«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ԱՐՈՆՅԱՆԻՆ ԴԺՎԱՐԻՆ ՄՐՑԱԽԱՂԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Մեկօրյա հանգստից հետո Լինարեսի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 12-րդ տուրում Արոնյանի մրցակիցը չին շախմատիստ Վան Յուեն էր: Սպիտակներով խաղացող հայ շախմատիստը որոշ առավելություն ուներ, սակայն Վան Յուեն հմտորեն էր պաշտպանվում: Երեքժամյա պայքարից հետո մրցակիցները 31-րդ քայլում հաշտություն կնքեցին: Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Անանդ-Իվանչուկ, Ռաջաբով-Դոմինգես պարտիաները: Միակ արդյունավետ ելքը գրանցվեց Գրիշչուկի եւ Կառլսենի մրցավեճում:

Նորվեգացի պատանի գրոսմայստերին հաջողվեց առաջինը պարտության մատնել Գրիշչուկին: Ճիշտ է, այդ անհաջողությունը չսասանեց ռուսաստանցի շախմատիստի առաջատարի դիրքը: Գրիշչուկը 7 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Սակայն նա արդեն զգում է իրեն հետապնդողների շնչառությունը, քանի որ Կառլսենն ու Իվանչուկը Գրիշչուկից հետ են մնում կեսական միավորով: Արոնյանի եւ Անանդի հաշվին գրանցվել է 6-ական միավոր, որոնց կես միավորով են զիջում Ռաջաբովն ու Վան Յուեն: Աղյուսակը 5 միավորով եզրափակում է Դոմինգեսը:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Արոնյանը 13-րդ տուրում սեւերով խաղալու է Վասիլի Իվանչուկի հետ, իսկ ավարտական պարտիան սպիտակներով անցկացնելու է Գրիշչուկի հետ: Ինչպես տեսնում ենք, Արոնյանին բավական ծանր մրցախաղեր են սպասում վերջնագծում, որոնք վճռորոշ են լինելու մրցանակային տեղերի համար մղվող պայքարում: Եթե Արոնյանին հաջողվի հաղթել այդ մրցախաղերում, ապա կարող է հավակնել գլխավոր մրցանակին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4