«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ԱՊՐԻԼԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԹՈՒՐՔԻԱ ԿԱՅՑԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ

Այդ մասին Անկարայում հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը

Փետրվարի 25-26-ը Թուրքիա էր այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մերձավոր Արեւելքի գծով հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը: Մարտի 6-7-ին դրան հետեւեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը: Նրան Անկարայում ընդունել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը, ապա նա հանդիպել է թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ: Հանդիպումն ավելի քան 1 ժամ 20 րոպե է տեւել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Թուրքիա-Իսրայել լարվածությանը, Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը Թուրքիայի նպաստին, Սիրիային, Իրանին, Աֆղանստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահի ապրիլի 24-ի ուղերձին եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն առնչվող խնդիրներ: Քանի որ մամուլի ասուլիսում պետքարտուղարը հրապարակել է նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցելելու ծրագիրը, կողմերը պետք է քննարկած լինեն նաեւ այցի մանրամասները:

Հանդիպման ավարտին NTV-ին տված հարցազրույցում Բաբաջանն անդրադարձել է ապրիլի 24-ի ուղերձում նախագահ Օբամայի «ցեղասպանություն» բառն արտասանելու հավանականությանն ու ասել. «Դա ցույց կտա ժամանակը, սակայն այս բառի օգտագործման ռիսկն, իմ կարծիքով, դեռեւս պահպանվում է»: Այնուհետեւ նա ասել է, որ պետքարտուղար Քլինթոնի այցից առաջ իր հետ հեռախոսակապ է հաստատել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջիմ Ջոնսը, տեղեկացրել է նախագահ Օբամայի առաջիկա մեկ ամսվա ընթացքում Թուրքիա այցելելու ծրագրի մասին եւ անվտանգության նկատառումով ամսաթիվ չի նշել:

Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահը Թուրքիա կայցելի ապրիլի առաջին կեսին Եվրոպա նախատեսվող շրջայցից հետո, որտեղից էլ շրջագայությամբ կուղեւորվի տարածաշրջանի երկրներ: Օբամայի առաջիկա այցը, ինչ խոսք, ոգեւորել է թուրքական քաղաքական շրջանակներին, որոնք դա գնահատում են Թուրքիայի ռազմական նշանակությունը գիտակցելու դրսեւորում Վաշինգտոնում, ինչպես նաեւ ապրիլի 24-ի հետ կապված նախագահ Օբամային «ցեղասպանության» բառի առնչությամբ անձամբ զգուշացնելու հնարավորություն:

Թուրքական շրջանակներին ոգեւորում էր նաեւ Օբամայի իսլամական աշխարհին հենց Թուրքիայից դիմելու հավանականությունը: Սակայն «Վաշինգտոն փոստը» մարտի 9-ի համարում գրել է, որ ԱՄՆ նախագահի Թուրքիա նախատեսվող այցը որեւէ առնչություն չունի ուղերձով իսլամական աշխարհին դիմելու հետ: Ինչպես հայտնի է, Բարաք Օբաման պաշտոնակալությունից հետո առաջին հարցազրույցը տվել էր «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը, ապա հայտարարել էր, որ ուղերձով իսլամական աշխարհին է դիմելու մահմեդական որեւէ երկրի մայրաքաղաքից: Համենայն դեպս, նախագահ Օբամայի Թուրքիա այցելելու ծրագրի հրապարակումը պետքարտուղար Քլինթոնի Անկարայում վարած հանդիպումների գլխավոր արդյունքն է:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4