«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արեւի էներգիան անմիջապես վերափոխվում է էլեկտրականի

Հայտնի է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման նոր հեռանկարներ են բացվում հենց ճգնաժամային տարիներին, քանի որ դրանց կիրառումը նվազեցնում է ծախսերը եւ բարձրացնում տնտեսական գործունեության արդյունավետությունը: Վերջերս, ներկայացնելով իր հակաճգնաժամային ծրագիրը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարեւորեց իր երկրում արեւային էներգետիկայի զարգացումը, ասելով, որ թեեւ ԱՄՆ-ն է այս ոլորտում առաջնեկը, բայց ավելի շատ արեւային էներգետիկան կիրառվում է Ճապոնիայում եւ Գերմանիայում: Բազմիցս ենք մեր թերթում անդրադարձել արեւային էներգիայի արդյունավետ կիրառման տարբեր նախագծերին եւ ձեռնարկներին: Նման մի նախագիծ էլ մշակվել է «Վիասֆեր» տեխնոպարկում, որի մասին մանրամասներ իմացանք «Վիասֆեր» տեխնոպարկի մենեջեր, «Տրանզիստոր պլյուս» ընկերության տնօրեն Գագիկ Այվազյանից :

Ըստ Գագիկ Այվազյանի, արեւային էներգետիկային վերաբերող նոր նախագիծը մշակվել է հայաստանյան մի քանի ընկերությունների համատեղ ջանքերովՙ «Վիասֆեր» տեխնոպարկի տնօրեն Արամ Վարդանյանի գլխավորությամբ: Դրան մասնակցել են Երեւանի պետական համալսարանի, Սլավոնական համալսարանի, Երեւանի ճարտարագիտական համալսարանի մասնագետները, իրականացրել «Տրանզիստոր պլյուս», «Բարվա», «Արեւ» ընկերությունները:

«Կա հաշվարկային գնահատում, որ եթե 1 մգվտ արեւի էներգիան ենք օգտագործում սովորական էներգիայի փոխարեն, ապա դա տարեկան մոտ 1400 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետում է նվազեցնում: Այս տարի պետք է սկսվի 100 կվտ հզորությամբ էլեկտրակայանի նախագծի իրականացումըՙ A3B5 տիպի եռակասկադ կառուցվածքներով, որոնց վրա կառուցելու դեպքում ստանում ենք բավականին մեծ օգտակար գործողության գործակիցՙ 35 տոկոս եւ ավելի», պարզաբանեց մեր զրուցակիցը: Դա նշանակում է, որ այս էլեկտրակայանը արեւի էներգիայի 35 տոկոսն անմիջապես փոխակերպում է էլեկտրական էներգիայի: Նախագիծն իր բիզնես պլանով արդեն ներկայացվել է էներգետիկայի նախարարությանը ֆինանսավորում ստանալու համար եւ հավանության է արժանացել:

Գագիկ Այվազյանը նշեց, որ սա փորձնական ծրագիր է, իսկ զանգվածային արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է նվազեցնել փոխակերպվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: «Ինքնարժեքն աշխարհում 1 վտ-ը այս տիպի էլեկտրակայաններում 5-7 դոլար է, իսկ մենք ուզում ենք այդ գնից մոտ 2 անգամ ցածր ինքնարժեք ունենալ: Այդ նպատակով երեք նորամուծություն ենք կիրառել», ասաց «Տրանզիստոր պլյուսի» տնօրենը եւ ներկայացրեց այդ նորամուծությունները: Առաջինը նյութն է, որից պատրաստվելու է էլեկտրակայանըՙ խոսքը A3B5 տեխնոլոգիայի մասին է: Երկրորդն այն է, որ էլեկտրակայանը անընդհատ պետք է հետեւի արեւի ընթացքին ե՛ւ ուղղահայաց, ե՛ւ հորիզոնական, կլանելով ու էլեկտրականի վերածելով նրա էներգիան: Երրորդը արեւի էներգիան ոսպնյակի միջոցով որոշակի փոքր տարածքի վրա ուղղելն է, որը թույլ կտա խտացուցիչների նյութը խնայել: «Հույս ունենք այս նորամուծությունները կիրառելով իջեցնել արեւի էլեկտրակայանի արտադրած էլեկտրական էներգիայի 1 վտ-ի ինքնարժեքը մինչեւ 3 դոլարիՙ 35 տոկոս օգտակար գործողության գործակցով (ՕԳԳ):

Մեր հարցին, թե պահանջարկն այս էլեկտրակայանների նկատմամբ ինչպիսի՞ն է, Գագիկ Այվազյանը վստահեցրեց, որ ունի անսահմանափակ պահանջարկ աշխարհում եւ Հայաստանում: Հետեւաբար, կարելի է ենթադրել, թե ինչ հաջողություն կունենա այս նախագիծը կյանքի կոչվելու դեպքում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4