Ժամանակին հայ-իրանական սահմանում այս ու այն կողմ ճանապարհվող վարորդների համար ամենահարմար գործը բավականին էժան իրանական սոլյարկան սեփական բեռնատարների բաքերով Հայաստան ներկրելն ու այստեղ վաճառելն էր:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ նախորդ շաբաթ հայկական մի շարք լրատվամիջոցների Սյունիք լրագրողական այցելության շրջանակներում Մեղրու մաքսային կետում այս եւ սահմանային այլ խնդիրներից զրուցեցինք մի քանի իրանցի վարորդների, նաեւ մաքսատան պետի հետ:
14 տարի Հայաստան բեռնատարով ապրանքներ փոխադրող իրանցի վարորդ Հասան Չաարին հայերին լավ է վերաբերվում, շատերին է ճանաչում: Հասանը պատմեց, որ ժամանակին իսկապես սոլյարկա բերում էին, իսկ հիմա արդեն մաքսատունը թույլ չի տալիս: Անհնար է դարձել ավելի քանակությամբ սոլյարկա անցկացնելը մեքենաների բաքերում:
Իրանցի վարորդ Նաղտի Վալին 1999 թվականից է բեռներ փոխադրում Հայաստան: Ամսվա ընթացքում 15-20 օր Հայաստանում է: Հարցին, թե արդյոք շա՞տ են ադրբեջանցիները Իրան-Հայաստան գծով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների մեջ, Նաղտին հավաստիացրեց, որ ադրբեջանցի է վարորդների ավելի քան 80 տոկոսը: Նրանց մեծ մասը, ինչպես եւ Նաղտին ու Հասանը, հասկանում են հայերեն, շատերը` բավականին լավ խոսում:
«Մի ժամանակ դիզվառելիքի խնդիրներ կային: Իրանում սոլյարկան շատ ավելի էժան է, ու փորձում էին բերել իրենց մեքենաների բաքերում, իրենց անհրաժեշտ քանակից ավելի, մնացածն էլ վաճառում էին Հայաստանում: Դրա դեմ էլ ենք պայքարում, հիմա գրեթե չեն բերում», պարզաբանեց Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի պետ Սամվել Հայրապետյանը :
Այս սահմանին եւս մեկ խնդիր էլ թմրամիջոցների շրջանառությունն է: Իրանից թմրանյութերի մուտքի առնչությամբ Հայրապետյանը նշեց, որ դա ամենացավոտ հարցն է: «Չի կարելի թույլ տալ, որ թմրամիջոցները մտնեն հանրապետություն: Բայց դա պրակտիկայում շատ բարդ է: Ունենք համապատասխան սարքավորումներ, որոնցով վերահսկվում են մեքենաները, բայց քաղաքացիները կարող են իրենց վրա անցկացնել», նշեց Հայրապետյանը:
Ըստ նրա, ամեն դեպքում, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի առումով արձանագրվում են բավականին լավ ցուցանիշներ, թեկուզ վերջերս 2 կգ օփիումի բացահայտումը, որ փորձել էր անցկացնել Հայաստանի մի քաղաքացի: Քաղաքացիները իրենց վրա փորձում են անցկացնել, քանի որ այդօրինակ ստուգումներ անցկացնելու համար բարդություններ կան:
Մաքսատան տարածքում տեղադրված է նոր սարքավորում, որը, ինչպես պարզաբանվեց, գրանցում է ամեն ինչ, ինչ առկա է մեքենայում: «Իսկ անձանց ստուգելու համար պետք է հիմնավոր կասկած ունենանք», բացատրեց Հայրապետյանը: Մաքսային օրենսգրքի 147 հոդվածի համաձայն, անձի քննումը որպես մաքսային հսկողության բացառիկ ձեւ կատարվում է առնվազն մաքսատան պետի տեղակալի գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան, որ ֆիզիկական անձը թաքցնում է մաքսանենգ ապրանքներ:
Հայրապետյանի խոսքերով. «Թմրանյութերի ներկրումը միշտ եղել է հրատապ խնդիր, եւ թմրամիջոցների օգտագործումը դիտվում է ՀՀ բոլոր քաղաքներում: Թրմամիջոցների փոխադրումը բացահայտելու համար մաքսակետում նաեւ շներ են օգտագործվում»: Շները, սակայն, օգտագործվում են այն ժամանակ, երբ շատանում է ուղեւորահոսքը:
Ուղեւորների շարժն էլ, մաքսակետի պետի տեղեկացմամբ, ակտիվանում է ամռանը, ավելի շուտ կապված զբոսաշրջության հետ, երբ իրանցիները փորձում են այցելել Հայաստանի տեսարժան վայրերը: Սեզոնային ակտիվություն է նկատվում նաեւ մարտին, երբ Իրանում տոներ են, երբեմն օրական 1500 մարդ է մտնում հանրապետություն: Հայաստանցիների թիվը սեզոնային փոփոխության չի ենթարկվում եւ ընդհանուր առմամբ փոքր է:
Ինչ վերաբերում է մաքսատունը շրջանցելու հնարավոր ճանապարհներին, ապա, մաքսատան պետի վկայությամբ, հայ-իրանական սահմանի այս մաքսակետը հանրապետության բացառիկներից է, որտեղ շրջանցիկ ճանապարհներ չկան: «Միակ ճանապարհը կամուրջն է, միայն մաքսակետով»:
Հայ-իրանական սահմանին եւս մեկ կարեւոր խնդիր է այն, թե ինչպես է իրանական կողմը փաստաթղթեր լրացնում: Ըստ Հայրապետյանի, իրանական կողմը վատ է կազմակերպում փաստաթղթերը, հայերեն բառերը երբեմն գրված են լինում անգլերեն տառերով: «Ուղեկցող փաստաթղթերը անգլիատառ են լինում, կիսապարսկերեն, կիսահայերեն, շատ դեպքերում փաստաթղթերը ներկայացնում են ջնջումներով», ներկայացրեց Հայրապետյանը, ավելացնելով, որ «եթե դրանք հիմք ընդունվեն, պիտի վերադարձվեն: Սակայն խնդիրն այն է, որ վերադարձվելու դեպքում դրանք գրեթե միշտ մնում են նույն տեսքին: Ամեն դեպքում, օրերս իրանական կողմի հետ հանդիպմանը կքննարկենք նաեւ այդ հարցերը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեղրի-Երեւան