ

Ապրիլի 1-ից մեկ խորանարդ մետր գազի համար արցախցիները կվճարեն 96 դրամ, իսկ ամսական 10.000 խմ-ից ավելի օգտագործող ձեռնարկությունների համար որոշվել է 80 դրամ: Այսպիսի սակագներ է սահմանել ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն օրերս կայացած նիստում:

«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը սակագնի բարձրացումը բացատրել է ներկրվող գազի արժեքի բարձրացմամբ: Հանձնաժողովը համաձայնել է դրան, հաշվի առնելով, որ ներկրվող գազի արժեքը բարձրացել է 40, իսկ սակագինըՙ 24 տոկոսով: Ընդ որում, նույնիսկ այս դեպքում «Արցախգազը» կշարունակի շահույթով աշխատել:

ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի մեկնաբանմամբ, ներկրվող գազի սակագնի փոփոխությունը հանգեցրել է էներգիայի մյուս աղբյուրների համարժեք թանկացումներին: Դրանով պայմանավորված, ապրիլի 1-ից կփոխվեն նաեւ էլեկտրական էներգիայի հաղորդման եւ բաշխման ծառայությունների մատուցման սակագները: Հանձնաժողովի որոշմամբ, օրինակ, 35 վ եւ բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար կգործի ցերեկային սակագինՙ 20 դրամ, գիշերային սակագինՙ 17 դրամ: Առաջարկվող սակագները, սակայն, կապ չունեն բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների հետ: Դրանք մնացել են անփոփոխ եւ գործելու են այն սահմաններում, որոնք որոշվել են մինչ այդ:

Գիշերային սակագները կգործեն երեկոյան ժամը 11-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը եւ կհաշվարկվեն սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվարկի սարքի առկայության դեպքում: Սակայն գիշերային սակագներից դեռեւս քչերը կարող են օգտվել, քանզի համապատասխան հաշվիչները դեռ տեղադրված չեն

«Արցախէներգո»-ի ներկայացուցիչը, չգիտես ինչու, հիշյալ նիստում հանդես եկավ որպես շարքային սպառողՙ դժգոհություն հայտնելով հաշվիչների տեղադրումն ուշացնելու առթիվ: Դրանով զբաղվող կազմակերպությունը չի հասցնում միանգամից մեծ ծավալի հաշվիչներ արտադրել: Առ այսօր, ըստ նրա, տեղադրվել է 5000 հաշվիչ, մինչդեռ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի բանավոր տվյալներով` այդ թիվը կազմում է 1000-2000: Նկատենք, որ Արցախում ապրում է շուրջ 36 հազար ընտանիք, եւ ենթադրվում է, որ բաժանորդների թիվն անհամեմատ մեծ պիտի լինի:

Հանձնաժողովի նիստին ներկա ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը հարց հնչեցրեց` ինչո՞ւ չսպասել մինչեւ հաշվիչների լրիվ տեղադրումը եւ նոր միայն սակագները բարձրացնել: Արհֆեդերացիայի ղեկավարին նաեւ մտահոգում էր, թե ինչու պահանջարկի շուրջ 40 տոկոսի չափով էլեկտրաէներգիա արտադրող երկրում սակագների նման աճ է տեղի ունենում: Արա Ղահրամանյանի հավաստմամբ, Արցախում էլեկտրաէներգիայի կորուստները գերազանցում են հայաստանյան մակարդակը, ինչն անթույլատրելի է:

Այդ առնչությամբ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Վ. Ադամյանը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի կորուստները տարեցտարի կայունորեն կրճատվում են: Այլ հարց է, որ «Արցախէներգոն» պետք է հանձնաժողովին ժամանակացույց ներկայացնի էլեկտրաէներգիայի կորուստների դինամիկայի մասին: Միաժամանակ, նշեց նա, անհրաժեշտ է, որ ներկայացվի հաշվիչների տեղադրման ծրագիրը: Հասարակությունը պետք է տեղեկացված լինի կատարվող աշխատանքների մասին, որպեսզի տարակերպ մեկնաբանությունները բացառվեն:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4