«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ

«Մի հանգամանք, որ իշխանությունները հաշվի չառան ու շարունակ արժեւորում էին տեղական դրամը: Իսկ արժեւորումից անցյալ տարի Հայաստան ներկրվող ապրանքները 4.4 միլիարդ դոլարից ավելի կազմեցին, իսկ արտահանվողներըՙ 1 միլիարդ դոլարից մի փոքր ավելի: Մենք անկում ենք ունեցել տեղական ապրանքների արտահանումների գծով, իսկ ներկրումների գծով աճ ենք ունեցել ու դրանք գերազանցել ենք 35%-ը», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա գնահատմամբ, ազգային արժույթի լողացող փոխարժեքը հնարավորություն կտա զարգացնելու տեղական արտադրությունը: Նա նաեւ նշեց, որ պետությունը պետք է վերանայի այն մոտեցումներն ու կարծրատիպերը, որոնք խանգարում են երկրի տնտեսության զարգացմանը:

Վ. Սաֆարյանն առաջարկեց Ազգային ժողովում տնտեսական քաղաքականությունը փոխելու օրենք ընդունել: «Այսօր շատերը շփոթում են ազատականությունն ու ազատ շուկայական տնտեսությունները, դրանք տարբեր բաներ են: Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակը պարզ ցույց տվեց, որ ազատ շուկայական տնտեսություններին բնորոշ են ճգնաժամերը, անկառավարելի իրողությունները», նշեց Վ. Սաֆարյանը: Դրա համար էլ միության նախագահն առաջարկեց արմատապես փոխել Հայաստանի տնտեսական քաղաքականությունը:

Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման մասին խոսելիս, Վ. Սաֆարյանը նշեց, որ այդ թանկացումները կհանգեցնեն նաեւ որոշակի ապրանքատեսակների գների թանկացման ու 500 հազարից ավելի թոշակառուների ու ցածր աշխատավարձ ստացողների համար, գործազուրկների ու արտագնա աշխատանքի սպասողների համար շատ ծանր պայմաններ են ստեղծվելու:

Այս ամենից խուսափելու կամ հետեւանքները մեղմելու համար, ըստ նրա, պետությունը պետք է կարգավորի ու կառավարի տնտեսությունը: Նրան հետաքրքրում էր, որ եթե անցյալ տարի ներկրվել են 4.4 մլրդ դոլարի ապրանքներ, ապա ինչու պետությունը ներկրվածի 10-15 %-ի չափով ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներ չի ներկրել: Այդ դեպքում պետությունը կունենար առեւտրային կապիտալ, իսկ դա կարող էր փոխակերպվել արդյունաբերական կապիտալի ու արդյունաբերությունը կարող էր վարկավորվել ցածր տոկոսադրույքներով ու երկարաժամկետ վարկերով, իսկ այդ խնդրի լուծմանն այսօր սպասում են ապրանք արդյունաբերողները:

Վ. Սաֆարյանն իր զարմանքն արտահայտեց այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանը ներկրում է նույնիսկ բուսական յուղ, շաքարավազ ու մթերքներ, որոնք ժամանակին Հայաստանում արտադրվել են ու բավարարել են բնակչության պահանջները:

Ըստ նրա, ներկրողներն անբարեխիղճ են գտնվել ու օգտվելով պետության թողտվությունից իրենց համար հեշտ ճանապարհ են բացելՙ տեղում արտադրանք սկսելու, ծավալելու փոխարենՙ ներկրել են: «Որեւէ մեկի մտքով չի անցել, թե ինչո՞ւ է 5 տարի Գյումրիում շաքարի գործարան կառուցվում, բայց շահագործման չի հանձնվում: Ինչո՞ւ պետությունը չի զբաղվում դրանով: Եթե գործը սկսած մարդիկ ի վիճակի չեն ավարտել, թող պետությունն իր ձեռքը վերցնի, քանի որ արտադրության կազմակերպումը թույլ կտա շրջակա գյուղերի բնակիչներին շաքարի ճակնդեղի աճեցմամբ զբաղվել», նշեց Վ. Սաֆարյանը: Նա նաեւ անբացատրելի համարեց, որ անցյալ տարի հացահատիկի արտադրության ծավալները կրճատվել են նախորդ տարվա համեմատ, սակայն պետք է հակառակը լիներ:

Վ. Սաֆարյանի խոսքով, շատ լավ կլինի, որ կրկին գործեր «Նաիրիտ» գործարանը, քանի որ պետությունը պետք է կարողանա աջակցել այն ձեռնարկություններին, որոնք կարող են մեծ շահույթ բերել: Սաֆարյանը հիշեցնում է, որ «Նաիրիտը» մոնոպոլ ձեռնարկություն է եղել ամբողջ Խորհրդային Միության տարածքում. «Գործարանի գործելու դեպքում հնարավոր կլինի միայն Ռուսաստանում 10-15 հազար տոննա կաուչուկ վաճառել: Ուրեմն պետք է հնարավորությունները կարողանալ օգտագործել: Ներքին կոոպերացիայի հարցերով մեր կառավարությունը չի զբաղվում: Մենք պղնձի խտանը տարեկան 5-7 հազար տոննա արտասահմանին ենք վաճառում որպես հումք, բայց կարող ենք դարձնել կատոդային պղինձ, վերջինից էլ պղնձալար ստանալ, որն էլ կդառնա մալուխ: Իսկ մալուխը կօգտագործվի էլեկտրատեխնիկայի արդյունաբերության մեջ, որը նույնպես մեծ եկամուտ կբերի», նշեց միության նախագահը:

Ակումբի հյուրը նկատում է, որ այս ամենի համար մեծ հմտություն կամ խելք չի պահանջվում, պարզապես հարկավոր է աշխատանքները կազմակերպել. «Հարկավոր է դեմքով շրջվել դեպի տեղական արտադրողը»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4