«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Մեկնարկել են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները: Տղամարդիկ առաջնության պարգեւներն են վիճարկում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում, իսկ կանայք մրցավեճի են բռնվել Սանկտ Պետերբուրգում: Երկու մրցաշարերն էլ անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Բուդվայում մրցավեճի են բռնվել 305 շախմատիստներ, Սանկտ Պետերբուրգում առաջնության պարգեւներն են վիճարկում 174 շախմատիստուհիներ:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստներից 6-ը 3 տուրից հետո վաստակել են 2-ական միավոր: Մրցաշարում վարկանիշով 2-րդը համարվող Վլադիմիր Հակոբյանը 2 անընդմեջ հաղթանակներով մեկնարկեցՙ պարտության մատնելով Զորան Արսովիչին ու Իվան Սարիչին: Սակայն 3-րդ տուրում Հակոբյանը պարտվեց Խրիստոս Բանիկասին: Տիգրան Քոթանջյանը եւս երկու հաղթանակ տարավ Մարիուս Տասոպուլոսի եւ Մուստաֆա Յիլմազի նկատմամբ, սակայն պարտվեց Յոսիպ Ռուկավինային: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Արտաշես Մինասյանը: Նա մրցաշարը սկսեց Ռայկարդ Մեդանչիչի նկատմամբ տոնած հաղթանակով, ապա պարտվեց Եվգենի Տոմաշեւսկուն, իսկ հաջորդ տուրում առավելության հասավ Կիպրիան Բերբատովի նկատմամբ:

Առայժմ առանց պարտության են ընթանում Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրեասյանը, որոնք տոնել են մեկական հաղթանակ, 2-ական պարտիա ավարտել են ոչ-ոքի: Մեկ միավոր ունի Արթուր Չիբուխչյանը, որը 2-րդ տուրում հաղթեց Ռայկարդ Մեդանչիչին, իսկ մյուս երկու պարտիաներում պարտություն կրեց:

3 տուրից հետո 9 շախմատիստներՙ Լյուկ վան Վելին, Էռնեստո Ինարկիեւը, Գեորգ Մայերը, Խրիստոս Բանիկասը, Զդենկո Կոժուլը, Տիգեր Հիլարպ-Պերսոնը, Սերգեյ Ֆեդորչուկը, Մերաբ Գագունաշվիլին ու Կոստիցա Նանուն 100 տոկոսանոց արդյունք ունեն:

Կանանց մրցաշարը նոր է սկսել, կայացել են մեկնարկային տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստուհիներ, որոնցից երեքըՙ Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակով են սկսել մրցաշարը: Մկրտչյանը սեւերով հաղթեց Սանդուգաչ Շայդուլինային, Աղինյանը կրկին սեւերով առավելության հասավ Անտոնինա Ժուկովայի նկատմամբ: Գալոյանը սպիտակներով պարտության մատնեց Լիդիա Մալինիչեւային: Սիրանուշ Անդրեասյանն ու Աննա Հայրապետյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Աննա Մուզիչուկի եւ Իզաբելա Պեպտանի հետ: Նշենք, որ Աննա Մուզիչուկն իր վարկանիշով (2540) մրցաշարի մասնակիցների ցանկում զբաղեցնում է առաջին տեղը: Ընդհանուր առմամբ մեկնարկային տուրում հաղթանակ տոնեցին 67 շախմատիստուհիներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4