«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ՈՉ-ՈՔԻ «ԼՅՈՒՆԳԲՅՈՒԻ» ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Միկայի» ֆուտբոլիստներն Իսպանիայում ստուգողական հերթական խաղում ուժերը չափեցին դանիական «Լյունգբյու» թիմի հետ: Հանդիպումը հաջող սկսվեց «Միկայի» համար: 5-րդ րոպեին Բոտի Դեմելը հիանալի փոխանցում ստանալով Հրաչյա Միքայելյանից, մեն մենակ հայտնվեց դարպասի դիմաց ու բացեց հաշիվը: 9-րդ րոպեին Բոտի Դեմելը կրկին մեն մենակ էր դուրս գալիս դարպասապահի դիմաց, սակայն պաշտպանը նրան վայր գցեց: Առաջին խաղակեսում «Միկան» զգալի առավելություն ուներ: 19-րդ րոպեին կարող էր հաշիվը կրկնապատկել Գեւորգ Պողոսյանը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից գլխի հարվածը շեղ ստացվեց:

10 րոպե անց արդեն Նարեկ Բեգլարյանը լավ հնարավորություն ունեցավ կրկնապատկելու հաշիվը, սակայն դարպասապահը հաջող խաղաց: Ընդմիջումից հետո դանիացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 48-րդ րոպեին աչքի ընկավ Կիմ Աադեջը: 69-րդ րոպեին Արա Հակոբյանը խաբս տալով երկու պաշտպանների, փորձեց խոցել մրցակցի դարպասը, սակայն հաջող խաղաց դարպասապահ Պետերսոնը: Երկու րոպե անց արդեն «Միկայի» դարպասապահ Արթուր Հարությունյանին հարկ եղավ փրկելու դրությունըՙ որսալով Մարտին Քրիստիանսենի վտանգավոր հարվածը: 83-րդ րոպեին Արա Հակոբյանի հարվածից հետո հաջող խաղաց մրցակցի դարպասապահը:

Այսպիսով, խաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 1-1: Հաջորդ հանդիպումը «Միկան» կանցկացնի նորվեգական «Բրանի» հետ: Թիմը Երեւան կվերադառնա մարտի 13-ին: «Լյունգբյուի» հետ խաղում «Միկան» հանդես է եկել հետեւյալ կազմով. Արթուր Հարությունյան, Գեւորգ Պողոսյան, Հրաչյա Միքայելյան, Արմեն Պետրոսյան, Ստեփան Հակոբյան, Էդնեյ, Տյագո, Վիգեն Համբարձումյան, Իրակլի Ցանավա, Նարեկ Բեգլարյան, Բոտի Դեմել: Փոխարինման են դուրս եկել Արամ Ոսկանյանը, Արա Հակոբյանը, Աղվան Մկրտչյանը, Ալեքսը, Նիկիտա Ֆուրսինը, Պեդրո Լոպեսը, Մոնտենեգրոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4