Իսպանացի հայտնի մտավորական Գոնսալո Գուարչը` հայտնի իր «Հայկական տոհմածառը» վեպով, ապրիլի 15-18-ը կհյուրընկալվի Մոսկվայում, որտեղ տեղի կունենա նշյալ գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը, մասնակցությամբ իսպանահայ լրագրող եւ թարգմանիչ Արթուր Ղուկասյանի, որն էլ եվրոպական «Օրեր» ամսագրի վերջին համարում (5-6/2008) պատմում է Գուարչի նոր վեպի` «Հայկական կտակի» մասին:
«Նկարագրվող դեպքերի հիմքը ցեղասպանության վավերագրական փաստերն են, որոնք ընդգրկում են 1885-1924 թթ. հայության գոյապայքարը: Գիրքն իր ամբողջության մեջ կարելի է անվանել գեղարվեստավավերագրական հիանալի մի հատոր, որտեղ նկարագրված է գրեթե այն ամենը, ինչ այդ ժամանակաշրջանում պատահել է Թուրքիայում: Վեպում նկարագրվող ողբերգական իրադարձությունների գլխավոր հերոսը Անրի դե Լատուրն է` հանգամանքների բերումով Կ.Պոլսում հայտնված ֆրանսիացի լրագրողը, որը հետագայում աշխատում է իբրեւ ֆրանսիական դեսպանատան ներկայացուցիչ: Վեպում, ի թիվս այլոց, հանդիպում ենք նաեւ դեսպան Մորգենթաուին: Այդ գիրքը լուրջ աշխատություն է, որի էջերում նկարագրված դժոխքը նույնիսկ Դանթեն չէր կարող պատկերացնել: Որպես հեղինակ Գուարչը քաջատեղյակ է հայկական հարցին եւ հայ ժողովրդի պատմությանը», ասում է Արթուր Ղուկասյանը:
Մեկ այլ գրողի` գերմանաբնակ Ագապի Մկրտչյանի հետ զրուցում է «Օրերի» գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ագապին ծնվել է Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում, ավարտել է Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, որից հետո հնարավորություն է ստացել կրթությունը շարունակելու Գերմանիայի Շիլլերի անվան համալսարանում: Հարցազրույցի թեման ոչ միայն գրականությունն է, այլեւ օտարության մեջ հայտնված հայ մտավորականի ճակատագիրը: Խորհրդային տարիներին արտագաղթած Ագապին ապրում է Վիսբադեն քաղաքում, աշխատում է որպես գերմաներենի ուսուցչուհի: «Զգացմունքներս շատ արեւելյան են, բայց լեզուս գերմաներեն է: Մտքերս չեմ կարողանում հայերեն ճիշտ արտահայտել: Վերջերս մի պատմվածք գրեցի, որը կապված է բազմալեզվյան առանձնահատկությունների հետ: Ես ստեղծագործում եմ գերմաներենով, մտքերս ավելի լավ կազմակերպում եմ գերմաներենով: Ամուսինս գերմանացի է, բայց երկրին ինտեգրվելն ինձ համար հոգեպես հնարավոր չէ: Աղջիկս այստեղ է ծնվել, իհարկե, հայերեն խոսում է, սակայն մեծանում է գերմանական շրջապատում եւ այդ ազդեցության կրողն է», ասում է Ագապին:
Ամսագրի «Ճամփորդական նոթեր» խորագրի ներքո Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանի Արեւմտյան Հայաստան կատարած այցի մասին է գրված: «Մենք հրաժեշտ ենք տալիս Վան քաղաքին եւ Վանա լճին: Տեսնես մեզ նման քանի-քանիսն են սրտի ցավով լքել նրան, թողել օտարության մեջ, բայց նա համբերությամբ դիմացել է ու սպասել միշտ մնալով հայկական»:
Հակոբ Ասատրյանն այս համարում զրուցում է նաեւ Չեխիայի Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ, որի որոշմամբ Պրահայում անցկացվել է երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված երեկո: «Քսան տարին բավականին երկար ժամանակ է, բայց հայաստանյան ողբերգության 25 հազար զոհերի ցավն անհնար է մոռանալ», ասում է Սոբոտկան: Երեկոյի ժամանակ ցուցադրվել է չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի «Երկիր Արարատի ներքո» ֆիլմը` նկարահանված երկրաշարժից անմիջապես հետո: Համերգային բաժնում Մոնրեալի դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին եւ երկու հատուկ մրցանակների դափնեկիր, վանաձորցի Նարե Արղամանյանի նվագակցությամբ ճապոնուհի Յուկիկո Շրեյմովան կատարել է կոմիտասյան երգեր:
Չեխիա-Հայաստան մարդասիրական ծրագրերի վերաբերյալ կարդում ենք, որ չեխական «Արխան» եւ «Կարիտաս» կազմակերպություններն օգնում են Գյումրու ծերերին: Դեկտեմբերին Պրահայի քաղաքային գրադարանի մասնաճյուղերից մեկում բացվել է Գյումրու անապահով ծերերին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որը, բացի նշյալ թեմայից, ընդհանուր տեղեկություններ է տվել Հայաստանի պատմության ու մշակույթի մասին:
Պրահայաբնակ նկարիչ Հրայր Ղարիբյանի արվեստանոցում ամսագրի գլխավոր խմբագիրը հանդիպել է գյումրեցի նկարիչ Վազգեն Պահլավունի - Թադեւոսյանին ու զրուցել է Գյումրու միջազգային բիենալեի նախապատմությունից: «Ժամանակակից հայ արվեստին ի՞նչ բնութագրում կտայիք» հարցին ֆրանսաբնակ նկարիչը պատասխանել է. «Մեր մշակույթի շերտը, որտեղից հարուստ հունձ պետք է ունենայինք, աղետալի չափով նվազել է ու ծածկված է մոլախոտով: Չնայած պարբերական ծլարձակումներին, էռոզիայի վտանգը մեծ է: Այս մասին պետք է անպայման հիշել Հայաստանի մշակույթի մասին խոսելիս»:
Ամսագրի այս համարից տեղեկանում ենք, որ Չեխիայի մայրաքաղաքում ավանդաբար անցկացվող «Պրահայի աշուն» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնում փառահեղ ելույթ է ունեցել հանրաճանաչ նվագավար Ջորջ Փեհլիվանյանը` ղեկավարելով Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նա ծնվել է Բեյրութում, ուսանել ԱՄՆ-ում, նվագավարել աշխարհի հայտնի նվագախմբերի հետ, այժմ աշխատում է Սլովենիայում` ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր նվագավարն է: «Հայաստանի ֆիլհարմոնիկը 7-8 տարի առաջ եմ ղեկավարել, բայց վերջին տարիներին այնտեղ չեմ եղել: Ոչ լուր ունեմ, ոչ էլ կապ, չգիտեմ, թե ինչ է կատարվում: Հուսամՙ ամեն ինչ լավ է»: Իր ղեկավարած նվագախմբերից ամենամեծ տպավորությունը թողել է Իսրայելի ֆիլհարմոնիկը: «Իրենց հետ շատ գործեր եմ արել, մոտ հարյուրից ավելի համերգներ եմ տվել հրեաների հետ»: Իսկ հայ դիրիժորներից, նրա գնահատմամբ, ամենահայտնին Օհան Դուրյանն է. «Մեծ արտիստ է, ֆանտաստիկ»:
Ամսագիրն ընթերցելիս ծանոթանում ենք բազում դեմքերի, որոնցից մեկը լուսե մի աղջնակ է` 14-ամյա Վարինե Մկրտչյանը, արժանացած «Պրահայի երգիչ» միջազգային մրցույթի առաջին մրցանակին: Վարինեն ծնվել է Մոսկվայում, 2001-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Պրահա: Նա նաեւ նկարում է, 2005-ին առաջին մրցանակի է արժանացել նկարչական մրցույթում:
Վերջին էջերի «Լուրեր» բաժնում կարդում ենք, որ «Ֆոտոարտ» ամսագրի գխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանը հրատարակել է «Հինավուրց երկիր Արցախ» պատկերագիրքը:
«Օրերի» այս համարը նախորդների պես ջերմ ու մտերմիկ կապ է ստեղծում ընթերցողի հետ, պարգեւում է զվարթ ու տրտում պահեր ու նաեւ ցավ` լուսավոր ու շնորհաշատ մարդկանց հայրենիքից հեռու տեսնելու:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ