«CARD ագրոսերվիսի» եւ ամերիկյան գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող «Ջոն Դիր» ընկերության միջեւ երեկ պայմանագիր կնքվեց, համաձայն որի, ամերիկյան ընկերության գյուղսարքավորումների վաճառքն ու սպասարկումը Հայաստանում կիրականացնի «CARD ագրոսերվիսը»: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էր եւ ելույթ ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը : Նա նշեց, որ «Ջոն Դիրը» աշխարհի ամենահայտնի գյուղսարքավորումներ արտադրող ընկերություններից է, եւ հույս հայտնեց, որ այս գործարքը կխորացնի հայ-ամերիկյան հարաբերությունները:
Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Պետրոսյանն իր ելույթում տեղեկացրեց, որ Հայաստանում այժմ 14 հազար գյուղտեխնիկա է շահագործվում, սակայն դրա կեսի շահագործման ժամկետներն արդեն սպառվել են: Ուստի, նրա կարծիքով, ամերիկյան գյուղտեխնիկայի կիրառումը մեծ նշանակություն կունենա մեր գյուղատնտեսության համար: Միեւնույն ժամանակ նշենք, որ ամերիկյան վերոնշյալ ընկերության տրակտորների, կոմբայնների եւ մյուս մեքենասարքավորումների գները տատանվում են 20-150 հազար դոլարի շրջակայքում, ինչը նշանակում է, որ դրանք քչերին հասանելի կլինեն:
Ա. Մ.