Այսօր Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 10-րդ առաջնությունը: Մրցաշարում հայտավորված 318 մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստներ` Վլադիմիր Հակոբյանը (2700), Տիգրան Պետրոսյանը (2623), Արման Փաշիկյանը (2621), Տիգրան Քոթանջյանը (2568), Զավեն Անդրեասյանը (2564), Արտաշես Մինասյանն (2557) ու Արթուր Չիբուխչյանը (2444):
Մրցաշարը բավական ուժեղ կազմ ունի: Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու մի շարք ճանաչված շախմատիստներ: Նրանցից երկուսն էլիտար գրոսմայստերների շարքին են դասվում, որոնց անհատական վարկանիշը 2700 եւ ավելի է: Բացի Վլադիմիր Հակոբյանից, այդ շախմատիստը իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոն է (2702): Մրցաշարի ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող 20 շախմատիստների թվում են նաեւ Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը (2693), ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւը (2688), Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովն (2685) ու Իվան Սոկոլովը (2657), բուլղարացի Իվան Չեպարինովը (2679): Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր:
Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնություններն անցկացվում են 2000-ից: Առաջինը տեղի է ունեցել Իտալիայում, որտեղ հաղթող է ճանաչվել ռուսաստանցի Պավել Տրեգուբովը: Հաջորդ տարիներին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացել են Իսրայելը ներկայացնող Էմիլ Սուտովսկին, լեհ Բարտլոմեյ Մաչեյան, վրացի Զուրաբ Ազմայփարաշվիլին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռումինացի Դիտեր Նիսիպեանուն, խորվաթ Զդենկո Կոզուլը, Ֆրանսիան ներկայացնող Վլադիսլավ Տկաչովը եւ Հոլանդիայում բնակվող Սերգեյ Տիվյակովը:
Հայաստանցի շախմատիստներից առավել հաջող է հանդես եկել Լեւոն Արոնյանը, որը 2 անգամ դարձել է բրոնզե մրցանակակիր: Առաջին անգամ դա պատահել է 2004-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ հանդես էին գալիս 74 շախմատիստներ: Հաջորդ տարի Լեհաստանի Զեգրցե քաղաքում կայացած առաջնությունում Արոնյանը կրկնեց հաջողությունը: Անցած տարի Պլովդիվում կայացած Եվրոպայի 9-րդ առաջնությունում մեծ հաջողության հասավ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը` դառնալով փոխչեմպիոն:
Կանայք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճը կսկսեն մարտի 8-ին Սանկտ Պետերբուրգում: Հայաստանը կներկայացնեն Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը, Սիրանուշ Անդրեասյանն ու Աննա Հայրապետյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ