Հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ոլորտում հետագա զարգացումների մասին երեկ Տնտեսական լրագրողների ակումբում խոսեցին հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Բորիկ Մկրտչյանը եւ «Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը :
Բորիկ Մկրտչյանը հայտնեց, որ միության մեջ ընդգրկված են ոլորտի 12 ընկերություններ, թեեւ գործունեության լիցենզիաներ ունեն 400-ը: Անդրադառնալով ազգային արժույթիՙ դրամի փոխարժեքի նվազմանը դոլարի համեմատ, նա այն կարծիքը հայտնեց, որ ոլորտի ձեռնարկությունները, որոնք դադարել էին գործել, կփորձեն վերագործարկվել: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս տարվա հունվարին պղնձի եւ մոլիբդենի արտահանման ծավալներն ավելացել են, պարզապես գներն են կտրուկ իջել:
Փոխարժեքի շուկայի վերջին փոփոխություններին անդրադարձավ նաեւ Գագիկ Արզումանյանը: Նա նշեց, որ ազգային արժույթի թուլացումը ձեռնտու է արտահանում իրականացնող ամեն մի ընկերության: Իսկ մեր այն հարցին, թե կսկսե՞ն աշխատել Ալավերդու կոմբինատը եւ մյուս ձեռնարկությունները, Գագիկ Արզումանյանը պատասխանեց, որ Ալավերդու հանքի շահագործումըՙ գների եւ փոխարժեքի անգամ ամենալավ հարաբերակցության ժամանակ, շահավետ չէ, որովհետեւ շատ խորն է եւ հանքի երակը նեղ: Պղնձամոլիբդենային մյուս ձեռնարկությունների աշխատելու մասին նա այն կարծիքը հայտնեց, որ պետք է խոսեն դրանց ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործմանը, ապա այդ առնչությամբ ՎՏԲ բանկի հետ բանակցություններ են ընթանում վարկավորումն ավելացնելու ուղղությամբ: Հավանական համարվեց, որ 2 ամիս հետո այս ծրագրի ֆինանսավորումը կվերսկսվի:
Ա. Մ.