Սամվել Դարբինյանը հանրապետության բանիմաց ու փորձառու ֆուտբոլային մասնագետներից է, որը բեղմնավոր մարզչական գործունեություն է ծավալել թե՛ մանկապատանեկան ֆուտբոլում, թե՛ վարպետ թիմերում, գլխավորել է ՀՀ ազգային հավաքականը: 1997-ին «Երեւանը», 2001-ին «Փյունիկը» նրա գլխավորությամբ չեմպիոն են հռչակվել: Վերջին տարիներին Դարբինյանն աշխատում էր Իրանում, որտեղից վերադառնալով, ներկայումս «Միկայի» մարզադպրոցի տնօրենն է:
- Պարոն Դարբինյան, կխնդրեի անդրադառնալ Իրանում ձեր մարզչական գործունեությանը եւ ներկայիս աշխատանքին:
- 2006-ից աշխատում էի Իրանումՙ մարզելով Թեհրանի «Պեյկանը»: Բեղմնավոր աշխատանք կատարվեց, ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվ ձեւավորվեց, ինչի արդյունքում թիմը հաջող մրցելույթներ ունեցավ, արագ ու գրագետ ֆուտբոլ էր ցուցադրում: Պայմանագրի ավարտից հետո վերադառնալով հայրենիք, հրավեր ստացա «Միկա» ակումբից գլխավորելու մարզադպրոցը: Կարծես վերադարձա անցյալ, երբ աշխատում էի պատանիների հետ: Իմ սաներից շատերն այսօր իրենք են մարզչական գործունեությամբ զբաղվում: «Միկայի» մարզադպրոցում իրոք լավ պայմաններ են ստեղծված: Գործում են 8-16 տարեկան պատանիներով համալրված տարիքային տարբեր խմբեր, որոնց հետ 5 մարզիչներ են աշխատում: Փորձում եմ նրանց օգնել իմ խորհուրդներով: Տեսնում եմ, թե երեխաներն ինչպիսի ոգեւորությամբ են պարապմունքներին հաճախում: Համբերատար, գրագետ աշխատանք է պահանջվում մարզիչներից: Իմ կարծիքով, մարզադպրոցներում որակյալ աշխատանք է կատարվում, որի պտուղները մոտ ապագայում ի հայտ կգան: Այսօր միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադպրոցներ ունեն նաեւ «Փյունիկն» ու «Բանանցը», մյուս ակումբներն էլ ձգտում են նմանվել նրանց:
- Իրոք, այսօր մարզադպրոցներում պայմանները բարվոք են, սակայն որակյալ ֆուտբոլիստների պակաս է զգացվում, որի պատճառով էլ թիմերում մեծ թիվ են կազմում լեգեոնականները:
- ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկավ մի շրջան, երբ խորհրդային ֆուտբոլի դպրոցն անցած ֆուտբոլիստներն աստիճանաբար հրաժեշտ տվեցին ֆուտբոլին ու բարձրակարգ խաղացողների թիվը զգալի նվազեց: Այսօր էլ այդ հիմնախնդիրը դեռեւս առկա է: Այդ բացը լրացնելուն է միտված լեգեոնականների հրավիրումը, մինչեւ որ սեփական մարզադպրոցների սաներն աճեն ու համալրեն ակումբների կազմերը:
- Ի դեպ, դուք որպես «Երեւանի» գլխավոր մարզիչ, 1997-ին առաջինը բախտ ունեցաք աշխատել Հայաստան ժամանած լեգեոնականների հետ: Դժվար չէ՞ր նրանց հետ աշխատելը:
- Մեր աշխատանքը նրանց հետ հաջող ընթացավ, թեեւ չորսն էլ իրենց ելույթները Հայաստանում շատ ծանր սկսեցին: Ժամանակ էր պետք, որ մերվեին կոլեկտիվին, խաղադաշտում մեր տղաների հետ ընդհանուր լեզու գտնեին: Բոլորն էլ որակյալ ֆուտբոլիստներ էին: Պասկալ Ռուսոն փորձառու դարպասապահ էր, հմտորեն էր ղեկավարում պաշտպանական գծի խաղը, առանձնանում էր իր պրոֆեսիոնալիզմով: Գոգուան ու Դեդեն էլ ամրապնդվեցին թիմում եւ լավ էին գործում: Իսկ Մալալն աննկատելիորեն դարձավ թիմի առաջատարներից մեկը, միջազգային մակարդակի խաղ ցուցադրեց: Պատահական չէ, որ հետագայում մեկնելով Շվեյցարիա, նա բարձրակարգ ֆուտբոլիստի համբավ ձեռք բերեց: Լեգեոնականնեը մեր տղաների հետ նպաստեցին թիմի հաջող մրցելույթներին:
- Անշուշտ, հաճելի հուշեր են կապված մրցաշրջան-97-ի հետ, որում «Երեւանը» ձեր գլխավորությամբ չեմպիոն հռչակվեց:
- Այսօր էլ մեծ հաճույքով եմ հիշում 12 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Ինձ վիճակված էր ֆուտբոլային նոր կոլեկտիվ ձեւավորել, որն աստիճանաբար բացահայտելով խաղային ունակությունները, գրագետ ու դիտարժան ֆուտբոլ ցուցադրելով, հասավ չեմպիոնական բարձունքի: Ընդ որում, «Երեւանը» 2-րդ շրջանի բոլոր 9 հանդիպումներում էլ հաղթեց մրցակիցներինՙ ապացուցելով, որ իրոք ուժեղ է եւ արժանի չեմպիոնի տիտղոսին: Սակայն, ցավոք, «Երեւանն» էլ մի շարք թիմերի նման ֆինանսական դժվարությունների պատճառով հետագայում կազմալուծվեց: Ափսոսում եմ, որ լավ սկսած գործը չհաջողվեց ավարտին հասցնել:
- Չորս տարի անց հաջողությունը կրկնեցիք «Փյունիկի» հետ:
- «Փյունիկն» էլ նոր էր վերակազմավորվել եւ հենց առաջին տարում չեմպիոն դարձավ: Շատ լավ թիմ ստեղծվեց, որում հանդես էին գալիս փորձառու, խելամիտ ֆուտբոլիստներ: Փյունիկցիները դիտարժան, սրընթաց գրոհների վրա հիմնված կոմբինացիոն խաղ էին ցուցադրում: Ցավոք, «Փյունիկում» էլ չհաջողվեց երկար աշխատել ու գործն ավարտին հասցնել:
- Ըստ ձեզ, ո՞րն է դրա պատճառը: Կարծիք կա, որ պատճառը ձեր մեղմ բնավորությունն է, ֆուտբոլիստների հետ ընկերական հարաբերությունները:
- Չգիտեմ, գուցե դա ճակատագիր է: Այդ հարցին թերթերից մեկին տված հարցազրույցում հետեւյալ կերպ էր պատասխանել ակումբի նախագահը. «Որովհետեւ Սամվել Դարբինյանը շատ կրթված ու դաստիարակված անձնավորություն է, խելոք մասնագետ, ուստի չի կարող թիմում աշխատել»:
Ֆուտբոլիստներին վերաբերվում եմ որպես ավագ ընկեր, սիրում եմ սաներիս, աշխատում եմ գիտելիքներովս օգնել նրանց հաղթահարել դժվարությունները, մարդամոտ եմ: Ափսոսում եմ, որ տարիներն անցնում են: Կարող էի շատ բան անել, սակայն, ցավոք, ինձ հնարավորություն չէին տալիս ավարտել սկսածս գործը:
- Մարզչական աշխատանքը ձեզ չի՞ ձգում:
- Եթե առաջարկ լինի, կրկին սիրով կաշխատեմ: Արտերկրում աշխատելն էլ հարստացրել է գիտելիքներս:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ