Լինարեսում ավարտվեց ընթացիկ մրցաշրջանի երկրորդ գերմրցաշարը: Եթե հոլանդական Վեյք ան Զեեում Լեւոն Արոնյանը վստահ հանդես եկավ ու զբաղեցրեց 2-րդ տեղը, ապա Լինարեսում նա 14 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 5-7-րդ տեղերը բաժանեց Թեյմուր Ռաջաբովի եւ Վան Յուեյի հետ: Ավելի վատ հանդես եկավ միայն կուբացի Լենիեր Դոմինգեսը, որի հաշվին գրանցվեց 6 միավոր:
Մրցաշարի հաղթողի հարցը պետք է որոշեին ավարտական 2 տուրերի հանդիպումները: Աղյուսակը 7 միավորով գլխավորում էր Գրիշչուկը, որից կես միավորով հետ էին մնում Կառլսենն ու Իվանչուկը: Արոնյանը Անանդի հետ 6-ական միավոր ունեին: Արոնյանը դեռեւս պահպանում էր առաջին տեղը գրավելու հնարավորությունը: Ճիշտ է, դրա համար նա պետք է հաջող խաղար Իվանչուկի եւ Գրիշչուկի հետ ավարտական պարտիաներում: Սակայն 13-րդ տուրում Լեւոնը սեւերով պարտվեց Վասիլի Իվանչուկին եւ զրկվեց մրցանակակիր դառնալու հնարավորությունից: Իսկ ավարտական տուրում հայ շախմատիստը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նշենք, որ Իվանչուկի հաղթանակը միակն էր վերջին երկու տուրերի հանդիպումներում: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Կառլսենն ու Ռաջաբովը, Գրիշչուկն ու Անանդը, Վան Յուեն ու Դոմինգեսը, Ռաջաբովն ու Վան Յուեն, Դոմինգեսն ու Իվանչուկը, Անանդն ու Կառլսենը:
Այսպիսով, երկու շախմատիստՙ Գրիշչուկն ու Իվանչուկը վաստակեցին հավասարՙ 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: 7,5 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Մագնուս Կառլսենը, իսկ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 7 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ