«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ, ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԴ

Ակնարկ Երեւանի առաջին բարձրահարկ շենքի պատմության

Ալեքսանդր Թամանյանի արձանի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները մի առավելություն հաստատ ունեն` կառույցի դիրքի, վերին հարկերի բնակարաններից բացվող տեսարանի առումով: Եթե ամեն առավոտ հայացքիդ առաջ Մասիսն է, լեռան ֆոնինՙ Թամանյանի գլուխգործոց օպերայի շենքը, աջակողմյան մասիցՙ Կասկադի բարձունքն է, Մաշտոցի ու Մոսկովյան պողոտաների բանուկ անցուդարձով, ուրեմնՙ օրը գոնե այդչափով հրաշալի է սկսվում` տրամադրությունդ առավոտվա տեսարանի հետ ակամա բացվող:

Թամանյան փողոցի թիվ 1ա շենքը (ճարտարապետներՙ Բաբաջանյան, Հուսյան) փետրվարին 50 տարին բոլորեց: Երեւանի ամենաբարձր շենքերն այն տարիներին 5-6 հարկանի քարե կառույցներն էին, դրանց կողքին 9 հարկանի այս շենքը, բնականաբար, բնակիչների հետաքրքրությունն էր առաջացնում:

Հնաբնակներն ասում են, որ Թամանյան փողոցի երկու շենքերը Երեւանի առաջին բարձրահարկերն են, եւ առաջին վերելակները տեղադրվել են այդտեղ: Նրանք հիշում են, որ տարբեր տեղերից երեխաներ էին գալիս շենքՙ «վերելակ քշելու»: Մի օր էլ հրշեջներ են երեւացել. մեքենաների ազդանշանները նորաբնակներին չարագուշակ են թվացել, սակայն պարզվել էՙ բարձրահարկերի փորձ չունեցող հրշեջ ծառայությունը եղած աստիճաններն էր ստուգում, թե արդյոք շենքի տանիքին կհասնե՞ն:

Շինարարական նոր լուծումներով շենքը ճարտարապետական մտահղացումներով եւս նորություն էր: Թեեւ շենքն արտաքին տեսքից ճարտարապետական առանձնահատուկ որեւէ դետալով գեղագիտորեն աչքի չի ընկնում, ասենքՙ քաղաքի որոշ հին շենքերին բնորոշ մուտքերին կամ պատերի անկյուններում նախշազարդ փորաքանդակների գոյությամբ, բայց բաց վարդագույն տուֆի երեսպատումով, բետոնի ու քարի ամուր համաձուլվածքով, կառուցված է սեյսմիկ անվտանգության բոլոր կանոններով եւ դիմակայել է ժամանակի շատ փորձությունների, ընդհուպ 88-ի երկրաշարժի ցնցումները:

Ներքին հարդարանքները, բնակարանային պայմաններն ի տարբերություն 70-ականներից հետո քաղաքում տարածված ստերեոտիպ բարձրահարկերի, անհամեմատ հարմարավետ ենՙ ընդարձակ տարածքով, առաստաղների բարձրությամբ: Մուտքն ու աստիճանները նույնպես ավելի լայն ու հարմար են: Արտաքինից մի քանի բնակարան աչքի են ընկնում կամարակապ բարձր լուսամուտներով:

Քաղաքը, իհարկե, քաղաք է իր շինարարական նորույթներով, ճարտարապետական միջավայրով, սակայն քաղաքի պատմությունը ձեւավորում են ոչ միայն կառույցները, պողոտաները կամ արձանները, այլեւՙ մարդիկՙ իրենց ճակատագրերով, երեւելի անհատներնՙ իրենց ապրած կյանքով, գործերով:

Հին երեւանաբնակները մեր քաղաքը 60-70-ականներին բնորոշելու համար արտաքին տեսքը, միջավայրը, ճիշտ էՙ նկարագրում են, բայց քաղաքի մթնոլորտն են կարեւորում, հիշելով ժամանակի մեծերին` Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետիք Իսահակյանին, Երվանդ Քոչարին, Սերգեյ Փարաջանովին, Լեւոն Ներսիսյանին, Կոստան Զարյանին, որոնց ներկայությունը ձեւավորում էր քաղաքի մտավորական նկարագիրը, յուրահատուկ մթնոլորտը: Հիմա նրանց փոխարեն իրենց անուններով փողոցներ, մշակույթի վայրեր, թանգարաններ կամ արձաններն են քաղաքում «շրջում»: Քաղաքային պատմության մաս են կազմում ազգային կյանքին, մշակույթին, գիտությանը ծառայություն մատուցած գործիչների հարթաքանդակները, իրենց ապրած շենքերի պատերի հուշատախտակները:

Թամանյան 1ա շենքիՙ փողոցին հարող ճակատային պատին տեղադրված է նշանավոր ջութակահարուհի, երաժշտագետ, մանկավարժ Անահիտ Ցիցիկյանի հուշատախտակ-հարթաքանդակը: Այս շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում 40 տարի ապրել եւ ստեղծագործել է ջութակահարուհին, այստեղ են գրվել նրա եզակի ուսումնասիրությունը հայ աղեղնային երաժշտարվեստի մասին «Հայկական աղեղնային արվեստի պատմությունից» գիրքը, բազմաթիվ երաժշտագիտական հոդվածներ: Այս բնակարանը եղել է ժամանակի նշանավոր կոմպոզիտորների, արվեստագետների հանդիպավայր, որտեղ ծնվել են նոր գաղափարներ, ստեղծագործական նոր մտահղացումներ: Այս շենքում է ապրել նաեւ վաստակաշատ մանկավարժ Կարպ Դոմբաեւը եւ իր կինըՙ դաշնակահարուհի Քեթի Մալխասյանը, որոնք երաժիշտների մի քանի սերունդ են կրթել:

Հարեւանները հուշեր, պատմություններ ունեն, ինչպես եւ ենթադրելի էՙ հիմնականում երաժիշտների հետ կապված: Պատմում են, որ Կարպ Դոմբաեւի վերին հարկի բնակիչը մի օր չի դիմացել երաժշտական տեւական պարապմունքներին ու սկսել է մուրճի հարվածներ «տեղալ» վերեւիցՙ ասելով, թե ինքն էլ կոշկակար է եւ իր գործն է անում...

Իսկ Անահիտ Ցիցիկյանը համերգից առաջ հարեւաններին հրավիրատոմս բաժանելիս ասում էրՙ գիտեմ, որ ռեպերտուարին ծանոթ եք, սակայն ուրախ կլինեմ ձեր ներկայությամբ:

Հնաբնակները հիշում են նաեւ իրենց շենքին կից 5 հարկանիի նշանավոր բնակիչներին. այստեղ ապրել են հռչակավոր օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը, Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, Կառլեն Դալլաքյանը, բժիշկ, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը:

Այս շենքի բնակիչների մեծ մասն արդեն կես դար ապրում է այստեղ: Նրանք ստեղծել են համակեցության բավարար պայմաններ եւ գոհ են տարիների հաշտ ու խաղաղ դրացիական հարաբերություններիցՙ զերծ անախորժություններից, տհաճ միջադեպերից (հայկական միջավայրում հազվադեպ հանդիպող երեւույթ): Մեր այսօրվա անտարբերության պայմաններում զարմանալի է նրանց այսպիսի ուշադրությունն իրենց ապրած վայրին, շենքին: Սա գնահատենք որպես երկրի հանդեպ քաղաքացիական վերաբերմունքի դրսեւորում:

Վերջին շրջանում «Գաֆեսճյան» հիմնադրամը տարածքի բնակիչներին հաճելի բազմաթիվ անակնկալներ մատուցեցՙ թանգարանային միջավայր ստեղծելու ծրագրով, հաճելիորեն կանաչապատված, ծաղկապատված, շատրվաններով ձեւավորված միջավայրով:

Բնակիչները հիշում են նաեւ այս տարածքը մշտատեւ շինարարությամբՙ Թամանյանի արձանի տեղադրումից մինչ այսօր «Գաֆեսճյան» հիմնադրամիՙ Կասկադի շուրջը ծավալած կառուցապատման եռուզեռով, ընդհուպ ջրհորի համար քարհատ մեքենայի անդադար դղրդյունները: Սակայն այժմ նրանք վայելում են քաղաքի ամենաբարեկարգ, էսթետիկորեն հաճելի ու գեղեցիկ հանգստավայրի հարեւանությունը:

Թամանյան փողոցի թիվ 1ա շենքի առաջին մուտքի դռան «մակագրությունները» ամենից հետաքրքրականն ու աշխույժն ինձ թվացին. «Այս շենքի մուտքում ժավել, մեղր, ձուկ, ավել... չառաջարկել», «Չծխել», «Դուռը ծածկել խնամքով» եւ այլ օգտակար խորհուրդներ:

Լավ է մտածված, չէ՞:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Երեւանի առաջին բարձրահարկերը Կասկադում:

Նկար 2. Նույն շենքի բնակիչ Անահիտ Ցիցիկյանը Կասկադի ֆոնին, 1950-ական թթ.:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4