«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


«ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԻ» ԹԱՂՈՒՄԸ ԵՎ «ԱԶԱՏԱՏԵՆՉ» ՀԱՅ ԿԱՆԱՅՔ

Մարտի 7-ին «Կանանց ռեսուրսների կենտրոն» կոչվող կազմակերպությունը, UTOPIANA, WOW եւ մի շարք այլ կազմակերպությունների անունից կոչ է տարածել` մարտի 8-ին կազմակերպել «կարմիր խնձորի» հուղարկավորության արարողություն: Որ Արեւմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ները պարբերաբար հարձակում են կազմակերպում խեղճ ու կրակ «կարմիր խնձորի» վրա, կարելի է ասել, մեր օրերում քաղաքակիրթ երեւալու նորմ է դարձել: Բայց վերը նշված կազմակերպությունն այս հարցում էլ ավելի «առաջադեմ» է եւ բացատրում է այս գործողության այժմեականության կարեւորությունը. «Այսօր նոր հնարավորություններ են ստեղծվում հարեւան Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, եվրոպական պետությունների ընտանիքում ինտեգրվելու եւ նոր հայի տեսակն ամրագրելու համար»: Այսինքն` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը եւ Եվրոպային ինտեգրվելուն մինչ օրս խանգարում էր «կարմիր խնձորը» եւ երբ այդ «հրեշը» հայտնաբերվել է, ապա հայ «առաջադեմ» կանայք կոչ են անում դա զոհաբերել հանուն հարեւանների հետ լավ հարաբերությունների: Ի դեպ, գաղտնիք չէ, որ մի շարք հայ կանայք իրենց «կարմիր խնձորն» են զոհաբերում Ստամբուլում եւ հավանաբար դա է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների վերջին շրջանում նկատվող լավացմանը: Հայ «առաջադեմ» կանայք, սակայն, այսքանով չեն բավարարվում եւ հայտարարում են, որ «մարտի 8-ը սկսվել է հեղափոխական կնոջ կոչով, եւ այսօր, երբ եկեղեցին նշում է Մեծ պահքի «Անառակի կիրակին», մենք փառաբանում ենք կնոջ սեռական ընտրության ազատությունը: Մեր երթը խորհրդանշում է հայ կնոջ կերպարի շուրջը ձեւավորված այնպիսի հնահոտ կլիշեների հուղարկավորությունը, ինչպիսիք են կեղծ պարկեշտությունն ու հավատարմությունը»:

Եթե հավատանք մեր «առաջադեմներին», ապա փողոցում պոռնկությամբ զբաղվող կանայք ամենաառաջադեմն են եւ ազատը, հավանաբար «կարմիր խնձորի» դաժան ավանդույթն է պատճառը, որ «խեղճերը» Երեւանի փոխարեն նախընտրում են Դուբայն ու Ստամբուլը:

Հայրենի «առաջադեմները» նաեւ նշել են, թե ով է մեղավոր այս ամենում. «Եկեղեցին, որ պետք է կատարեր մշակութային եւ կրթական առաքելություն, ավանդաբար քաղաքական դերակատար է եղել` սրելով հարաբերությունները մեր այլադավ հարեւանների հետ»: Պարզվում է` եկեղեցու եւ իբր նրա հորինած «կարմիր խնձորի» պատճառով մենք վատ հարաբերությունների մեջ ենք մեր «այլադավան» հարեւանների հետ, եւ նրանց հետ հարաբերությունների լավացման համար ի՞նչ է պետք անել, կարծում եմ` արդեն գլխի եք ընկնում: «Թաղելով կարմիր խնձորը` մենք մեր «ՈՉ»-ն ենք ասում կրոնամոլությանը եւ բարբարոսական բարոյականությանը»: Կարելի է, իհարկե, հարցնել, եթե բարոյականությունը «բարբարոսական է», ապա ինչպե՞ս կոչել անբարոյականությունը, սակայն սա այս դեպքում կարեւոր չէ: «Միացեք մեր պայքարը խորհրդանշող ծիածանին...», կոչ են անում «բարբարոս բարոյականության» դեմ պայքարողները: Ի դեպ, ծիածանը միասեռականների խորհրդանիշն է, ու թե վերջիններս ինչու են անհանգստացած «կարմիր խնձորի» խնդրից, նույնպես անհասկանալի է: «Այսօր մենք ազատության մարտիկներ ենք, քաղբանտարկյալների կանայք եւ մեր երկրի ժողովրդավարացման սյուները», այս պահը, ինչպես ասում են, ամենահետաքրքրականն է, թե ինչ կապ ունեն քաղբանտարկյալների կանայք «կարմիր խնձորի» դեմ դաժան պայքար մղող «առաջադեմների» հետ, անհասկանալի է, հավանաբար վերջիններս պատրաստվում են զոհել իրենց «կարմիր խնձորները» հանուն ներքաղաքական ներդաշնակության: Ինչպես ասում են` շնորհակալ գործ է:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4